«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2005-12-09 | #226, 2005-12-10 | #227, 2005-12-13


ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՀՆ. ՇՄԱՎՈՆՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ԲԱՑՈՒՄԸ ԿԱԼԿԱԹԱՅՈՒՄ

Կալկաթայի Սբ. Նազարեթ հայկական եկեղեցու բակում օր առաջ հանդիսավոր արարողությամբ բացվել է Հարություն ավագ քհն. Շմավոնյանի կիսանդրին: Հայկական առաջին պարբերականիՙ «Ազդարար» ամսագրի հիմնադրի կիսանդրին ստեղծվել է Կալկաթայի եկեղեցական խորհրդի օժանդակությամբ: Քանդակագործը դարձյալ Լեւոն Թոքմաջյանն է: Բացման արարողությունը ներառել է նաեւ հոգեհանգստի պատարագ: Կալկաթայի եկեղեցական խորհրդի անդամների, Մարդասիրական ճեմարանի սաների եւ հնդկահայերի հետ կիսանդրու բացման արարողությանը մասնակցել են պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը եւ Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Արարողությունից հետո նրանք այցելել են Մարդասիրական ճեմարան, ծանոթացել վարչական նոր փոփոխություններից հետո վերջին մեկ ամսում կատարված աշխատանքներին: Եկող տարի իր գոյության 185-ամյակն է նշելու Մարդասիրական ճեմարանը: Հենց այս փաստն էլ կարեւորելովՙ նախարարն ընդգծել է ուսուցման մակարդակը ժամանակակից պահանջներից հետ չթողնելու անհրաժեշտությունը: Եվ եթե նախարարը պատմական է համարել նվիրյալ հայի կիսանդրու բացումը Կալկաթայում, ապա ճեմարանի կառավարիչ Օշական վրդ. Գյուլգյուլյանի գնահատականով, պատմական էր ՀՀ ԿԳ նախարարի այցը ճեմարան, քանի որ այդ մակարդակի պաշտոնյայի առաջին այցն էր Մարդասիրական ճեմարանի 185-ամյա գոյության ընթացքում:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4