Տեղական արտադրողներին մնում է օգտվել օրենքի ընձեռած հնարավորություններից
4 տարի առաջ Հայաստանի խորհրդարանն ընդունեց տեղական արտադրողներին եւ ներքին շուկան պաշտպանելու կոչված օրենքՙ «Ներքին շուկայի պաշտպանության մասին»: Ինչպե՞ս է գործել անցած տարիներին այս օրենքը, դիմե՞լ են տեղական արտադրողները նրա օգնությանը իրենց շահերը պաշտպանելու նպատակով: Այս եւ ոլորտին առնչվող մյուս հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով առաջիկայում կներկայացնենք համապատասխան պետական կառույցների եւ գործարարների տեսակետները: Սակայն մինչ այդ անդրադառնանք այն հնարավորություններին, որ ընձեռում է այս օրենքը տեղական արտադրողներին, եթե նրանց գոյությունը վտանգվում է բացառապես ներմուծման ծավալների հարաճուն ավելացման դեպքում:
Օրենքով նախատեսված ներմուծումը սահմանափակող միջոցառումները կարող են կիրառվել, եթե ուսումնասիրությամբ պարզվի, որ ուսումնասիրվող ապրանքը վերջին երեք տարիներին Հայաստան է ներմուծվում այնպիսի աճող ծավալներով եւ պայմաններով, որոնք լուրջ վնաս են հասցրել կամ նման վնասի վտանգ են ստեղծել մեր տնտեսության որեւէ ճյուղի համար: Այդ միջոցառումներն են մաքսատուրքի գործող դրույքաչափի բարձրացումը, ապրանքի ներմուծման վրա սակագնային կամ քանակական սահմանափակման (քվոտայի) կիրառումը կամ այս երկուսը միասին:
Ինքնին հասկանալի է, որ նման միջոցառումների դիմելու համար պետք է լինեն լուրջ հիմնավորումներ: Եթե այս կամ այն ճյուղի ներկայացուցիչը դիմում է ներկայացնում կառավարության լիազորած մարմնին, որ իր ոլորտին ներմուծման պատճառով հասցվել է լուրջ վնաս, ապա լիազոր մարմինը պարտավոր է վեց ամսվա ընթացքում ուսումնասիրություններ անցկացնել այդ դիմումի կապակցությամբ: Այդ ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերի հետ անցկացված խորհրդակցությունների, ներկայացված բոլոր գրավոր փաստարկների քննարկումներից հետո լիազոր մարմինը կայացնում է իր որոշումը: Եթե եզրակացությունն այն է, որ ուսումնասիրվող ապրանքը Հայաստան է ներմուծվել աճող ծավալներով եւ լուրջ վնաս պատճառել կամ նման վտանգ ստեղծել տեղական արտադրության որեւէ ճյուղին, ապա կկիրառվեն պաշտպանական միջոցառումներ:
Պաշտպանական միջոցառումները կարող են լինել ժամանակավորՙ գործող մաքսատուրքի դրույքաչափի բարձրացման ձեւով, որոնց տեւողությունը չի կարող գերազանցել 180 օրը: Ինչ վերաբերում է քանակական սահմանափակումներին, ապա դրանք սահմանվում են ելնելով վերջին երեք տարիներին տվյալ ապրանքի ներմուծման միջին քանակից: Բնականաբար, անհրաժեշտության դեպքում սահմանվելու է ներմուծման ավելի փոքր քանակ, որը բաշխվելու է տվյալ ապրանքը ներմուծող բոլոր երկրների վրա:
Սկզբնական պաշտպանական միջոցառման տեւողությունը չի կարող գերազանցել չորս տարին: Այդ ժամկետը կարող է շարունակվել, եթե նոր ուսումնասիրության ընթացքում պարզվի, որ տեղական արտադրությանը հասցված վնասը չի շտկվել: Սակայն պաշտպանական միջոցառման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել 8 տարին: Ընդ որում, պաշտպանական միջոցառումները կարող են կրկնվել նախկինում կիրառված միջոցառման ավարտից երկու տարի հետո:
Դատելով օրենքի դրույթներից, այն իսկապես կարող է լուրջ դեր ունենալ տեղական արտադրողին պաշտպանելու հարցում, իսկ մեր արտադրողները մշտապես դժգոհում են իրենց ապրանքներին մրցակցող ներմուծվող ապրանքների գներից կամ որակից, ինչը, նրանց հավաստմամբ, անհավասար պայմաններ է ստեղծում արտադրողների համար:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ