«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2005-12-10 | #227, 2005-12-13 | #228, 2005-12-14


«17 + 1-Ը» ԴԱՏԻ Է ՏԱԼԻՍ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 7 ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

«Կատարվել է հանցագործություն, որի պատճառով հարցականի տակ է դրվում սահմանադրության օրինականության հարցը»

«17 + 1» միավորման` Հանրաքվեի օրինականությունը վերահսկող-հասարակական հանձնաժողովը հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի (ԿԸՀ) 7 անդամներին քրեական պատասխանատվության ենթարկելու եւ այդ առթիվ իր անելիքը պարզաբանելու համար երեկ լրագրողներին ասուլիսի էր հրավիրել:

ԱԺ ՕԵԿ, ՀՀԿ, ՀՅԴ, ՄԱԿ պատգամավորական խմբակցություններին, ԺՊ պատգամավորական խմբին, ՀՀ վճռաբեկ դատարանին հղած նամակում հանձնաժողովը տեղեկացնում է «հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի 7 անդամների պաշտոնական լիազորությունների անցման եւ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի պահանջների կոպիտ խախտման մասին»:

Հանրաքվեի նախապատրաստման եւ քվեարկության ընթացքում կատարված իրավախախտումների կապակցությամբ հանրաքվեի օրինականության հանձնաժողովը դատարաններ է ներկայացրել 100-ից ավելի դիմում-բողոքներ, որոնք, ըստ իրենց, էական ազդեցություն են ունեցել քվեարկության վերջնական արդյունքների վրա: Այդ դիմումներից 25-ը նոյեմբերի 28-ին ներկայացրել են Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Դիմումներից մեկն, ի դեպ, վերաբերել է ՀՀ նախագահի կողմից քվեարկության գաղտնիության խախտմանը:

Առաջին ատյան հղված բողոքների մասին նոյեմբերի 30-ին համապատասխան գրությամբ տեղեկացվել է հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը (ԿԸՀ):

Ըստ հանրաքվեի օրինականության հանձնաժողովի համակարգող Ռուբեն Թորոսյանի, հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն առանց մազաչափ ուշադրության առնելու առաջին ատյանին հղված բողոքների առկայությունը, ամփոփել է հանրաքվեի արդյունքները եւ համապատասխան արձանագրությամբ վավերացրել: Ավելին` «Հանձնաժողովի քարտուղար Համլետ Աբրահամյանը կեղծ տեղեկատվություն է ներկայացրել, թե` «...առաջին ատյանի համապատասխան դատարաններում` օրենքով սահմանված ժամկետում, տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոքներ չեն ներկայացվել...»:

Հանրաքվեի օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովի համակարգողը մեկ առ մեկ թվարկեց օրինախախտների անունները` Գ. Ազարյան, Ա. Բախչագուլյան, Հ. Աբրահամյան, Ա. Ավոյան, Ա. Խառատյան, Ս. Առաքելյանը, Է. Հայրիյան: Համապատասխան հաղորդագրություն է հղվել ՀՀ գլխավոր դատախազությանը:

Հանձնաժողովի համակարգողը կատարված օրինախախտումների վերացման համար համագործակցելու առաջարկ է անում նաեւ կոալիցիային:

Ռուբեն Թորոսյանն ասում է, որ հաջողության չհասնելու դեպքում հանձնաժողովը որոշել է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Միջազգային ատյաններին դիմելը չի նշանակում, որ հիացած են նրանցով: Ավելին, համակարգողը քննադատության սուր սլաքներ ուղղեց եվրոպական դիտորդներին, որոնք, իր գնահատմամբ, նույնպես օրինախատումներ են թույլ տվել: Սակայն այդ իրողությունը նրան չի անհանգստացնում, ինչպես եւ այն, որ 2003-ին նույնպես օրինախախտումներով ընտրություններ եղան եւ դատական ատյանները որեւէ կերպ չարձագանքեցին դրանց:

Ի վերջո, իրենց նպատակը ոչ թե հանրաքվեն չեղյալ հայտարարելն է, այլ մեկ անգամ եւս ապացուցելը, որ Հայաստանում իշխանությունը յուրացրել են մի խումբ մարդիկ, եւ ժողովուրդն իր իրավունքները իրացնելու ոչ մի հնարավորություն չունի. «Կատարվել է հանցագործություն, որի պատճառով հարցականի տակ են դրվել երկրի սահմանադրության օրինականությունը»:

Իրենց ձեռնարկի հետագա ճակատագրի մասին «17 + 1» միավորման Հանրաքվեի օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովը կտեղեկացնի ընդդիմության հերթական` դեկտեմբերի 16-ի հանրահավաքում, որի թույլտվության վերաբերյալ դիմումը քաղաքապետարանը չի մերժել:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4