Երեկ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի սրահում Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը ապագա աստվածաբան ուսանողների, Հայաստանում ներկա ավանդական մյուս եկեղեցիների հոգեւոր այրերի մասնակցությամբ նշեց «Աստծո խոսքը» փաստաթղթի ընդունման 40-ամյակը: Այն ընդունվել է 1962-65 թթ. կայացած վատիկանյան Բ ժողովի ընթացքում եւ բեկումնային է նկատվում ոչ միայն Կաթողիկե եկեղեցու, այլեւ նրա հետ հարաբերություններ ունեցող եկեղեցիների եւ կազմակերպությունների համար: Ինչպես նշեց Հայ առաքելական եկեղեցու սարկավագ Հրաչ Սարգսյանն իր զեկուցման մեջ, այս փաստաթուղթը հնարավորություն է տալիս կաթոլիկներին գիտականորեն քննելու եւ ուսումնասիրելու Աստվածաշունչը, որպեսզի այն ավելի մատչելի դառնա հավատացյալ ժողովրդին:
«Աստծո խոսքը» կարեւորեց նաեւ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու, Հայաստանի աստվածաշնչային ընկերության խորհրդի նախագահ Եզնիկ եպս. Պետրոսյանը. «Վատիկանի Բ ժողովը եւ այս փաստաթուղթը հիմնովին վերափոխեցին կաթոլիկ եկեղեցին, ամրագրելով նրա վերաբերմունքն Աստվածաշնչի նկատմամբ: «Աստծո խոսքը» կաթոլիկ եկեղեցու ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին կյանքում փոփոխություն մտցրեց: Իսկ քանի որ արտաքին կյանքում մենք կապված ենք կաթոլիկ եկեղեցու հետ, այդ իմաստով այն կարեւոր է նաեւ մեզ համարՙ որպես Քրիստոսի եկեղեցու մասի: Փաստաթուղթը նպաստում է, որ տարբեր եկեղեցիների միջեւ դրական փոխհասկացողություն եւ ավելի ջերմ հարաբերություններ լինեն: Այդ իմաստով այն տանում է եկեղեցիներին դեպի միություն: Դրա համար Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը նախաձեռնեց այս միջոցառումըՙ մինչ այդ կատարելով նաեւ փաստաթղթի թարգմանությունը եւ տպագրությունը հայերենով: Այս գրքույկը մի տեսակ լուսաբանություն է մեր հասարակության համար: Չեմ կարծում, որ «Աստծո խոսքը» միայն կաթոլիկ եկեղեցու հավատացյալների համար է, այլեւ բոլոր քրիստոնյաների», ասաց Եզնիկ սրբազանը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ