Նրանց հայացքն էլի ուղղվում է դեպի դուրս
38-ամյա Մարիամի ամուսինը երեք տարի Մոսկվայում աշխատելուց հետո այս տարվա գարնանը որոշեց վերադառնալ, որովհետեւ այլեւս անկարող էր դիմանալ 3 դստեր ու կնոջ կարոտին: Սկզբում կարծես գոհ էր, մեքենա գնեց ու որպես առաքիչ աշխատանքի անցավ «Լուսակերտ» ընկերությունում: Բայց... ընդամենը 6 ամիս անց համոզվեց, որ նյութական դժվարություններն օր-օրի աճում են այստեղ 4 անգամ պակաս աշխատավարձ ստանալու պատճառով: Հայոց լեզվի ուսուցչուհի Մարիամը ստանում է 33 հազար դրամ աշխատավարձ, իսկ ավագ դուստրն այս տարի տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի դարձավ, պետք է հոգալ նաեւ նրա ուսման վարձը: Երկար մտածումներից հետո միակ ելքը գնած մեքենան վաճառելն ու նոյեմբերին նորից Մոսկվա մեկնելն էր: «Մեզ նման մարդիկ չեն կարող Հայաստանում նորմալ ապրելու մասին մտածել, երեխայի ուսման վարձ վճարել: Ինչքա՞ն պետք է դիմանանք մի կերպ, հազիվհազ ծայրը ծայրին հասցնելուն: Ինձ այստեղ պահողը 9-րդ դասարանցի Գոհարիկս է, սպասում եմ դպրոցն ավարտի ու մեկնենք Մոսկվա: Այստեղ երեխաներիս համար ոչ մի հեռանկար չեմ տեսնում, համալսարանն ավարտելուց հետո էլ աշխատանքի խնդիրներ պիտի ունենան ու չկարողանան իրենց նվազագույն կարիքները բավարարել», ասում է Մարիամը:
Արտագաղթի մասին վերջին ժամանակներս մեզանում ավելի քիչ է խոսվում, այս խնդիրն ավելի պակաս մտահոգիչ է համարվում, չնայած մեզ շրջապատող մարդկանցից հաճախ ենք լսում, որ մեկի եղբայրն է մեկնել Ռուսաստան ու վերադառնալու մտադրություն չունի, մյուսի բարեկամի ընտանիքն է տեղափոխվել Մոսկվա, երրորդինըՙ Կանադա, չորրորդինըՙ Իսպանիա եւ այլն:
Դրա փոխարեն քննարկվում են ներգաղթի համար պայմաններ ստեղծելու հարցերը, թեպետ ըստ վերջին ուսումնասիրությունների, Հայաստան վերադարձածների մոտ 60 տոկոսը կարճ ժամանակ անց մտածում է նույն երկիր մեկնելու մասին: Պատճառները բոլորիս են հայտնիՙ աշխատատեղի պակաս կամ ցածր աշխատավարձ: Սակայն պատահում են նաեւ արտասահմանում աշխատելու ծանրությունից հոգնածները:
Հմայիչ ու բարետես Լիանան մոր ու եղբոր հետ 11 տարի Վարշավայում ապրելուց հետո այս տարի վերադարձավ Հայաստան: Մեկնեցին դժոխային 1994-ին, ինքը 9-րդ դասարանում էր: «Մայրիկիս հետ աշխատում էինք առավոտյան ժամը 6-ից մինչեւ երեկոյան 18-ը, ամբողջ օրը դրսում առեւտուր էինք անում, շատ դժվար էր, բացի այդ շատ էի կարոտում Հայաստանը ու որոշեցի վերադառնալ տատիկիս մոտ: Այստեղ, իհարկե, դժվարությունները շատ են, բայց ես չեմ զղջում վերադառնալուս համար, այլեւս ուժ չունեի այնտեղ դիմանալու: Հիմա աշխատում եմ հագուստի խանութում, բայց աշխատավարձս շատ քիչ է, այնտեղից 3 անգամ պակաս: Սովորելու մեծ ձգտում ունեմ, բայց հնարավորություն չունեմ ուսման վարձ վճարելու», ասում է Լիանան: Լեհաստանում նրա ծանոթներից շատերը, որ Հայաստան են գալիս գրանցման խնդիրների ճնշմամբ, չեն հարմարվում հայաստանյան կենսամակարդակին ու ձգտում են մեկ այլ երկիր մեկնել:
Ներգաղթողների խնդիրներն անցած տարվանից ուսումնասիրող շվեյցարական «Սիմերա» հասարակական կազմակերպությունը երեկ «Կոնգրես» հյուրանոցում անցկացրեց «Ներգաղթ դեպի Հայաստան. ինչպես նպաստել հայրենիք վերադարձածների վերաինտեգրմանը» քննարկումը, որին հրավիրվել էին ներկայացուցիչներ կառավարությունից, միջազգային եւ հասարակական կազմակերպություններից: Նրանք խոսեցին արտասահմանում հայ միգրանտների կյանքի պայմանների, Հայաստան վերադարձածների վերաինտեգրման ու միայնակ կանանց մասին:
Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության ներկայացուցիչ Համբարձում Աբրահամյանի ասելով, այլ երկրների սոցիալ-տնտեսական հարուստ համակարգից օգտվելու հեռանկարով եւ աշխատանք գտնելու հույսով 1990-ականներից մինչ օրս Հայաստանից հեռացել է մոտ 1 մլն քաղաքացի: Քանի որ նրանցից շատերն անօրինական միգրանտներ են, իսկ քաղաքական ապաստան ստանալու նրանց խնդրանքը մերժվել է, հետեւաբար պետք է հեռանան այդ երկրներից: Ներկա պահին այդ խնդիրները լուծելու համար միգրացիոն գործակալությունը համագործակցում է եվրոպական մի շարք երկրների հետ:
«Սիմերա» ծրագրի ղեկավար Օղելի Պերենը ներկայացրեց այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Գյումրիում, Գավառում եւ Գորիսում անցկացված քննարկումների արդյունքները, որոնք բերեցին այն եզրահանգման, որ ի տարբերություն եվրոպական երկրների, Ռուսաստանից վերադարձողների համար վերաինտեգրման ծրագրեր չեն իրականացվում: Թերեւս հենց այդ պատճառով հայաստանցիների գերակշիռ մասը նախընտրում է ապրել այնտեղ, անտեսելով ազգային խտրականության սուր դրսեւորումները, իսկ ընտանիք ունեցող տղամարդիկ փորձում են իրենց կանանց ու երեխաներին ուղարկել Հայաստան:
«Սիմերան» առաջարկում է միգրանտների համար ստեղծել տեղեկատվական ծառայություններ, սկսնակ գործարարներին տրամադրել առանց տոկոսադրույքի վարկեր:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ