«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2005-12-10 | #227, 2005-12-13 | #228, 2005-12-14


«ՖՐԱԴԿՈՎՆ ՈՎ Ա, ՈՐ ԳԱԶԻ ԳԻՆ ՈՐՈՇԻ» ԵՎ ՆՈՐ ԳԱԶԱՄՈՒՂ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

Հատվածներ գազի սակագների հնարավոր բարձրացման մասին բանավեճից

Գազի սակագների հնարավոր թանկացումն ու հետեւանքները Հայաստանի տնտեսության մեջ: Այս թեմայի շուրջը երեկ հերթական բանավեճն էր կազմակերպել «Հայելի» ակումբը, որին հրավիրված էին առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Գագիկ Վարդանյանը եւ վիճակագրության ծառայության նախկին պետ Էդուարդ Աղաջանովը:

Ռուսաստանը աշխարհին վախեցնում է էներգետիկ մահակով այնպես, ինչպես Խորհրդային Միությունըՙ միջուկային մահակով: Ռուսաստանի կողմից գազի սակագների բարձրացմանն այսպիսի գնահատական տվեց Էդուարդ Աղաջանովը: Վստահությամբ նշելով, որ Հայաստանի համար այդ սակագները դառնալու են 110 դոլար, Ռուսաստանի նման քայլը Հայաստանի նկատմամբ նա համարեց «գցոցի» կամ էլ շանտաժ: Չի կարելի միանգամից կրկնակի բարձրացնել գազի սակագները, ընդգծեց ելույթ ունեցողը:

Ռուսաստանն, ըստ Էդուարդ Աղաջանովի, Թուրքմենստանից գազը գնում է 44 դոլարով, եւ ինքը համաձայն կլինի, եթե գազը Հայաստանին վաճառվի 70 կամ 80 դոլարով, ինչի դեպքում «Գազպրոմի» շահույթը կկազմի 36 մլն դոլար կամ 22 տոկոս: Ռուսաստանին ուղղված բանախոսի մյուս մեղադրանքն այն էր, որ Ռուսաստանը չի թողնում, որ Հայաստանը դառնա տարանցիկ երկիր:

Գագիկ Վարդանյանի կարծիքով, այս քննարկումը փոքր-ինչ շուտ է կազմակերպվել: Այդուհանդերձ, գազի սակագների բարձրացումը, նրա համոզմամբ, հարկ է դիտարկել նավթի միջազգային գների աննախադեպ բարձրացման համատեքստում, քանի որ նավթի գների բարձրացմանը հաջորդում է գազի գների բարձրացումը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, փոխնախարարի հավաստմամբ, շուկայական գնագոյացում գազի ոլորտում չկա, չնայած 2000 թ.-ից Ռուսաստանը տարեկան 20 տոկոսով բարձրացնում է գազի սակագները: Սակայն Հայաստանն ունի էներգետիկ անվտանգության ռազմավարություն, որի նպատակն է բարձրացնել մեր երկրի էներգետիկ անվտանգությունը: Այդ առումով Գագիկ Վարդանյանը կարեւորեց Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը, համարելով Հայաստանի դիվանագիտության լուրջ հաջողությունը, Աբովյանի գազապահեստարանների կառուցումը: Այս քայլերն իրականացնելով, 2007 թ.-ին Հայաստանը կունենա էներգետիկ անվտանգության ավելի բարձր վիճակ: Միաժամանակ փոխնախարարը մեկ այլ անսպասելի տարբերակ հնարավոր համարեց, չբացառելով, որ քաղաքական խնդիրների լուծումից հետո եւս մեկ գազամուղ Հայաստան մտնի Ադրբեջանից:

Քննարկումն առավել թեժ էր Հայաստանը գազի տարանցիկ երկիր դարձնելու հարցում: Էդուարդ Աղաջանովը նշեց, որ Վրաստանը ցանկանում էր, որպեսզի Իրան-Հայաստան գազամուղը կառուցվի 1200 կամ 1500 մմ խողովակով եւ հասցվի մինչեւ Վրաստանի սահման, հետագայում այլ երկրներ տեղափոխվելու համար: Մինչդեռ կառուցվեց 700 մմ խողովակներով միայն Հայաստանի կարիքները բավարարելու համար: Սրան ի պատասխան Գագիկ Վարդանյանը ասաց, որ գազատարը մինչեւ Վրաստանի սահման հասցնելու պահանջարկը չկա, եւ եթե դա լինի, ապա կկառուցվի ավելի մեծ տրամաչափով գազատար եւս: Այդուհանդերձ, բանավիճողներն այս հարցում նույնպես մնացին իրենց համոզմունքներին:

Ինչ մնում է մեր այն հարցին, թե ինչի հիման վրա էր ստեղծվել Էդուարդ Աղաջանովի այն հաստատ համոզմունքը, որ Հայաստանին Ռուսաստանից մատակարարվող գազի սակագինը դառնալու է 110 դոլար, նա պատասխանեց, որ այդ մասին ասել է «Գազպրոմի» նախագահի տեղակալ Ռյազանովը, եւ դա տեղադրված է այդ ընկերության վեբկայքում: Սակայն երբ նրան հիշեցրեցինք, որ դրան հաջորդել են այս հարցի շուրջը երկու երկրների բանակցությունները, եւ անգամ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովը Հայաստանում գտնվելու ժամանակ որեւէ կոնկրետ սակագնի մասին չհայտնեց, Էդուարդ Աղաջանովից ստացանք «Ֆրադկովն ո՞վ ա, «Գազպրոմն» ամեն ինչ որոշել է» պատասախանը: Սա թերեւս որոշակի եզրակացությունների հնարավորություն է տալիս բանավեճի վերոնշյալ մասնակցի մասին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4