Համենայն դեպս, «Ներքին շուկայի պաշտպանության մասին» օրենքի հնարավորություններից որեւէ մեկը չի ցանկացել օգտվել
Ներքին շուկայի պաշտպանությունն ամեն մի երկիր համարում է իր կարեւոր խնդիրներից մեկը: Մինչեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անդամակցելը Հայաստանի խորհրդարանն ընդունեց «Ներքին շուկայի պաշտպանության մասին» օրենքը: Թե ինչ հնարավորություններ է ընձեռում տեղական արտադրողներին այս օրենքը, անդրադարձել ենք մեր թերթի նախորդ համարներից մեկում: Նշել էինք նաեւ, որ այս ոլորտի վերաբերյալ կներկայացնենք համապատասխան պետական կառույցների եւ գործարարների տեսակետները: Այդ նպատակով զրուցեցինք վերոնշյալ օրենքի հեղինակիՙ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արմեն Գեւորգյանի հետ:
«Ներքին շուկայի պաշտպանության մասին» օրենքում, ըստ հեղինակի, հստակ նշված են այն ձեւերը, որոնցով պետությունը կարող է պաշտպանել իր ներքին շուկան: Դրանք հիմնականում երկուսն ենՙ մաքսատուրքեր եւ քվոտավորում, ինչպես նաեւ դրանց համակցումը: Դառնալով ԱՀԿ անդամ, Հայաստանն ընդունել է նաեւ ներքին շուկայի պաշտպանությանն առնչվող խնդիրներն օրենսդրորեն լուծելու այդ կառույցի պահանջը: Օրենքի հիմնական գաղափարն այն է, որ եթե վերջին երեք տարվա ընթացքում հարաճուն ներմուծման պատճառով լուրջ վնաս է հասցվում կամ նման վնասի վտանգ է սպառնում մեր տնտեսության որեւէ ճյուղի, ապա սկսում են կիրառել պաշտպանական միջոցառումներ:
Սակայն որքան էլ տարօրինակ է, ներմուծման պատճառով իրենց վնասների մասին մշտապես բողոքող տեղական արտադրողներից որեւէ մեկը դեռեւս չի դիմել լիազոր մարմնին (առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն) ներմուծման պատճառով կրած վնասների մասին հայտով եւ դրա դեմ միջոցառումներ կիրառելու պահանջով: «Ո՞րն է դրա պատճառը» հարցին Արմեն Գեւորգյանը դժվարացավ պատասխանել, դա պատճառաբանելով կամ անհրաժեշտ իրազեկման բացակայությամբ, կամ օրենքի կիրառման համար համապատասխան պայմաններ չլինելով: «Որեւէ ճյուղի նկատմամբ խարխլման վտանգ ներկայումս կա՞, թե՞ ոչ» հարցի կապակցությամբ փոխնախարարը դարձյալ խուսափեց կոնկրետ պատասխանից, ասելով, որ դրա համար պետք է լինեն ուսումնասիրությունների արդյունքներ: Նրա կարծիքով, ուսումնասիրությունների անհրաժեշտություն կա, օրինակ, պլաստմասսայե իրերի շուկայում: Դրանց արտադրողների հետ ուսումնասիրություն անցկացնելու որոշակի պայմանավորվածություններ են եղել, բայց այդ կապակցությամբ, այնուամենայնիվ, պաշտոնական դիմումներ չեն եղել:
Կա՞ն այլ հանգամանքներ, որոնք կարող են խանգարել այս օրենքի կիրառմանը: Արմեն Գեւորգյանի կարծիքով, ֆորմալ առումով ոչինչ չի կարող խանգարել: Կան օրենքով նախատեսված ընթացակարգեր, համաձայն որոնց պետք է քննարկումներ անցկացվեն ներմուծողների եւ այն երկրների հետ, որտեղից ապրանքներ ներմուծվել են: Եթե դա ապացուցվում է, ապա ոչ մի հանգամանք չի կարող խանգարել: Ընդ որում, պաշտպանական միջոցառումները կիրառվում են ոչ թե մեկ կամ երկու, այլ տվյալ ապրանքը ներմուծող բոլոր երկրների նկատմամբ:
Սակայն, ըստ փոխնախարարի, հարցին պետք է համակողմանիորեն նայել, քանի որ ներքին շուկայի պաշտպանությունը շատ բարդ եւ միաժամանակ կարեւոր խնդիր է: Առաջնայինն այստեղ սպառողների շահերն են, որպեսզի Հայաստան չմտնի ցածրորակ ապրանք: Այսինքն, շուկայի պաշտպանության շատ ավելի արդյունավետ ձեւ է որակական չափանիշներ եւ ստանդարտներ սահմանելը: Այդ հարցը, մեր զրուցակցի հավաստմամբ, լուծված է ստանդարտացման, չափումների միասնականացման մասին օրենսդրությամբ: Այս առումով կարեւոր է նաեւ, որ Հայաստան մտնող յուրաքանչյուր ապրանք սերտիֆիկացվի: Դա կարեւոր է ոչ միայն այն առումով, որ Հայաստան չմտնի վատորակ ապրանք, այլեւ նրանով, որ կներմուծվեն ապրանքներ, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին:
Արմեն Գեւորգյանը, կարեւորելով տեղական արտադրողի զարգացման համար համապատասխան պայմաններ ստեղծելը, նրան խրախուսելը եւ որակի պահանջները դնելը, նշեց, որ դրանով նաեւ մեկ այլ խնդիր է լուծվումՙ ներքին արտադրությունն է բերվում համապատասխան մակարդակի: Այդուհանդերձ, առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարն ընդգծեց, որ «Ներքին շուկայի պաշտպանության մասին» օրենքը առանձնահատուկ օրենք է եւ հարկ է կիրառել միայն ծայրահեղ դեպքում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ