Հրդեհներ իրացման գոտիներում
Նախորդ օրըՙ ուշ երեկոյան Բուզանդի 95 տանը բռնկված հրդեհն ավերել է գրեթե ամբողջ տունը, դրսում թողնելով այնտեղ ապրող մարդկանց ու նրանց իրերը կրակի երախը լցնելով: Բնակիչները կասկածի նշույլ անգամ չունեն, որ պատահարը դիտավորություն է, այլ վարկածների գոյությունը նրանք բացառում են, որպես փաստարկ նշելով տան բակում մի քանի օր անընդհատ անծանոթների հայտնվելը: Դեպքից մի քանի ժամ առաջ կողքի բակի բնակիչներից մեկը նկատել է անծանոթ տղամարդկանց, ցանկացել է հարցուփորձ անել, սակայն նրանք հեռացել ենՙ նկատելիորեն խուսափելով զրույցից:
Այրված տունն ունի 4 սեփականատեր, գրանցված են 14 հոգի: Սեփականատերերից մեկիՙ Գոհար Աբրահամյանի պատմելով, երեկոյան ժամը 6-ի մոտ ամբողջ փողոցը մի քանի րոպեով հոսանքազրկվել է, սակայն վերականգնվելուց հետո ինքը ստուգել է տան հոսանքի բոլոր կետերը ու գնացել կիսանկուղային սենյակ, որտեղ տեղադրված վառարանի մոտ երեկոյան հավաքվում են տաքանալու: Որոշ ժամանակ անց ուժգին պայթյուն են լսել ու սենյակից դուրս թռչելով նկատել վերեւի հարկից դուրս եկող ծուխը: «Ինչ-որ հատուկ հոտ էինք զգում, որ նման չէր վառվող լարերի հոտին: Փորձեցի ներս մտնել հրդեհի օջախը գտնելու համար, սակայն կուրացնող ծխի պատճառով չկարողացա առաջ գնալ: Արագ զանգեցինք հրշեջ ծառայություն, սակայն նրանց ուղարկած մի մեքենան բենզին չունենալու պատճառով ժամանեց մոտ մեկ ժամ ուշացումով, իսկ մյուս մեքենան ջրի խնդիր ուներ», պատմում է նա: Հինգ-վեց ժամ կրակի հետ կռիվ տալուց հետո հրշեջները մի կերպ հանգցնում են կրակը: «Այդ երիտասարդների վտանգավոր աշխատանքը տեսնելով մի պահ մոռացել էի իմ ցավը ու մտածում էի նրանց կյանքի մասին: Կրակի դեմ պայքարում էին առանց ձեռնոցների ու սաղավարտի, ուղղակի սարսափելի տեսարան էր», ասում է տիկին Աբրահամյանը:
Նրա համոզմամբ, հրդեհի սցենարը գրել են նրանք, ովքեր շահագրգռված են իրեն տնից հանելու: Հարցն այն է, որ այս տունը, Բուզանդի փողոցի մյուս տների նման, գտնվում է իրացման գոտում: Այս մեկն, իհարկե, պատմամշակութային արժեք չի ներկայացնում, սակայն խնդիրները նույնն են ու ոչնչով չեն տարբերվում նախորդներից: Այստեղ էլ տան սեփականատերը համաձայնության չի եկել Երեւանի կառուցապատման ծրագրեր իրականացնող գրասենյակի հետ, պայմանագիր չի կնքել ու հայտնվել է դատական քաշքշուկների մեջ:
Ի դեպ, ընդամենը 3 օր առաջ հրդեհվել էր նաեւ իրացման գոտում գտնվող Եզնիկ Կողբացի 37 տունը: Դեպքը տեղի էր ունեցել գիշերվա ժամը 3-ին, բնակիչներից մեկի տունն ամբողջությամբ այրվել էր, ինչից զգուշանալով մյուս բնակիչները տեղափոխվել են իրենց հարազատների մոտ: Բուզանդի փողոցի բնակիչներից մեկը նշեց, որ օրերս հրդեհ է գրանցվել իրացման մեկ այլ գոտումՙ Պուշկինի փողոցում: «Երեւում է, սրանից հետո քաղաքի կենտրոնում որտեղ հին շենք կա, այնտեղ հրդեհ ենք հանգցնելու», ասաց հրշեջներից մեկը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ