«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2005-12-14 | #229, 2005-12-15 | #230, 2005-12-16


ԱՐՄԻՆ ՎԵԳՆԵՐԻ ԳՈՐԾԻ ԱՐԺԱՆԻ ՀԵՏՆՈՐԴԸ

Երեկ Գեւորգյան ցուցասրահը լի էր գրքասեր հասարակությամբ: Մարդիկ եկել էին ոչ միայն դիտելու Արմին Վեգների հեղինակած նկարների մեծադիր ցուցապաստառները, այլեւ նախ եւ առաջ ողջունելու իտալացի գիտնական եւ գրող Ջիովանի Գուայտային եւ շնորհավորելու «Ճիչ Արարատից. Արմին Վեգները եւ հայերի ցեղասպանությունը» ռուսալեզու գրքի հրատարակման համար: Շատերը նրան իրենց երախտագիտությունն էին հայտնում հայ ժողովրդի պատմության հանդեպ ունեցած մարդկային հոգածության եւ մասնագիտական պատասխանատվության համար:

Կազմակերպիչներիՙ ՀՅԴ Գերագույն մարմնի անունից ԱԺ ՀՅԴ խմբակցության նախագահ Լեւոն Մկրտչյանը նշեց, որ գրքի շնորհանդեսը եւ պաստառների ցուցադրությունը նախ կայացել է Մոսկվայում Եղեռնի 90-ամյակի միջոցառումների շրջանակում, ուր մեծ հետաքրքրություն է առաջացրել մտավորական շրջանակներում:

Մոսկվայի լեզվաբանական համալսարանի դոցենտ Ջիովանի Գուայտան արդեն տարիներ շարունակ ուսումնասիրում է արեւելաքրիստոնեական եկեղեցիների պատմությունը` մասնավորապես ռուս ուղղափառ եւ հայ առաքելական եկեղեցիներինը, թարգմանում է ռուս հոգեւոր գրականություն: Մինչ այս հայկական թեմաներով Ջ. Գուայտան հեղինակել է երկու գիրք` «Մարդու կյանքը, երկնքի եւ երկրի հանդիպումը: Զրույցներ Ամենայն հայոց Գարեգին Ա կաթողիկոսի հետ» (Մոսկվա, 1999 թ.), «Հավատարմության 1700 տարի. Հայաստանի եւ նրա եկեղեցու պատմությունը» (Մոսկվա, 2001 թ., վեր. 2005 թ.): Ներկայումս նա աշխատում է հայերի օտարերկրյա պաշտպաններին նվիրված գրքի վրա: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Ջ. Գուայտան ասաց, որ եղել է Արեւմտյան եւ Կիլիկյան Հայաստանի տարածքներում, տեսել եւ լուսանկարել է ավերված տաճարները: Նա հավաստում է, որ այնտեղ դեռ պահպանված են հայկական մշակույթի պատառիկներ, որոնք դեռ կարելի է փրկել, սակայն միայն միջազգային հանրության միահամուռ ջանքերով: «Մանավանդ հիմա ժամանակն է եւ պետք է խոսել այդ մասին եւ ընդունել տալ ցեղասպանությունը, երբ Թուրքիան խնդրում է մտնել Եվրոպա», ասում է նա: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ է նա անդրադառնում հենց Արմին Վեգներին (ի դեպ, այս մեծ հայասերի մասին այս տարի պատրաստվեց եւ ցուցադրվեց եւս մեկ ուշագրավ աշխատանք «Արմին Վեգներ. ցեղասպանության լուսանկարիչ» վավերագրական ֆիլմը, ռեժ.` Տիգրան Խզմալյան), Ջ. Գուայտան ասաց, որ այդ մեծ մարդասերը գերմանացի էր, այսինքն այն պետության ներկայացուցիչը, որ թուրքերի համագործակիցն էր: «Սկզբունքորեն նա պետք է աչք փակեր իրադարձությունների վրա, սակայն նրա մարդկայնությունը թույլ չտվեց այդպես վարվել, ասում է Ջ. Գուայտան: Այն, ինչ նա արեց, արեց մեծ ռիսկով: Չէ՞ որ նրան ձերբակալեցին եւ արտաքսեցին հենց այն պատճառով, որ նա գրեց այդ ամենի մասին: Նա շատ խիզախ մարդ էր եւ կարծում էր, որ իր մարդկային պարտքն է վկայել պատմությունը»: Հեղինակն ասում է, որ իր գրքի նյութերը (Ա. Վեգների նամակները, լուսանկարները, անգամ թուրքական հեքիաթներից պատառիկներ եւ այլն) ռուսերենով գրեթե անտիպ են:

Գրողների միության նախագահ Լ. Անանյանն այսպես գնահատեց «Ճիչ Արարատից. Արմին Վեգները եւ հայերի ցեղասպանությունը» գիրքը: «Ըստ իս, առաջին անգամ է հնչում, գենետիկական հիշողության կամ սերնդեսերունդ փոխանցվող ազգային ցավ-բարդույթի խնդիրը: Շատ կարեւոր է նաեւ, որ որպես ցեղասպանության շեշտված ժամանակահատված դիտարկված է 1876-1923 թթ., այսինքնՙ Օսմանյան կայսրության շուրջ կես դար տեւած նպատակադրված եղեռնի, բնաջնջման քաղաքականությունը»: Իր ողջույնի խոսքը Լ. Անանյանն առիթ դարձրեց անելու ուշագրավ մի առաջարկ, որ ՀՅԴ-ն շարունակելով Հայ դատի իր խիստ արժանավոր գործունեությունը, ստեղծի մի բարեգործական հիմնադրամ, որը կգնի հրատարակիչներից ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ ուշագրավ աշխատություններ, կթարգմանի տարբեր լեզուներով եւ կբաժանի քաղաքական կարեւորություն ունեցող անձանց, որպես կարեւոր քայլ ցեղասպանության ճանաչման ճանապարհին:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4