1997 թ-ից 2 տարին մեկ ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում Յունեսկոն իրականացնում է «Մարդկության բանավոր եւ ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցների հռչակման» ծրագիրը: Միջազգային այս ծրագրի նպատակն է ընդլայնել մշակութային ժառանգության պաշտպանությունը: Յուրաքանչյուր երկու տարին մեկ Յունեսկոյի անդամ-պետությունները հրավիրվում են ներկայացնելու թեկնածուական ֆայլեր ծրագրի համար, որը կազմակերպության քննարկման արդյունքում արժանանում կամ չի արժանանում «գլուխգործոցներ» հռչակման: 2005 թ. նոյեմբերի 25-ին մարդկության բանավոր եւ ոչ նյութական մշակութային գլուխգործոցներ հռչակվեցին եւս 42 մշակութային արտահայտություններ` այդ թվում Հայաստանի ներկայացրած դուդուկը: Այս մասին «Ազգը» արդեն տեղեկացրել է:
2004 թ. Հայաստանը ծրագրին ներկայացել էր 10 րոպեանոց ֆիլմով, որը պատմում է դուդուկի ստեղծման, գործածման, դրսեւորումների, զարգացմանը խոչընդոտող խնդիրների մասին: Ի դեպ, ներկայացված ֆիլմում նվագել է հայտնի դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը: Հռչակման արդյունքում 2006 թ-ից Հայաստանում կիրականացվի ծրագիր, որը նպատակ ունի զարգացնելու դուդուկի երաժշտությունը, քեֆային դրսեւորումներից վերականգնել նրա մաքուր, անարատ ձեւը, պահպանել եւ զարգացնել: Այս մասին երեկ հայտնեցին Յունեսկոյի գործերով Հայաստանի հանձնաժողովի քարտուղարը, դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը եւ երգահան Վաչե Շառաֆյանը:
Նրանց ներկայացմամբ, դուդուկի պահպանման եւ զարգացման համար Հայաստանում իրականացվելիք նախաձեռնությունը ներառում է բազմաբնույթ ծրագրերի իրականացում: Մասնավորապես Գեւորգ Դաբաղյանը նշեց, որ նախատեսվում է ստեղծել դուդուկի տուն կամ որեւէ ընդհանուր դպրոց, որի շուրջը կհավաքվեն բոլոր մասնագետները եւ դուդուկահարները, «որից հետագայում կկարողանան սնվել երիտասարդ դուդուկահարները եւ առհասարակ դուդուկով հետաքրքրվողները»: Բացի այդ, կկազմակերպվեն դուդուկի դասընթացներ ողջ հանրապետությունում, կստեղծվի դուդուկի ինտերնետային արխիվ: Երաժիշտների խոսքերով, պակաս կարեւոր չէ նաեւ դուդուկի քարոզչության, ճիշտ ներկայացման հարցը, որը ծրագրի հիմնական նպատակներից է: Այդ նպատակով էլ կկազմակերպվեն հեռուստահաղորդումներ:
Մի խոսքով, ներկաները հավաստիացրին, որ ամեն ինչ պետք է արվի ազգային նվագարանի ոչ միայն անվան, այլեւ պրոֆեսիոնալիզմի վերականգնման համար, որպեսզի այն ներկայանա ոչ միայն խնջույքային իրավիճակներում, այլեւ իր սկզբնական մաքուր ձեւով: Գեւորգ Դաբաղյանը շեշտեց, որ անհրաժեշտ է հոգալ նաեւ դուդուկահարների ապրուստի միջոցի հայթայթման մասին, որպեսզի մեր դուդուկահարները վաստակեն ոչ միայն ուրախ կամ տխուր առիթներին նվագելով, այլեւ բեմական աշխատանքի եւ ձայնագրությունների միջոցով:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ