«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2005-12-14 | #229, 2005-12-15 | #230, 2005-12-16


ԻՆՉ ԵՆ ՊԱՏՄՈՒՄ ԳՈՐԳԵՐԸ

Երեւանի պատմության թանգարանում

Երեւանի պատմության թանգարանը տեղավորված է ճարտարապետական հրաշալի լուծումներով, արդիական ու հարմարավետ, նաեւ գեղագիտորեն ընկալելի եւ հաճելի քաղաքապետարանի նորակառույց շենքումՙ առայժմ օգտագործելով նախասրահը եւ ժամանակավոր ցուցադրության սրահը: Ֆոնդավորված հազարավոր ցուցանմուշները (հնագիտական, փաստաթղթային, գորգերի, գեղանկարների եւ այլն) առայժմ սպասում են թանգարանային համապատասխան կահույքիՙ կառույցի մնացած 6 հարկաբաժիններում ցուցադրության համար:

Նոր հանգրվանում այս տարվա ընթացքում թանգարանն ունեցել է 3 ցուցադրությունՙ Երեւանին նվիրված գեղանկարների, քաղաքի տոնակատարության առիթներով եւ վերջինըՙ երեկվանըՙ «Պատմում են գորգերը» խորագրով:

Ցուցահանդեսը ներկայացնում էր Հայաստանի տարբեր պատմաազգագրական շրջանների (Արցախ, Գուգարք...) հիմնականում XVII-XVIII դարերի ավանդական հայկական գորգագործական նմուշներՙ թանգարանի հավաքածուից, հիմնականում հուշ-արձանագրություններով: Զարդամոտիվային զուգորդումները (վիշապագորգ, աստղագորգ, մեղվագորգ, փեթակագորգ), նաեւ կարպետահյուս (անխավ գորգ), լրացնում էին ցուցադրությունը: Ներկայացված էին նաեւ ժամանակի հայ կնոջ աշխատանքային առօրյայի անքակտելի մաս կազմող գորգագործական աշխատանքային գործիքներՙ դազգահ, դանակ, մկրատ:

Գորգերից ամենահինը 1780-ականների մի աշխատանք էրՙ նռան բնական գույնով, կենաց ծառի, նռների խորհրդապատկերներով: Իբրեւ պատմական մի շրջանի գորգարվեստային արտահայտություն, ինքնատիպ էին խորհրդային իրականությունը ներկայացնող աշխատանքներըՙ ՀԽՍՀ գերբով, պրոլետարիատի առաջնորդի դիմանկարով եւ այլն:

Գորգարվեստն առհասարակ որքան առօրյա կիրառական նշանակություն ունի, նույնքան խորհրդավորության եւ գեղագիտական զգացումներ է արթնացնում: Գորգերի խորհրդապատկերային լեզուն խոսում է իր ժամանակի մարդու, նրա պատկերացումների, հավատալիքների, ապրելակերպի ու սովորույթների մասին: Դրանց գույների ու նախշերի մեջ խորհրդավոր մի հմայք կա, մի տաք մթնոլորտ:

Բացման խոսքում թանգարանի տնօրեն Արմենուհի Սարգսյանը հակիրճ անդրադարձավ հայկական գորգի պատմությանը, որ դեռեւս հնագույն ժամանակներից Ալեքսանդր Մակեդոնացու եւ Ներոնի պալատներն էին զարդարել: Հայկական գորգը հիշատակվում է նաեւ Հոմերոսի «Իլիականում» եւ «Ոդիսականում»: 8-րդ դարի արաբ աշխարհագետներն ու ճանապարհորդները վկայել են հայկական գորգի մասին: Եվրոպայում մեր գորգերին ծանոթ են եղել 14-րդ դարիցՙ Վենետիկի հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոյի միջոցով, որն ասում էր, թե հայերն ունեցել են ամենագեղեցիկ գորգերըՙ հայտնի իրենց նրբագեղությամբ, գույնի ու ներկի որակով, զարդանախշերի հարստությամբ: «Ցավոք, Հայաստանն այսօր գրեթե գորգաթափ է եղել: Վերջին 30 տարիներին Հայաստանից արտահանվել է մոտ 100.000 գորգ: Մեր թանգարաններում պահպանվող գորգերի թիվը չի գերազանցում 5.000-ը», արձանագրեց թանգարանի տնօրենը:

Հայկական գորգերն իրենց գունանախշային գեղեցկությամբ ճոխացրել էին սրահը, իսկ մանկական ազգագրական «Վասպուրական» համույթը լրացրեց այդ շքեղությունը:

Մ. ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4