«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2005-12-14 | #229, 2005-12-15 | #230, 2005-12-16


ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԸ ԹՈՒՆԱՎՈՐԵԼՈ՞Ւ Է ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Կրեմլը «երկնագույն» վառելիքը թանկացնելով փորձում է սանձել ԱՊՀ երկրների արեւմտամետ ձգտումները

Այսօր մեկօրյա աշխատանքային այցով Սոչի է մեկնում Հայաստանի նախագահը, որտեղ նրան ընդունելու է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը: Քննարկման առանցքային թեման ամենայն հավանականությամբ կլինի Հայաստան մատակարարվող ռուսական գազի թանկացման խնդիրը: Առայժմ վերջնականապես հստակեցված չէ` 2006 թ. Հայաստանը նախկին 56 դոլարի (հազար խորանարդ մետրը) փոխարեն որքան է վճարելու, թեեւ «Գազպրոմի» ղեկավարությունը նոյեմբերի վերջերին նշել էր մոտավոր թիվը` 110-120 դոլար:

Երեկ ռուսական «Նեզավիսիմայա գազետան» ներկայացրել էր երկու աղյուսակներ, որոնցից մեկում նշվում է, թե Մոսկվան տարեկան որքան գումար է վճարում ԱՊՀ տարածքում տեղակայված իր ռազմակայանների համար: Երկու պետության` Հայաստանին (ավելին` հայկական կողմն է վճարում Գյումրու ռազմակայանի կոմունալ ծախսերը) եւ Տաջիկստանին Ռուսաստանը ոչինչ չի վճարում, Ադրբեջանում տեղակայված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի համար վճարում է 28 մլն դոլար, Կիրգիզիայի Կանտի օդանավակայանի համար` 4,5, Ուկրաինային (Սեւաստոպոլ)ՙ 90 մլն եւ այլն: Երկրորդ աղյուսակում նշվում են ԱՊՀ երկրներին 2006 թ. մատակարարվելիք գազի գները. Հայաստան` 110 դոլար, Ադրբեջան` 61, Վրաստան` 110, Ոկրաինա` մինչեւ 230:

Ուկրաինան հայտարարում է, որ եթե Մոսկվան անցնում է գազի մատակարարման միջազգային գների, ապա ինքն էլ միջազգային գին կսահմանի Սեւաստոպոլի ռուսական նավատորմի համար: Հնարավո՞ր է, որ Հայաստանն էլ Ռուսաստանից Գյումրու ռազմակայանի դիմաց գումարներ ակնկալի: Երեկ ասուլիսում «Ազգի» այս հարցին արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատասխանեց. «Ռազմակայանի հետ կապված ունենք պայմանագիր, որը բավական երկարաժամկետ է: Այս պահի դրությամբ որեւէ նպատակ չկա պայմանագրի մեջ որեւէ փոփոխություն մտցնելու»:

Ռուսական գազի թանկացումը ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ենթատեքստ ունի: Պետական ձեռնարկություն «Գազպրոմը» (կարդալ` Կրեմլը) «երկնագույն» վառելիքը թանկացնելով փորձում է սանձել ԱՊՀ երկրների արեւմտամետ ձգտումները, այսինքն` գազն օգտագործում է որպես քաղաքական գործիք: Մոսկվայի հանդեպ լոյալ պետությունները, օրինակՙ Բելառուսը հաջորդ տարի գազ կստանա այս տարվա գներով` մոտ 46,5 դոլար: Ավելին, Մինսկը մինչեւ տարեվերջ Ռուսաստանից կստանա 146 մլն դոլար վարկային փոխհատուցում արդեն իսկ 2005 թվականին թանկացված գազի դիմաց: Այս մասին մի քանի օր առաջ Մինսկում Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո ասել է վարչապետ Միխայիլ Ֆրադկովը:

Այսպես կոչված «թանկացված գազի դիմաց ռուսական վարկ» առաջարկը չի բացառվում, որ կիրառվի (կամ առաջարկվի) նաեւ Հայաստանի դեպքում: Այսինքն` այն չափով, որքան մեկ տարվա կտրվածքով Հայաստանը պետք է ավել վճարի ռուսական վառելիքի համար, նույն գումարի չափով Ռուսաստանը վարկ պետք է տրամադրի մեր երկրին: Անշուշտ, այդ վարկը վաղ թե ուշ պետք է մարել: Հայաստանը Ռուսաստանի պարտքը մարելու փորձ ունի. այսպես, եթե ռազմավարական դաշնակիցդ խիստ զգում է 100 մլն դոլար պարտքի կարիքը, իսկ դու ի վիճակի չես վճարել, կարող ես մի քանի չաշխատող կամ վատ աշխատող ձեռնարկություն առաջարկել, այսինքն` «Գույք պարտքի դիմաց»:

Հայաստանն իրեն համարելով Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, շարունակում է խորացնել կապերը ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ: Հնարավո՞ր է, որ եվրատլանտյան կառույցների հետ հարաբերությունների նոր որակը Հայաստանի համար բարդություններ ստեղծի Ռուսաստանի հետ համագործակցության հարցում: Արտգործնախարար Օսկանյանը կապ չի տեսնում եւ չի ցանկանում զուգահեռներ անցկացնել: «Ուղղակի հիշեցնեմ, որ Ռուսաստանը նույնպես ունի բավական խորքային հարաբերություններ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ: Հայաստանն իր սուվերեն որոշումն է կայացնում եւ շարժվում` ելնելով իր շահերից: Հայաստանը ՆԱՏՕ-ում եւ ԵՄ-ում ունի շահեր, չի կարող դուրս մնալ այդ կառույցներից, քանի որ մեզ համար առաջնային խնդիրներ են քննարկվում», ասաց նա:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4