Այս տարի բնապահպանական կազմակերպությունների հետեւողական ու համառ աշխատանքի արդյունքում կառավարությունը որոշեց Շիկահողի արգելոցով անցնող ճանապարհը կառուցել բնապահպանական նվազագույն վնասներով: Ճանապարհը 155 մետրով բարձր է լինելու Շիկահողով անցնելիք տարբերակից, որը արգելոցով անցնելու էր 17 կմ: Այժմ էլ ճանապարհը լիովին դուրս չէ Շիկահողի տարածքից, բայց հնարավոր խելամիտ լուծումն է: Ճանապարհի կառուցումը սկսված է, բնապահպանները հետեւում են դրա ընթացքին: Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության նախագահ Կարեն Մանվելյանի խոսքերով, ճանապարհի կառուցման ընթացքին հետեւելով` իրենք համոզվել են, որ աշխատանքներն ընթանում են ոչ առանց բնությանը վնասելու. «Կատարվում է եւ լավը, եւ վատը: Իհարկե, ճանապարհի ռազմավարական նշանակությունը մեծ է, եւ հասկանալի է դրա անհրաժեշտությունը: Բայց ճանապարհի կառուցման համար հեռացվող հողը չի տեղափոխվում, այլ լցվում է հարակից ձորերը` վնասելով բուսական աշխարհին»:
Որպես մեծ ձեռքբերում ընդգծելով հովազի հիմնական բնակավայրից ճանապարհի հեռացումը` Կարեն Մանվելյանը հայտնեց նաեւ, որ ճանապարհաշինության ընթացքում կենդանիների միգրացիայի համար տարանցիկ ուղիներ, թունելներ, կածաններ չեն ստեղծվում, իսկ Շիկահողի արգելոցը ոչ միայն հարուստ բնություն, այլեւ բազմազան կենդանական աշխարհ ունի:
Ն. Պ.