Լեւոն Արոնյանը հաղթական վերջակետ դրեց Խանտի Մանսիյսկում անցկացրած իր գերազանց ելույթներին: ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովի հետ կայացած եզրափակիչ մրցախաղը շահելով 3-1 հաշվով, 23-ամյա հայ գրոսմայստերը դարձավ շախմատի աշխարհի գավաթակիրՙ արժանանալով 100 հազար դոլար պարգեւի: Եվ եթե ՖԻԴԵ-ն այս տարի չփոփոխեր աշխարհի առաջնությունների անցկացման կարգը եւ արգենտինական Սան Լուիսում 8 շախմատիստների մասնակցությամբ չորոշեր աշխարհի չեմպիոնին, ապա Լեւոն Արոնյանը փաստորեն կդառնար հայ երկրորդ աշխարհի չեմպիոնը Տիգրան Պետրոսյանից հետո: Չէ՞ որ նախորդ տարիներին նույնպիսի նոկաուտ համակարգով 128 շախմատիստներ վիճարկում էին ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Եվ Արոնյանի մրցակից Պոնոմարյովն էլ հենց նման մրցաշարում էր ժամանակին նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ավելացնենք նաեւ, որ նոկաուտ համակարգով անցկացված մրցաշարերում մինչ այդ հայ շախմատիստներից լավագույն արդյունքի էր հասել Վլադիմիր Հակոբյանը, որը եզրափակիչում աշխարհի չեմպիոնի տիտղոսը զիջել էր Ալեքսանդր Խալիֆմանին:
Ընդհանրապես, ընթացիկ մրցաշրջանում Լեւոն Արոնյանը շատ հաջող հանդես եկավ: Նա Եվրոպայի անհատական առաջնությունում դարձավ բրոնզե մրցանակակիր, նույն կարգի մեդալ նվաճեց նաեւ Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի թիմային առաջնությունում: Բացի այդ, Ռուսաստանի «Տոմսկի» կազմում նախ նվաճեց այդ երկրի չեմպիոնի կոչումը, ապա դարձավ Եվրոպայի չեմպիոնների գավաթակիր: Լեւոնը նաեւ հաղթող ճանաչվեց արագ շախմատի մրցաշարում, Մայնցում եւ Ստեփանակերտում անցկացված միջազգային խոշոր մրցաշարերում: Իրոք որ Լեւոն Արոնյանի համար տարին արգասաբեր էր: Կարծում ենք, որ նա արժանի է տարվա լավագույն մարզիկ ճանաչվելու պատվին:
Լեւոն Արոնյանը շախմատում արդեն շատ բարձունքներ է նվաճել: Նա մինչեւ 20 տարեկանների աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների հաղթող է, աշխարհի չեմպիոնի տիտղոսին է արժանացել նաեւ մինչեւ 12 եւ մինչեւ 14 տարեկանների մրցաշարերում: Լեւոնը դարձել է նաեւ Հայաստանի չեմպիոն: Այս տարի նա 2724 վարկանիշով տեղ զբաղեցրեց աշխարհի ուժեղագույն շախմատիստների տասնյակում: Անշուշտ, Խանտի Մանսիյսկից հետո նրա վարկանիշն էլ ավելի կաճի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ