«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2005-12-16 | #231, 2005-12-17 | #232, 2005-12-20


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Տիգրան Պետրոսյանի հետնորդն աշխարհի գավաթակիր

Լեւոն Արոնյանն իր շախմատային հարուստ կենսագրությունում ամենանշանակալի հաջողությանը հասավ: Պոնոմարյովի հետ եզրափակիչ մրցախաղում Լեւոնը մոտ էր հաջողությանը դեռեւս 2-րդ պարտիայում, սակայն մրցակիցը հմտորեն պաշտպանվելով, կարողացավ հասնել ոչ-ոքի արդյունքի: Եվ ահա լրացուցիչ երկու պարտիաներում, որոնք անցկացվեցին արագ շախմատի կանոններով, Լեւոնը պարզապես հրաշալի խաղաց եւ վստահ հաղթանակներ տոնեց:

Լեւոն Արոնյանի հաղթանակի օրինաչափությունը ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Հայ գրոսմայստերը վստահ հաղթահարեց մրցաշարի բոլոր 7 փուլերի արգելքներըՙ այդպես էլ չճաշակելով պարտության դառնությունը: Անցկացրած 18 պարտիաներից 10-ում Լեւոնը հաղթել է, 8-ն ավարտել ոչ-ոքի: Նման ուժեղ կազմ ունեցող մրցաշարում այսպիսի արդյունքի հասնելը մեկ անգամ եւս վկայում է Արոնյանի շախմատային տաղանդի մասին: Պատահական չէ, որ մասնագետներից շատերը Արոնյանին համարում են Տիգրան Պետրոսյանի հետնորդը:

Աշխարհի գավաթակրի կոչման հետ մեկտեղ Լեւոն Արոնյանն իրավունք ստացավ մասնակցելու աշխարհի առաջնության հաջորդ փուլի հավակնորդների մրցաշարին: Բացի հայ գրոսմայստերից, այդ իրավունքը նվաճեցին լավագույն տասնյակում տեղ զբաղեցրած Ռուսլան Պոնոմարյովը, Էթիեն Բաքրոն, Ալեքսանդր Գրիշչուկը, Եվգենի Բարեեւը, Բորիս Գելֆանդը, Սերգեյ Ռուբլյովսկին, Միխայիլ Գուրեւիչը, Գատա Կամսկին եւ Մագնուս Կառլսենը: Նրանց կմիանան Սենտ Լուիսում այդ իրավունքը նվաճած Պյոտր Սվիդլերը, Ալեքսանդր Մորոզեւիչն ու Վիշվանաթան Անանդը, ինչպես նաեւ Ռուստամ Կասիմջանովը:

Հաջորդ տարի Արոնյանին սպասում են ավելի լուրջ փորձություններ: Նա առաջին անգամ կմասնակցի Լինարեսի շախմատային գերմրցաշարին, ինչպես նաեւ հանդես կգա ուժեղ կազմ ունեցող Վեյք Ան Զեեի մրցաշարում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4