«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2005-12-16 | #231, 2005-12-17 | #232, 2005-12-20


ՎԱԼՈՒԵՎԸ ՆՎԱՃԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ առաջին անգամ ռուսաստանցի բռնցքամարտիկը գերծանր քաշային կարգում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Բեռլինում կայացած մենամարտում ռուսաստանցի Նիկոլայ Վալուեւը միավորներով հաղթեց ամերիկացի Ջոն Ռուիսին եւ նվաճեց WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Մենամարտից առաջ մասնագետներից շատերը նախապատվությունը տալիս էին չեմպիոնի տիտղոսի հավակնորդ Վալուեւին, որը մոտ 40 կգ-ով (քաշըՙ 148 կգ) ծանր էր մրցակցիցՙ հասակով էլ 30 սմ-ով գերազանցում էր Ռուիսին: Բացի այդ, ամերիկացի բռնցքամարտիկն իր մենամարտերի մեծամասնությունը շահել էր միավորներով: Նոկաուտով նա հաղթել էր տասը տարի առաջ: Իսկ 1996 թ. Դեւիդ Տուայի հարվածից հետո ինքն էր տապալվել գետնին: Վերջին 10 տարիներին Ռուիսն ընդամենը 3 պարտություն էր կրելՙ միավորներով զիջելով Էվանդեր Հոլիֆիլդին, Ռոյ Ջոնսին ու Ջեյմս Թոունիին: Ճիշտ է, վերջինիս հետ մենամարտից հետո Ռուիսին հետ վերադարձրին կորցրած չեմպիոնական գոտին, քանի որ մրցակիցն արգելված խթանիչ էր օգտագործել:

Ընդհանուր առմամբ, մենամարտը դիտարժան չստացվեց: Երկու բռնցքամարտիկներն էլ զգույշ էին գործումՙ փորձելով հմտորեն դիմագրավել մրցակցի գրոհներին: Առաջին վեց ռաունդներում Ռուիսը որոշ առավելություն ուներ, սակայն հատկապես ավարտական ռաունդներում Վալուեւը բավական ակտիվ էր: Եվ դա էլ կանխորոշեց մենամարտի ելքը: Մրցավարներից երկուսը հաղթանակը շնորհեցին Վալուեւին (116-113, 116-114), իսկ մեկը գրանցեց ոչ-ոքի:

Մենամարտից հետո կայացած մամուլի ասուլիսում Վալուեւը հետեւյալն է նշել. «Հանուն այս պահի մարզվել եմ ամբողջ 12 տարի: Ներողություն եմ խնդրում ոչ այնքան դիտարժան մենամարտի համար, սակայն գլխավորն այն է, որ հաղթեցի ու արժանացա աշխարհի չեմպիոնի տիտղոսին: Սա ամանորյա ամենալավ նվերն էր, որ մատուցեցի ինքս ինձ: Սակայն այս պահին մտածում եմ ոչ այնքան այն մասին, որ ռուսաստանցի գերծանրքաշային աշխարհի առաջին չեմպիոնն եմ, այլ ինչպես անել, որպեսզի մի քանի անգամ հաջողությամբ պաշտպանեմ տիտղոսը»:

Իսկ Վալուեւի մարզիչ Մանվել Գաբրիելյանը հետեւյալ կարծիքն է հայտնել. «Ըստ ինձ դժվար մենամարտ ստացվեց: Եթե Ռուիսը այլ հնարքների չդիմեր ու մաքուր վարեր մենամարտը, ապա արդեն 5-րդ ռաունդում կպարտվեր: Ուստի Վալուեւի հաղթանակն ակնհայտ չի կարելի համարել: Սակայն Նիկոլայն այսօր շատ գեղեցիկ աշխատեցՙ Ռուիսին հաղթելով փաստորեն ձախ ձեռքով»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4