«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2005-12-17 | #232, 2005-12-20 | #233, 2005-12-21


ԱՆՍՊԱՌ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՐ ՄԵԾ ՌԵԺԻՍՈՐԸ

«Արվեստում Վարդան Աճեմյանն ունի այն դերը, ինչ երաժշտության մեջ Արամ Խաչատրյանը, նկարչության մեջ` Մարտիրոս Սարյանը»: Մեծարման այս խոսքերով թատերագետ Վարսիկ Գրիգորյանը ներկայացրեց հայ մեծանուն ռեժիսոր Վարդան Աճեմյանին նրա ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես-միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր ազգային գրադարանը: Թատերագետի ներկայացմամբ, Լենինականի թատրոնից իր ստեղծագործական աշխատանքը սկսած Աճեմյանը, որ 1938 թ-ից աշխատել է Սունդուկյանի անվան թատրոնում, մեծ վաստակ ունի ազգային դրամատուրգիայի զարգացման գործում, որի հիմքը, ռեժիսորի համոզմամբ, ազգային թատրոնի զարգացումն է: Ազգային դրամատուրգիայի մասին ինքըՙ ռեժիսորն ասել է. «Համաշխարհային արվեստի գագաթները կարելի է բարձրանալ ազգային արվեստի բարձունքները գրավելուց հետո միայն»: Թատերագետի խոսքերով, մասշտաբային մի շարք բեմադրություններից հետո ռեժիսորը հասկացավ, որ կարեւորը մարդն է, նրա կյանքը, սերը: Եվ սկսեց բեմադրել «Սեր եւ խարդավանք», «Հյուրանոցի տիրուհին» եւ այլ ներկայացումներ, իսկ ազգային դրամատուրգիայի զարգացման գործում մեծ դեր են ունեցել նրա «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ», «Երկիր հայրենի», «Ժայռը» եւ նման թեմաներով ներկայացումների բեմադրումը: «Պատահական չէ, որ տարիներ հետո Մոսկվայում ցանկացան բեմադրել պարոնյանական ռեպերտուարից նրա «Պաղտասար աղբարը»», հավելեց տկն Գրիգորյանը:

Նա խոսեց նաեւ Աճեմյանի «ծայրահեղ համեստ» մարդկային նկարագրի, նրա համակողմանիության մասին: Նա շատ լավ էր հասկանում նաեւ երաժշտությունից եւ նկարչությունից: Ի դեպ, ցուցահանդեսում «Ալբոմներ եւ մենագրություններ», «Խոսք մեծ ռեժիսորի մասին», «Աճեմյանական խոսք» խորագրերի կողքին ներկայացված էին նաեւ Աճեմյանի շարժերի եւ գծանկարների «Ժպիտներ» շարքը: «Աճեմյանն այդպիսին էր. նա հումորիկ էսքիզների միջոցով գնում էր դեպի իր թատրոնական տեսլականը», ասաց Վարսիկ Գրիգորյանը: Գծանկարների բնագավառում Աճեմյանի դրսեւորումները գնահատել է նաեւ Մինաս Ավետիսյանը. «Աճեմյանը բազմակողմանի տաղանդ է: Նա հասնում է հաջողության թե՛ թատրոնում, թե՛ նկարչության մեջ` շնորհիվ իր մարդ -օժտվածության: Մեյերխոլդի պես նա էլ բազմակողմանի է»:

Վախթանգովի արվեստով հետաքրքրված, հռչակավոր Մեյերխոլդին աշակերտած Վարդան Աճեմյանն իր կեսդարյա գործունեության ընթացքում բեմադրել է 200 ներկայացումներ: Թատերագետ Բախտիար Հովակիմյանի խոսքերով, Աճեմյանի «Բեկում», «Մարրոկո», «Մեծապատիվ մուրացկանները» ներկայացումները էտապային նշանակություն են ունեցել եւ երկար տարիներ մնացել են թատրոնի խաղացանկում: Նույնը պետք է ասել նաեւ ռեժիսորի մյուս գործերի բեմադրման իմաստով, ինչպես օրինակ «Պատվի համար»-ը, որը մինչ օրս առանցքային տեղ է գրավում Սունդուկյանի անվան թատրոնի խաղացանկում: Պրն Հովակիմյանը նշեց, որ Աճեմյանը մեծ վաստակ ունի երիտասարդ սերնդի կրթման գործում, իսկ Վարսիկ Գրիգորյանն էլ հավելեց, որ Աճեմյանն այն ակունքն է, որից պետք է սնվի երիտասարդ սերունդը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4