«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2005-12-17 | #232, 2005-12-20 | #233, 2005-12-21


ՀԱՍԱՆ ՁՈՐԱԳՅՈՒՂԻՆ

Եվրոպական դատարանի հետ հույս կապողների թիվն ավելանում է

Մայրաքաղաքի «Ձորագյուղ» ազգագրական թաղամասի հենց կենտրոնում, Փարաջանովի թանգարանի դիմաց էքսկավատորը դարձյալ տարերքի մեջ է, իսկ քաղաքաշինական կրքերի զոհ դարձած շրջակա շենքերի հերթական բնակիչները` հերթական տագնապի ու նյարդայնության: Շինարարությունն սկսվել է դեկտեմբերի 5-ին, Պարոնյան փողոցի թիվ 15 եւ Իսրայելյան փողոցի թիվ 43 շենքերի անմիջական հարեւանությամբ: Թե ով է հեղինակը, ոչ ոք հաստատ չի կարող ասել:

Բնակիչներից մեկին հաջողվել է ծանոթանալ շինարարական նախագծին, որի տակ գլխավոր ճարտարապետի ստորագրությունն է:

Ապագա կառույցը տեղավորվելու է 480 քառ. մ-ի վրա, ունենալու է 30 մ բարձրություն: Ըստ փաստաթղթի տերը Չարենցի 40, թիվ 25 տան բնակիչ Աիդա Խաչատրյանն է: Անկասկած, ինչպես ընդունված է հայկական իրականության մեջ, իրական հասցեատերը բոլորովին այլ մարդ է: Շշուկներ են տարածվում, որ մեծամեծներից մեկի որդին է ապագա 6 հարկանի բազմաբնակարանի տերը: Քաղաքի այս գայթակղիչ հատվածում ուրիշ մեկը դժվար համարձակվեր նման բան անել:

Երեկ շինհրապարակում եռուն աշխատում էր պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատար մեքենան:

«Ձորագյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման նախագծով Հրազդանի ձորին հենված այս հատվածը մեր քաղաքի ամենագողտրիկ անկյուններից մեկը կարող էր դառնալ: Այստեղ արդեն կառուցվել են մի քանի ցածրահարկ, հնաոճ շինություններ: Բազմահարկ շենքի առկայությունն անիմաստ է դարձնում ազգագրական թաղամասի գաղափարն էլ, նախագծի իրականացման հետագա փորձերն էլ:

Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի պատմելով թանգարանի շրջակայքի 800 քառ.մ տարածքը ժամանակին Վազգեն Սարգսյանը նվիրել է Հովսեփ անունով մի զինվորականի: Իրենք հենց այդ հատվածում, թանգարանից քիչ հեռու Փարաջանովի արձանը տեղադրելու վաղուցվա մտադրություն ունեն: Երբ այդ մասին հայտնել են զինվորականին, վերջինս հրաժարվել է այդ հողակտորից: Հետագայում հողատարածքը վաճառվում է ներկա անհայտ եւ հայտնի անձին: Այսօր էլ արձանի համար նախընտրելի տարածքը շինհրապարակից դուրս է, բայց դրա տեղադրումն անիմաստ է դառնում բարձրահարկ շենքի անմիջական հարեւանությամբ:

Փարաջանովի թանգարան տարեկան 10 հազար մարդ է այցելում Հայաստանից եւ արտերկրից: 2001 թվականին թանգարան այցելեց նաեւ Պուտինը: Այն ժամանակ ներկա շինհրապարակ դարձած տարածքը հարթեցին, կարգի բերին, որ կառավարական մեքենաների կայանելու տեղը հարմար եւ պատշաճ տեսք ունենա: Բազմահարկի կառուցումով տուրիստական ավտոբուսներն ու մեքենաները կզրկվեն կայանման վայրից եւ կայանելու դեպքում` շրջվելու հնարավորությունից: Աստված չանի, հրդեհի դեպքում հրշեջները նույնպես ազատ տեղաշարժվելու հնարավորություն չեն ունենա: «Քաղաքը տեր չունի, ոչ մեկին նման հարցերը չեն հետաքրքրում», ասում է Զավեն Սարգսյանը:

Բնակիչներին այլ խնդիր է հետաքրքրում: Այդ շենքի կառուցումը նրանց կզրկի արեւի լույսից, իսկ կանաչապատ բակ կամ այգի ունենալու մասին խոսելն ավելորդ է դառնում:

Իրականում արտառոց ոչինչ չի կատարվում: Նման խնդիր այս եւ Երեւանի մյուս համայնքների հազարավոր բնակիչներ ունեն: Այս դեպքում ընդամենը լրացվում է գերխիտ բնակեցված կենտրոնի պատահաբար ազատ մնացած մի հատված:

Սակայն շատ կարեւոր մի հանգամանք շրջանցել են նոր կառույցի հեղինակները: Հրազդանի ձորին հարող այս հատվածը սեյսմակայունության ամենակասկածելի ցուցանիշներն ունի: Սողանքագետների կարծիքով եւս բոլորովին աննպատակահարմար է այստեղ որեւէ շինարարություն սկսել, չնայած Հրազդանի գոտում օրինական ու ապօրինի ռեստորանների, սրճարանների, հյուրանոցների առատությանը:

Նույն արագությամբ, ինչ նախագիծն ընթացքի մեջ է մտել, բնակիչները դիմում-նամակներ են հղել հանրապետության նախագահին, քաղաքապետ Զախարյանին եւ Կենտրոնի ոստիկանության պետին ու թաղապետին, երեկ դիմել են նաեւ դատարան: Նրանք հասցրել են համոզվել նաեւ, որ սանիտարա-հակահամաճարակային տեսչությունից եւ սեյսմիկ կենտրոնից եւս կառուցապատման թույլտվություն չի եղել:

Ի դեպ, ոստիկանության պետից պատասխան է ստացվել, թե բնակիչների բողոքից հետո իրենք շինարարությունը դադարեցրել են եւ այդ հարցով դիմել են նաեւ քաղաքապետարան: Շինարարությունը, սակայն, բուռն ընթացքի մեջ է:

«Եթե դուք միջոցներ չձեռնարկեք, մենք կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»: Այսպես է ավարտվում բնակիչների դիմում-սպառնալիքը:

Քաղաքի կենտրոնում հողը ոսկուց թանկացել է եւ դրա առուվաճառքի բիզնեսն ամենաշահավետ ու յուղոտ հեռանկարն է խոստանում արագ հարստանալու մոլուցքով վարակված մեծ ու փոքր օլիգարխներին ու գործարարներին: Որեւէ խաղ չկա այդ մոլուցքի դեմ:

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում մի քանի հասարակական կազմակերպություններ խնդիրը քննարկելու են քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4