Ընթացիկ մրցաշրջանն իրոք ամենահաջողն էր «Բանանցի» 26-ամյա հարձակվող Արամ Հակոբյանի ֆուտբոլային կենսագրությունում: Նա ֆուտբոլիստի իր լավագույն հատկանիշները դրսեւորեց թե՛ առաջնության հանդիպումներում, թե՛ միջազգային մրցասպարեզներում` աչքի ընկնելով ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում ու ազգային հավաքականի կազմում: Ուստի օրինաչափ էր, որ մարզական լրագրողների եւ մասնագետների հարցման արդյունքներով Արամ Հակոբյանը ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Այսօր մրցաշրջան-2005-ի գլխավոր դափնեկիրը խմբագրության ցանկալի հյուրն է:
Արամ, շնորհավորում եմ լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու առթիվ: Կարծում եմ` դա բնավ էլ անակնկալ չէր քեզ համար:
- Նախ շնորհակալություն շնորհավորանքի համար: Իհարկե, ինքս էլ սպասում էի, որ հնարավոր է հաղթող ճանաչվեմ: Մինչ մրցույթի արդյունքների ամփոփումն ինձ էլ խոսակցություններ էին հասել, որ լավագույնն եմ ճանաչվել: Օգտվելով առիթից` շնորհակալական խոսքս եմ հղում նրանց, ովքեր իմ օգտին տվեցին իրենց ձայները: Իհարկե, բարձունքին հասնելը դժվար է, սակայն այնտեղ մնալն ավելի դժվարին խնդիր է: Ուստի պետք է ձգտեմ հաջորդ մրցաշրջանում արդարացնել իմ օգտին քվեարկած մարդկանց վստահությունը, բարձր պահեմ անունս` ձգտելով ավելի կատարելագործել վարպետությունս, ավելի որակյալ ու արդյունավետ խաղ ցուցադրել: Լավագույնի կոչումը պարտավորեցնում է ինձ:
- Հարցման արդյունքներն օրինաչափ համարո՞ւմ ես:
- Միանշանակ համամիտ եմ արդյունքների հետ: Լավագույն եռյակում տեղ զբաղեցրած Արմեն Շահգելդյանն ու Նշան Էրզրումյանն արժանի էին նման գնահատանքի: Շնորհավորում եմ նրանց:
- Կարծես ավանդույթ է դարձել, որ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո դափնեկիրը հաջորդ մրցաշրջանում մեկնի արտերկիր: Որքան տեղյակ եմ, Ալչեւսկի «Ստալից» հրավեր ունես:
- Այդ մասին դեռեւս առաջնության վերջնագծում ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանից էի տեղեկացել: Վերջին երկու շաբաթը գտնվում էի Ուկրաինայում: Սակայն ոչ թե հրավերով էի մեկնել, այլ պարզապես հանգստանալու, եղբորս տեսակցելու: Չնայած նախկին թիմակիցներիս` «Ստալի» ֆուտբոլիստների հետ նաեւ մարզվեցի, բայց ակումբի ղեկավարության կողմից ոչ մի առաջարկ չեղավ:
- Մի առիթով Սարգիս Իսրայելյանը նշել էր, որ ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլի հանդեպ վերաբերմունքդ փոխվել է:
- Այս առումով ինձ համար ուսանելի ու շրջադարձային եղավ անցյալ տարի Ուկրաինայում հանդես գալը: Ճիշտ է, ֆուտբոլային դպրոց եմ անցել, բավական ժամանակ հանդես եմ եկել Հայաստանի առաջնություններում, բայց այդ մեկ տարին ֆուտբոլային առումով ինձ լրիվ վերափոխեց: Ականատես եղա ֆուտբոլիստների պրոֆեսիոնալ դրսեւորումների, թե ինչպես են նրանք վերաբերվում իրենց աշխատանքին, ինչպես են իրենց նախապատրաստում խաղերին: Դա ինձ մեծ օգուտ տվեց:
- Ակումբի ղեկավարությունը դժգոհ էր թիմի մրցելույթներից ավարտված մրցաշրջանում, թեեւ «Բանանցը» կրկին դարձավ բրոնզե մրցանակակիր, թվային ցուցանիշներն էլ նախորդ տարվա համեմատ բարելավվել էին: Ինքդ ինչպե՞ս կգնահատես թիմակիցներիդ ելույթը:
- Համամիտ եմ ակումբի ղեկավարության գնահատականին: Ներկայիս «Բանանցը» թե՛ կազմով, թե՛ ունեցած պայմաններով ոչնչով չի զիջում Հայաստանի մյուս թիմերին, նույնիսկ առավելություն ունի, թեկուզ վերցնենք մարզաբազան, որ լավագույնն է հանրապետությունում: Նաեւ ֆինանսական առումով ոչ մեկին չենք զիջում: Եվ այսքանով հանդերձ, կարծես, դոփում ենք տեղում: Ինձ թվում է, արդեն ժամանակն է, որ լրջորեն պայքարենք չեմպիոնության համար:
- Շատերն այն կարծիքին էին, որ ավարտված առաջնությունում թիմերի խաղամակարդակն իջել էր, երկրի չեմպիոն «Փյունիկն» էլ իր կազմով ամենաթույլն էր ակումբի պատմության մեջ: Համամի՞տ ես այս կարծիքին:
- Այո: Օրինակ, 2003 թ. առաջնությունում թիմերն ավելի հզոր էին, ավելի գեղեցիկ ու մարտական խաղերի էինք ականատես լինում, մրցակցությունն էլ բավական թեժ էր: Իմ կարծիքով, դա առաջին հերթին պայմանավորված էր լեգեոնականների առկայությամբ: Նրանց եւ՛ քանակն էր մեծ, եւ՛ որակն էր բարձր: Որքան էլ տեղ տանք տեղի կադրերին, առանց որակյալ լեգեոնականների դժվար է բարձրացնել հայկական ֆուտբոլի խաղամակարդակը, միջազգային մրցասպարեզներում հաջողություն ակնկալել:
- Լեգեոնականների քանակով այս տարի «Բանանցը» յուրօրինակ ռեկորդակիր էր: Մրցաշրջանի ընթացքում նրանց կազմն անընդհատ փոփոխվում էր: Դա ինչ-որ տեղ չազդե՞ց թիմի մրցելույթների վրա:
- Միանշանակ բացասական ազդեցություն ունեցավ, քանի որ չհաջողվեց մրցաշրջանի ընթացքում մշտապես կայուն, հիմնական կազմով խաղալ: Լեգեոնականների հետ համագործակցություն հաստատելու, կապերը սերտացնելու համար ժամանակ էր անհրաժեշտ: Իմ կարծիքով, լեգեոնականների ընտրության հարցում ակումբի ղեկավարությունը սխալվեց: Սա, կարելի է ասել, ոչ ճիշտ սելեկցիոն աշխատանքի հետեւանք էր: Փաստորեն, բացառությամբ դարպասապահ Գանիեւի, մյուս լեգեոնականները կարճ ժամանակ հանդես եկան թիմում: Ընդամենը մի քանիսին կարելի է միայն նշել, որ իրոք օգուտ տվեցին թիմին:
- Մրցաշրջանը քեզ համար հիշարժան էր նաեւ այն բանով, որ եւս մեկ բարձունք հաղթահարեցիր` ընդգրկվելով «100-ի ակումբում»: Այսօր Հայաստանի առաջնություններում քո հաշվին 80 գոլ է գրանցված: Ի՞նչ ես կարծում, ե՞րբ կնշես 100-րդ գոլի հոբելյանը:
- «100-ի ակումբում» ընդգրկվելը եւս երազանքներիցս մեկն էր, որը նույնպես իրականացավ: Եթե ես 2 տարի խաղամ Հայաստանում, կարծում եմ, այդ բարձունքն էլ կհաղթահարեմ: Իսկ եթե բախտ վիճակվի արտերկիր մեկնել, ապա երեւի 30 տարեկանից հետո:
- Տարին նշանավորվեց նաեւ ազգային հավաքական վերադարձով: Կարծում եմ` մասնագետները քո խաղից դժգոհ չէին: Ինչպե՞ս կգնահատես ելույթներդ:
- Ամենակարեւորն այն էր, որ բավական մեծ ընդմիջումից հետո վերադարձա ազգային հավաքական: Շնորհակալ եմ Հենկ Վիսմանին, որ հավատաց ու վստահեց ինձ: Իսկ խաղիցս գոհ կամ դժգոհ լինելը նախեւառաջ պայմանավորված է հավաքականի ընդհանուր արդյունքից, որը բավարար համարել չի կարելի: Կարելի է թերեւս առանձնացնել վերջին հանդիպումն Անդորրայի ընտրանու հետ, որում գոլի հեղինակ դարձա: Այդ խաղից, իրոք, ես էլ գոհ եմ:
- Անշուշտ, հետեւում էիր աշխարհի առաջնության վիճակահանությանը: Ո՞ր հավաքականներին ես երկրպագելու:
- Բնականաբար, ընտրական մեր խմբի հաղթողներին` Հոլանդիայի եւ Չեխիայի հավաքականներին: Եվ եթե այդ թիմերը հաջող հանդես գան նաեւ եզրափակիչ փուլում, ապա մեկ անգամ եւս կապացուցվի, որ իրոք ուժեղ մրցակիցներ ունեինք:
- Պարզ է, դա ելնելով սկզբունքից: Իսկ ո՞ր հավաքականի խաղն է քեզ ավելի դուր գալիս:
- Իհարկե բրազիլացիների, որոնք գնդակի իսկական կախարդներ են:
- Ո՞ր երկրում կցանկանայիր խաղալ:
- Երազանքս, իհարկե, Իսպանիայի առաջնությունում հանդես գալն է, քանի որ իսպանացիների խաղաոճն ինձ ավելի հոգեհարազատ է: Իսկ իրական հնարավորություններս հաշվի առնելով` չէի հրաժարվի Ռուսաստանում կամ Ուկրաինայում խաղալուց:
- Խաղային ինչպիսի՞ իրավիճակներն են քեզ ավելի հոգեհարազատ:
- Օրինակ, ավելի շատ հաճույք եմ ստանում, երբ իմ փոխանցումից է խփվում գոլը: Դա ավելի բարձր եմ գնահատում, թեեւ գրոհները եզրափակելը եւս վարպետություն է պահանջում:
- Իսկ ֆուտբոլիստի մեջ ո՞ր հատկանիշներն ես ավելի բարձր գնահատում, կարեւորում:
- Առաջին հերթին պրոֆեսիոնալիզմը, որ ունակ լինեն ինքնուրույն իրենց նախապատրաստել հանդիպմանը, տրամադրվել պայքարին: Որքան էլ մարզիչը խստապահանջ լինի, արդյունք չի տա, եթե ֆուտբոլիստն ինքն իր վրա չաշխատի: Պրոֆեսիոնալիզմ, աշխատանք եւ ֆուտբոլային մտածելակերպ, առանց որոնց դժվար է գրագետ ֆուտբոլ ցուցադրել:
- Ֆուտբոլում ո՞վ է կուռքդ:
- Բոլոր ժամանակների համար` Պելեն, իսկ ներկա դրությամբ` Ռոնալդոն:
- Բացի ֆուտբոլից, ի՞նչ նախասիրություններ ունես:
- Ազատ ժամանակը սիրում եմ աշխույժ կոլեկտիվում, ընկերական շրջապատում անցկացնել, երաժշտություն լսել: Մեկ էլ շատ եմ սիրում մեքենա վարել:
- Մեքենաներից ո՞ր մակնիշն ես նախընտրում:
- «Մերսեդեսը», չնայած «Լադա-09» մակնիշի մեքենա եմ վարում:
- Քո կարծիքով, ֆուտբոլով հնարավո՞ր է Հայաստանում ընտանիք պահել:
- Կարելի է, նույնիսկ հնարավոր է բարեկեցիկ կյանք ապահովել: Սակայն այնքան ժամանակ, քանի դեռ խաղում ես: Հետագա կյանքդ չես կարող ապահովել:
- Իհարկե, դեռեւս վաղ է, սակայն մտածե՞լ ես, թե ֆուտբոլին հրաժեշտ տալուց հետո ինչով ես զբաղվելու:
- Ճիշտն ասած, չեմ մտածել: Ֆիզկուլտուրայի ինստիտուտը շուտով կավարտեմ: Երեւի թե մարզչական գործունեությամբ հետագայում կզբաղվեմ:
- Ֆուտբոլային մրցաշրջանը քեզ համար շատ հաջող դասավորվեց: Իսկ անձնական կյանքում այս տարի որեւէ ցանկալի իրադարձություն տեղի ունեցե՞լ է:
- Թերեւս ոչ: Քույրս ամուսնացավ «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Գալուստ Պետրոսյանի հետ:
- Առջեւում Ամանորն է: Քո մաղթանքները...
- Մեր հայ ժողովրդին առողջություն ու հաջողություն եմ մաղթում: Երազանքս է, որ մշտապես հայերի դեմքին ժպիտ երեւա, ուրախ դեմքեր տեսնեմ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ