«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2005-12-17 | #232, 2005-12-20 | #233, 2005-12-21


ԲՈՒԶԱՆԴԻ ԹԻՎ 15-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՎԵՐՋԻՆ 4 ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿԱՆԱՆՑ ՀԱՑԱԴՈՒԼԸ

Բուզանդի թ. 15 տան դեկտեմբերի 15-ից հացադուլ հայտարարած Սուսաննա Պողոսյանի, Գոհար Մխիթարյանի, Նունե Վարդունու եւ Անահիտ Մելքոնյանի վիճակն օր-օրի վատանում է, սակայն նրանք հրաժարվում են նահանջիցՙ շարունակելով սեփականության իրենց իրավունքը ոտնահարողների դեմ պայքարել հուսահատ վերջին քայլին դիմելով:

«Այս երկրում միայն լրագրողներից ենք շնորհակալ, միայն նրանք են հետաքրքրվում մեզանով, անհանգստանում մեր ճակատագրով: Մեզ այցելում են նաեւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ու Կարմիր խաչի աշխատակիցները, որոնք անկեղծորեն խոստովանում են, որ ոչնչով չեն կարող մեզ օգնել ու խորհուրդ են տալիս դադարեցնել հացադուլը, քանի որ Հայաստանում այդ ճանապարհով ոչնչի հնարավոր չէ հասնել, բացի սեփական առողջությունը քայքայելուց», ասում է Սուսաննա Պողոսյանը: Հացադուլավորներն ամեն վայրկյան սպասում են վտարման, նրանք տագնապած են, նյարդայնացած եւ անընդունակ հասկանալու իրենց հանդեպ դրսեւորվող անարդարությունն ու անհոգությունը:

Հացադուլավոր կանանցից երկուսըՙ Սուսաննա Պողոսյանն ու Անահիտ Մելքոնյանը վիրահատված են, նրանց ամեն օր այցելող թաղային բժշկուհին զգուշացնում է հացադուլի վնասակար ազդեցության մասին, սակայն կանայք անդրդվելի են:

Ամենայն հավանականությամբ հացադուլը կդադարի մի քանի օրից, քանի որ դատական ակտերի հարկադիր կատարման գրասենյակի աշխատակիցը երեկ հայտնվել է Գոհար Մխիթարյանի տան բակում եւ զգուշացրել հինգշաբթի օրը վտարվելու մասին:

Մյուս կանանց նա չի այցելել, սակայն դա հիմք չի տալիս ասելու, որ նրանց ավելի երկար ժամանակ է տրված իրենց տներում ապրելու: Տարածքն ազատելու հրամանն արդեն տրված է եւ որեւէ հացադուլավոր, թեկուզ մահվան եզրին գտնվող, անզոր է ազդելու «էլիտար» խավի ծրագրերի վրա:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4