Հայաստանը անհատույց կստանա իր ներկայացրած հայտից ավելի շատ գումար
Դեկտեմբերի 16-ին «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամից Հայաստանի իշխանություններին տեղեկացվել է, որ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի Հանրապետության հետ կնքելիք համաձայնագիրը, համաձայն որի Հայաստանին 5 տարի իրականացման ժամկետով կտրամադրվի 235,65 մլն ԱՄՆ դոլար: Այդ կապակցությամբ երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:
Փոխնախարարը հիշեցրեց, որ այս տարվա մարտին Հայաստանի կառավարությունը ամերիկյան կողմին ոռոգման եւ ճանապարհների նորոգման համար ֆինանսավորում ստանալու հայտ էր ներկայացրել: Այդ ընթացքում կատարվել են փոփոխություններ, որոնցից առաջինն այն է, որ բացի ոռոգման համակարգում իրականացվելիք բարեկարգումից, գումարներ են հատկացվելու ջրի մատակարարումից մինչեւ շուկա ընկած հատվածում գյուղացուն աջակցելու համար: Դրանք ենՙ ոռոգման նոր տեխնոլոգիաների ներդրում, ավելի բարձր բերքատվություն ունեցող մշակաբույսերի աճեցում եւ հետբերքահավաքային շրջանի աջակցություն: Տրամադրվող 235 մլն դոլարը կբաշխվի հետեւյալ կերպ: Գյուղական ճանապարհների նորոգման համար սկզբնական 57 մլն դոլարի փոխարեն կհատկացվի 67 մլն դոլար, ոռոգման 118 մլն դոլարի փոխարեն 145,6 մլն դոլար, այդ թվումՙ 32 մլն դոլար կայունության բաղադրիչը, ծրագրի կառավարման համար շուրջ 18 մլն դոլար, մոնիտորինգի եւ գնահատման համարՙ 5 մլն դոլար: Եվս 9 մլն դոլար նախատեսված է գյուղացիական վարկերի տրամադրման համար:
Ըստ Տիգրան Խաչատրյանի, այս ծրագրի հնարավորություններից կօգտվի շուրջ 200 հազար ընտանիք կամ 750 հազար գյուղական բնակիչ, որը կազմում է երկրի գյուղական բնակչության 75 տոկոսը: Դրա արդյունքում ակնկալվում է, որ գյուղական աղքատությունը կկրճատվի 6 տոկոսով: Շուրջ 300 համայնքների համար կկառուցվի մոտ 1000 կմ երկարությամբ 85 ճանապարհ, որը կազմում է «կենսական նշանակության» ճանապարհային ցանցի շուրջ 45 տոկոսը: Ընդ որում, ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարարը հավաստիացրեց, որ կառավարությունը չի սահմանափակվելու միայն ամերիկյան կառավարության հատկացված գումարներով եւ սեփական ռեսուրսների, «Լինսի» հիմնադրամի ու Ասիական զարգացման բանկի հաշվին նորոգելու է եւս 500 կմ ճանապարհ: Մի խոսքով, 5 տարի հետո ունենալու ենք համայնքային ճանապարհների բարեկարգ ցանց, իսկ յուրաքանչյուր համայնք ունենալու է առնվազն մեկ ելք դեպի մայրուղի:
Ոռոգման ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերականգնել 21 տարածաշրջանային ոռոգման սխեմա: Մասնավորապես ոռոգման 15 համակարգեր կվերափոխվեն մեխանիկականից ինքնահոսի, կվերականգնվեն կամ կկառուցվեն 7 ջրամբարներ, 200 կմ մայր ջրանցքներ, կարդիականացվեն 68 պոմպակայաններ, 15 տոկոս համաֆինանսավորման պայմանով կվերականգնվի ներտնտեսային ոռոգման ցանցը, ինչպես նաեւ կարդիականացվի Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգը: Գյուղատնտեսության կայունության բաղադրիչի մասով նախատեսվում է աջակցել ոլորտում իրականացվող բարեփոխումներինՙ ջրօգտագործողների ընկերությունների ինստիտուցիոնալ, վարչական եւ գործառնական հզորացմանը, ինչպես նաեւ ֆերմերներին հետբերքահավաքային եւ ոռոգման նոր տեխնոլոգիաների, վերամշակման եւ մարկետինգի վերաբերյալ խորհրդատվության տրամադրմանը:
Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ ծրագրի կառավարման օղակներում կընդգրկվեն նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Մինչեւ դեկտեմբերի 25-ը նրանք պետք է ներկայացնեն իրենց թեկնածուներին: Ինչ վերաբերում է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենի արտահայտած դիրքորոշմանը Հայաստանում սահմանդրական հանրաքվեի մասին, ապա փոխնախարարը նշեց, որ Հայաստանիՙ որպես հիմնադրամի առաջադրած չափանիշներին համապատասխանող երկրի գնահատականը տրվել է այս տարվա նոյեմբերի 8-ին եւ հաջորդ անգամ նման գնահատական կտրվի եկող տարվա նոյեմբերին:
Այդուհանդերձ, Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ գումարների տրամադրման պլանը դեռեւս չի կազմվել եւ «իրերի նորմալ ընթացքի դեպքում» պայմանագիրը կստորագրվի եկող տարվա հունվարին:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ