«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2005-12-20 | #233, 2005-12-21 | #234, 2005-12-22


ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ ԵՆ

Ու եթե իրավիճակը շարունակի վատթարանալ, մոտ 236 մլն դոլար դրամաշնորհը չի հասնի Հայաստան

«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամից Հայաստանը կստանա 235.65 մլն ԱՄՆ դոլար 5 տարի իրականացման ժամկետով: Ինչպես նշված է «Նյու Յորք թայմս» թերթի դեկտեմբերի 20-ի համարում հրապարակված «Միացյալ Նահանգները հաստատեց Հայաստանին տրամադրելիք դրամաշնորհը` պնդելով ապահովել քաղաքական ավելի լայն իրավունքներ» հոդվածում, Հայաստանին տրամադրված այս դրամաշնորհի հետ նախագահ Բուշի արտաքին օգնության ծրագիրը զգուշացնում է Հայաստանի իշխանություններին, որ աջակցությունը կարող է հետաձգվել կամ դադարեցվել, եթե քաղաքական իրավունքների իրավիճակը շարունակի վատթարանալ:

Երբ դեկտեմբերի 20-ին ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացնում էր ոռոգման եւ ճանապարհների նորոգման հայտը շահելու տեղեկությունը, ոչինչ չասվեց այդ որոշման ընդունման այլ հանգամանքների մասին: Ամենայն մանրամասնությամբ հանրությանը ներկայացվում են նման կլորիկ գումարի ձեռքբերումը եւ դրա ծախսման ուղղությունները, չանդրադառնալով այդ գումարի հետ «ձեռք բերված» գնահատականներին ու պահանջներին: Մինչդեռ, ըստ «Նյու Յորք թայմս»-ի, նոյեմբերի 27-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ կեղծումների եւ ընտրական վատ կառավարման մասին հայտարարությունների ի հայտ գալուց հետո «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան ծրագրի հաստատումը որոշ ժամանակով հետաձգել է:

Ավելին, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան խիստ նամակ է ուղարկել Հայաստանի նախագահին` պահանջելով քայլեր իրականացնել քաղաքական գործընթացի արդարությունը ապահովելու նպատակով: Ըստ կորպորացիայի կառավարիչ Ստեֆան Գրոֆի, իրենք պատրաստ են ծրագրից հանել այն երկրները, որոնք չեն գործում նախանշված ուղղությամբ: Ամեն դեպքում այս դրամաշնորհը տրամադրելիս հաշվի են առնվել «Ֆրիդըմ հաուս»-ի տվյալները, ըստ որոնց քաղաքական իրավունքները Հայաստանում խստորեն սահմանափակվել են, իրավիճակը վատթարացել է 2004-ին եւ դեռ չի բարելավվել: Ըստ «Ֆրիդըմ հաուս»-ի փորձագետների, կոռուպցիան Հայաստանում ավելի մեծ մասշտաբներ է ձեռք բերել: Ընդ որում, փորձագետների կարծիքով, առայժմ դեռ պարզ չէ, թե Հայաստանը ունի՞ ինստիտուցիոնալ կարողություն եւ անկախություն` շարունակելու բարեփոխումները:

Բայց եւ այնպես, Հայաստանը համապատասխանում է մի շարք ցուցանիշների: Մասնավորապես Հայաստանը բաց է առեւտրի համար, ունի վերահսկողության տակ գտնվող գնաճ, հարաբերականորեն ոչ թանկ եւ հեշտ է այստեղ բիզնես սկսելը, որոշ զարգացում կա կոռուպցիայի դեմ պայքարի առումով: Եվ ոչ միայն: Հայաստանն ավելացրել է առողջապահության եւ կրթության ոլորտներում արվող ծախսերը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4