«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2005-12-20 | #233, 2005-12-21 | #234, 2005-12-22


ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԱՇՆԱԿԱՀԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑԱՎ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԲԱՐԴ ԾՐԱԳՐՈՎ

23-ամյա տաղանդավոր դաշնակահար Արամ Ավետյանը, որն այժմ սովորում է Լոնդոնի Արքայական ակադեմիայի ասպիրանտուրայում (դասատու` պրոֆեսոր Հեմիշ Միլն), երեկ մենահամերգով հանդես եկավ կամերային երաժշտության տանը:

Նախնական կրթությունը Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում ստացած երիտասարդ դաշնակահարը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է եւ համերգներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում: Համերգային ակտիվ գործունեություն ծավալած երիտասարդ դաշնակահարը կազմակերպել է մի շարք համերգներ, որոնցում հանդես է եկել ե՛ւ որպես գեղարվեստական ղեկավար, ե՛ւ դաշնակահար, ե՛ւ կամերային անսամբլիստ, ե՛ւ կոնցերտմայստեր: Ուշագրավ է նրա մասնակցությունը 2001 թ. կայացած միջազգային «Palma d՛Oro» մրցույթում, ուր Արամ Ավետյանն արժանացել է երեք մրցանակների` Գրան պրի «Ոսկե արմավենի», առաջին տեղ եւ հատուկ մրցանակ: Իսկ 2001-2004 թթ. համերգներով հանդես է եկել Իտալիայի Ֆինալե, Լիգուրե, Վերոնա, Միլան քաղաքներում:

Համերգին ներկա դաշնակահարի մտերիմների խոսքերով, Արամ Ավետյանը հաճախ է համերգներով հանդես գալիս Հայաստանում` Եղեռնի, Անկախության օրերին եւ մի շարք այլ առիթներով: Ապրիլին նախատեսում է եւս մեկ համերգային ծրագիր: Մտերիմների խոսքերով, նա մեծ կազմակերպչական ջիղ ունի եւ ամեն ինչ անում է, որ հայ ժողովրդի պատիվը բարձր պահի տարբեր երկրներում:

Նախորդ երեկոյան կամերային երաժշտության տանը տեղի ունեցած մենահամերգին ներկաներն ունկնդրեցին դաշնակահարի նվագացանկից ուշագրավ եւ բարդ մի ծրագիրՙ Բախի Պարտիտա թիվ 6, Ռախմանինովի վարիացիաներ Կորելիի թեմայով, պրելյուդներ, Սկրյաբինի պրելյուդ եւ նոկտյուրն ձախ ձեռքի համար ստեղծագործությունները: Հարկ է նշել, որ թեեւ Արամ Ավետյանը մի քիչ վատառողջ էր, բայց մեծ պատրաստակամությամբ ելույթ ունեցավ: Նրա խոսքերով, այստեղ հանդիսատեսն ավելի խիստ է, թեպետ յուրաքանչյուր ելույթից առաջ էլ հուզմունք կա:

Համերգի ավարտին, մինչ հանդիսատեսը ծափահարում էր երիտասարդ դաշնակահարին, զրուցեցինք կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Իգոր Յավրյանի հետ: Դեկանի գնահատմամբ, Արամ Ավետյանը շատ է աճել: «Շատ հետաքրքրական էր լսել նրան, լսել, թե նա ինչպես է նվագում: Ինձ հատկապես դուր եկավ, թե նա ինչպես Բախ նվագեց: Արամն արդեն իսկական երաժիշտ է, ես ուշադիր հետեւում եմ, թե նա ինչպես է աճում եւ ցանկանում եմ նրան տեսնել միջազգային բեմերում եւ բարձր գագաթում», հավելեց դեկան Յավրյանը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Լուսանկարըՙ ՎԱՐԴԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4