«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2005-12-20 | #233, 2005-12-21 | #234, 2005-12-22


ԽՆՈՒՍՑԻՆ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ Է ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑՈՎ ԵՎ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ՊԱՏՄԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Տպագրվել է Խնուս գավառի քարտեզը

Ժողովրդական ավանդույթի համաձայն, Ադամի ու Եվայի վայելած դրախտը եղել է հենց Խնուս գավառի Հարամիկ հայաբնակ գյուղումՙ Բյուրակնի արեւելյան լանջերի ստորոտներին: Այս ավանդույթին անդրադարձ կա նաեւ Հայկական սովետական հանրագիտարանում, սակայն խնուսցիները ժամանակին տեղեկացել են իրենց պապերից ու համարել ժառանգաբար փոխանցված անբեկանելի ճշմարտություն: Այսօր էլ խնուսցիների շառավիղները տեղյակ են ավանդույթին ու նրանցից ավագներն իրենց դրախտի տեղը գիտենՙ Խնուսում է: Ավանդույթը, սակայն, պատմական իրողություն չէ, եւ խնուսցիները, բնականաբար, չեն բավարարվել ավանդույթի կարեւորմամբ:

Տպագրվել է Խնուս գավառի քարտեզըՙ 1000 օրինակով, 1:200.000 մասշտաբով: Պատվիրատուն «Խնուս» մշակութային հիմնադրամն է, հեղինակըՙ պատմաաշխարհագետ Գեղամ Բադալյանը, քարտեզագիրըՙ Վարդան Մխիթարյանը: Երեք տարի առաջ է սկսվել քարտեզի ստեղծման աշխատանքը, երբ դեռ չկար «Խնուս» մշակութային հիմնադրամը, բայց կային մտահղացումն ու պատմական գիտությունների դոկտոր էդիկ Մինասյանի հաստատակամությունը: 2005 թվականի փետրվարի 25-ին հիմնադրամի ստեղծումն արդեն աշխատանքն ամբողջացնելու եւ քարտեզը տպագրելու հնարավորություն է ընձեռել: Ֆինանսական հարցերն էլ լուծվել են Հրանտ Վարդանյանի եւ Էդիկ Մինասյանի օժանդակությամբ:

Հեղինակի ներկայացմամբՙ քարտեզը ստեղծվել է հայկական վիճակագրական նյութերի, մամուլի հրապարակումների ուսումնասիրմամբ: Քարտեզագրական նյութը եղել է 1911-12 թվականների թուրքական ռազմական քարտեզը, որը հասանելի է դարձել ռուսական ռազմահետախուզական ծառայությանը եւ Թիֆլիսում հրատարակվել ռուսերեն «Ասիական Թուրքիայի քարտեզի կրկնօրինակ» վերնագրով: Ժամանակակից տոպոգրաֆիական հիմքն էլ եղել է Թուրքիայի մշակութային ատլասը, որ հրատարակել են 1940 թվականին գերմանացիները: Թվարկված նյութերի համադրմամբ ստեղծվել է Խնուս գավառի (1914 թվականի դրությամբ) քարտեզը: Այն հնարավոր մանրամասնությամբ ներկայացնում է գավառը: Քարտեզում ներկայացված են գավառի բնակավայրերըՙ հայկականի եւ ոչ հայկականի տարանջատմամբ, համաձայն բնակչության քանակի, նշված են անգամ ագարակներն ու գոմերը: Քարտեզագրված են նաեւ պատմաճարտարապետական արժեքները, վանքերը, ուխտատեղիները, կամուրջները, բերդերն ու ամրոցները, իջեւանատները, գերեզմանատները, վարժարանները, օգտակար հանածոների հանքերը:

Կատարած աշխատանքի կարեւորությունը շնորհանդեսի ժամանակ ոչ միայն քարտեզի լինելիությամբ բացատրվեց, այլեւ պատմական հիշողության պահպանմամբ ու սերունդներին փոխանցելով: Շնորհանդեսի մասնակիցները, որ հիմնականում խնուսցիների շառավիղներ էին եւ ոլորտի մասնագետներՙ ստացան քարտեզի օրինակները: Գրադարաններին, դպրոցներին եւ բուհերին էլ տրվելու են օրինակներ: Վաճառքի համար նախատեսված է շատ փոքր քանակ:

«Խնուս» մշակութային հիմնադրամի նախագահ Էդիկ Մինասյանի հավաստմամբՙ հիմնադրամը չի սահմանափակվելու քարտեզի ստեղծմամբ ու տպագրմամբ:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4