«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2005-12-20 | #233, 2005-12-21 | #234, 2005-12-22


«ՓԱՌՔԻ ՇՔԱՆՇԱՆ»ՙ ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼԻՍՏ ՌԱԶՄԻԿՆԵՐԻ ՍՈՉԻԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՄՆԱՑ ԴԱՇՉՅԱՆԻՆ

«Հարյուրամյակի մեկենասներ» միջազգային բարեգործական հիմնադրամը եւ «Աշխարհի բարի մարդիկ» միջազգային ֆորումի կազմկոմիտեն հայտարարել են, որ Սոչիի «Ինտերնացիոնալիստ ռազմիկների եւ տեղային պատերազմների մասնակիցների բարեգործական հիմնադրամ» ոչ առեւտրային կազմակերպության նախագահ, «Մեկենաս» արծաթե շքանշանի ասպետ Մնաց Դաշչյանը պարգեւատրվել է «Ազգի փառք» շքանշանով: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տվյալներով, Մնաց Դաշչյանը Կուբանում հայտնի է բարեսիրական գործունեությամբ. նա սոցիալապես օգնում է Ռուսաստանում եւ այլուր կռված ինտերնացիոնալիստ ռազմիկներին, զոհված զինծառայողների ընտանիքներին, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:

Բացի դրանից, Դաշչյանի նախաձեռնությամբ եւ նրա կազմակերպության միջոցներով Սոչիում կանգնեցվել է զոհված ինտերնացիոնալիստ ռազմիկների եւ տեղային պատերազմների մասնակիցների հուշարձան:

Մնաց Դաշչյանը նաեւ հայ հասարակական շարժման եռանդուն մասնակից է: Նա Սոչիի Լազարեւսկոյի շրջանում հիմնել է «Համշենյան բակ» ազգագրական թանգարան, որի բացումը տեղի կունենա 2006 թ.:

«Ազգի փառք» շքանշանով պարգեւատրվում են ՌԴ առավել արժանավոր գործարարները, տնտեսական ու սոցիալական ծրագրերն առավել հաջող իրականացնող ձեռնարկատերերը: Դաշչյանի պարգեւատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2005 թ. դեկտեմբերի 22-ին, Մոսկվայում:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4