«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2005-12-20 | #233, 2005-12-21 | #234, 2005-12-22


ԱՐՈՆՅԱՆՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԸ ՆՎԻՐԵԼ Է ԽԱՆՏԻ ՄԱՆՍԻՅՍԿԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ

Լեւոն Արոնյանի շախմատի աշխարհի գավաթի նվաճումն, անկասկած, ավարտվող մրցաշրջանում հայ մարզիկների ամենանշանակալից հաջողությունն էր: Ուստի օրինաչափ էր, որ մարզական լրագրողները միաձայն Լեւոն Արոնյանին ճանաչեցին 2005 թ. Հայաստանի լավագույն մարզիկ: Ընդ որում, հարցման բոլոր 37 մասնակիցներն էլ Արոնյանի ազգանունը հարցաթերթիկներում նշել էին առաջինը, ինչը նմանատիպ հարցումների պատմության մեջ յուրօրինակ ռեկորդ է: Արոնյանը դեկտեմբերի 20-ի երեկոյան էր ժամանել Երեւան, իսկ երեկ կեսօրին շախմատիստի կենտրոնական տանը հանդիպեց լրագրողներին ու շախմատասերներին, որոնք ծափողջույններով ընդունեցին նրան:

Նախՙ բացման խոսքով Լեւոն Արոնյանին շնորհավորեց շախմատային մեկնաբան Գագիկ Հովհաննիսյանը, նշելով, որ այդ փառահեղ հաղթանակի շնորհիվ հայ շախմատիստն իր անհատական վարկանիշն ավելացրել է մոտ 18-ով եւ հունվարի 1-ի դրությամբ հրապարակվելիք ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր ցուցակում կզբաղեցնի 5-րդ տեղը: Այնուհետեւ Արոնյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Պարզվեց, որ աշխարհի գավաթը նա իր հետ Երեւան չի բերել, այլ նվիրել է Խանտի Մանսիյսկի հայ համայնքին, որի անդամները մրցաշարի օրերին աջակցել են Արոնյանին:

Պատասխանելով «Ազգի» հարցին, թե արդյոք իր կողմից դիվանագիտական քայլ չէ՞ր ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում իրեն հաղթողի հավակնորդ չհամարելն ու ամեն ինչ բախտին վերագրելը, Լեւոնը նշեց, որ երբեք դիվանագիտություն չի սիրել եւ իր խոսքերն անկեղծ են եղել: Արոնյանը մեկ անգամ եւս հաստատեց, որ իրոք, որոշ պարտիաներում մարզական բախտն իր հետ էր: Նա ընդգծեց, որ Իսրայելում աշխարհի թիմային առաջնությունից հետո բավական հոգնած էր, ուստի ժամանակ չունեցավ ինչպես հարկն է հատուկ նախապատրաստվել աշխարհի գավաթի խաղարկությանը: Այդ պատճառով էլ, ըստ Արոնյանի, մրցաշարի առաջին մասն իր համար առավել դժվար ստացվեց, թեեւ մեկնարկում 5 անընդմեջ հաղթանակ տոնեց: Նա հատկապես նշեց ղազախստանցի Սադվակասովի եւ իսպանացի Վալյեխոյի հետ պարտիաները, որոնցում ինքը դժվար իրավիճակներում էր հայտնվել, սակայն կարողացավ հաղթահարել հերթական արգելքները եւ մտնել հաջորդ փուլ: Իսկ Ռուսլան Պոնոմարյովի հետ մրցախաղում 2-րդ պարտիայում Լեւոնը հայտնվել էր ուժեղ ցայտնոտում, ուստի շտապել էր մրցակցին ոչ-ոքի առաջարկել: Ինչ վերաբերում է արագ շախմատի կանոններով անցկացված երկու պարտիաներին, ապա Արոնյանի կարծիքով առաջինում Պոնոմարյովը նյարդայնացավ, սխալ թույլ տվեց եւ պարտվեց: Իսկ երկրորդում դրա հետեւանքով իր հնարավորություններից ցածր հանդես եկավ: Ի դեպ, մինչ Պոնոմարյովի հետ հանդիպումը, նրա հետ անցկացրած մրցաշարերում Լեւոնը տոնել էր 3 հաղթանակ, 2 պարտիա ավարտել ոչ-ոքի:

Արոնյանը գտնում է, որ իր խաղում դեռեւս կան պահեր, որոնք շտկելու, կատարելագործելու կարիք են զգում: Աշխարհի գավաթի նվաճումն իր շախմատային կենսագրության մի ողջ ժամանակաշրջանի կարծես հանրագումարը դարձավ: Լեւոնն իր առաջին խոշոր հաջողությանը հասել է մինչեւ 12 տարեկանների աշխարհի առաջնությունում, որտեղ ի դեպ խաղում էին Էթիեն Բաքրոն ու Ռուսլան Պոնոմարյովը:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին, Լեւոն Արոնյանը տեղեկացրեց, որ մասնակցելու է Վեյք Ան Զեեի, Լինարեսի, Մոնակոյի մրցաշարերին, Հայաստանի հավաքականի կազմում հանդես է գալու շախմատային օլիմպիադայում, ինչպես նաեւ աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարում, որ կայանալու է 2006 թ. աշնանը: Լեւոնը նշեց, որ Վեյք Ան Զեեի մրցաշարին նախապատրաստվելիս հիմնական ուշադրությունը դարձնելու է ֆիզիկական պատրաստությանը, քանի որ այս տարի ավելի քան 100 պարտիա է խաղացել եւ բավական հոգնած է:

Օգտվելով առիթից, Լեւոն Արոնյանն իր շնորհակալությունը հայտնեց շախմատի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին, բոլոր նրանց, ովքեր ամեն կերպ աջակցում են հայ շախմատիստներին, նպաստում նրանց հաջողություններին: Նա նաեւ տեղեկացրեց, որ այսօր հայկական շախմատում կան հեռանկարային շախմատիստներ, որոնց հետ կարելի է հույսեր կապել: Եվ ընդհանրապես, Լեւոն Արոնյանը հավատում է հայկական շախմատի հետագա հաջողություններին եւ ինքն էլ առաջիկայում կնպաստի նվաճումների ձեռք բերմանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4