«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2005-12-20 | #233, 2005-12-21 | #234, 2005-12-22


ՊԱՐՏՔԻ ԳԻՏԱԿՑՈՒՄՈՎ ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՐԲԵՐԻՆ ՈՒ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ՉԿՏՐԵԼՈՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻՑ

Տարիներ առաջ Գավառի մանկատանը առաջին անգամ մոռացա մասնագիտական պարտականություններս եւ լաց եղա, երբ երեխաները երգեցին. «Ասում են, թե նա, ով մայր չունի... նա որբ է մեծացել»: Առժամանակ անց ինձ բացատրեցին, որ երեխաները որբ չեն, այսինքն, գոնե մեկ ծնող ունեն, պարզապես մանկատանը նրանք պատսպարվում են մուրացիկի, աղքատ թափառաշրջիկի տխուր կենցաղից: Նրանք սոցիալական որբեր են: Դրանց ավելացրած ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին ու նրանց խնդիրները` կստանանք երեխաների խոցելի խումբ կամ բանակ, որին սատար լինելը նախՙ պետության, ապաՙ հասարակության խղճին է ծանրացած:

«ՀՀ-ում գործում է ութ պետական եւ հինգ բարեգործական մանկատուն: 2005-ի տվյալներով հաշվառված է 11 000 հաշմանդամ երեխա, այդ թվում` աղքատության ընտանեկան նպաստի համակարգում` 4391, պետական մասնագիտացված մանկատներում` 340, իսկ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում հաշվառված է 5000 երեխա: ՀՀ ոստիկանության տվյալներովՙ այսօր հանրապետությունում հաշվառման մեջ են 36 մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխաներ», ասում է աշխատանքի եւ սոցապ նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը: Նրան հանդիպեցինք նույն նախարարության կազմակերպած կլոր սեղանի ժամանակ, որը նպատակ ուներ հասարակությանն ու մասնագետներին ներկայացնել Գյումրիում եւ Երեւանի Աջափնյակ համայնքում ներդրված Ընտանիքի եւ երեխաների սոցիալական աջակցման համայնքային երկու կենտրոնների եւ կառուցվող երրորդ կենտրոնի ստեղծման մասին: Դրանք նախատեսված են հատկապես հաշմանդամ եւ սոցիալական խնդիրներ ունեցող 6-18 տարեկան երեխաներին օրվա մեջ մի քանի ժամ խնամելու, նրանց ընտանիքներին սոցիալ-հոգեբանական խնդիրներով աջակցելու համար:

Երեւույթներ, որոնց պետք է արձագանքել միասնաբար

«Գործող օրենսդրական համակարգը պետք է այնպես բարեփոխել, որ ներառի թափառաշրջիկ եւ մուրացիկ երեխաների իրավունքների պաշտպանությունը»: «Չկան այնպիսի օրենսդրական նորմեր, որոնք հստակորեն պաշտպանեն երեխաներին անօրինական տեղափոխումներից, այդ թվում` արտասահման»: «Վերջին տարիներին հաճախակի են դարձել ծանր հիվանդությունները եւ մահվան դեպքերը` կրոնական տարբեր հոսանքներին եւ աղանդներին հարելու պատճառով»: «Հաշմանդամ երեխաների թիվը 1995 թ.-ի համեմատությամբ աճել է 60 տոկոսով»: «Մայրական մահացության Հայաստանի ցուցանիշը 4-5 անգամ գերազանցում է եվրոպական երկրների համանուն ցուցանիշի միջին մակարդակը»: «Չնայած հաջողվել է յոդացված աղի բարձր ցուցանիշը (83 %), յոդի դեֆիցիտը երեխաների մեջ կազմում է 30 %, կանանցՙ 33 %»: «Սնուցման խնդիրներն առավել արդիական են գյուղական վայրերում»: «Անժխտելի է այն փաստը, որ տարիներ անց կունենանք տարրական կրթություն չստացած մարդիկ, հետեւաբար կծագի նրանց կրթություն ստանալու հնարավորության ստեղծման խնդիր»: «Սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը բերել է նաեւ գիշերօթիկ հաստատությունների խնդիրների սրման»: «Որոշ գյուղական դպրոցներում ուսուցիչ չունենալու պատճառով չեն դասավանդվում առանձին կրթական առարկաներ»: «Շատ քիչ առաջընթաց կա հաշմանդամ երեխաներին հանրակրթական խնդիրներում ներգրավելու գործում»: «Տարբեր պատճառներով փակվել է միակ մանկական կինոթատրոնը»: «Չկան երեխաների իրավունքներով եւ հիմնախնդիրներով զբաղվող մանկապատանեկան կազմակերպություններ»: Փոխարենը «ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված է երեխաների հիմնախնդիրներով զբաղվող մոտ 300 կազմակերպություն»:

Սույն մեջբերումներն արված են Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի երրորդ փաստաթղթից, որ երեկ ներկայացվեց երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների համատեքստում: Անզեն աչքով անգամ երեւում է, որ չնայած վերլուծությունն ու ապագայի ծրագրերը գրված են ճապոնական մեկ միլիոնանոց վարկի վերջին մասի օգտագործման հավակնությամբ, սակայն բավականին մտահոգիչ տվյալներ են պարունակում: Ամեն դեպքում ծավալուն այս փաստաթուղթը ներկայացվեց հաշվված մասնակիցների ներկայությամբ, չնայած հրավիրված էին եւ մարզային, եւ միջազգային պատկան կազմակերպությունների ներկայացուցիչներ: Եվ որքան էլ աշխատանքի ու սոցապ փոխնախարար Ֆ. Բերիկյանը բացակայությունները պատճառաբանում էր մարզերի հեռավորությամբ ու շատերի զբաղվածությամբ, մտահոգիչ է, որ անգամ երեխաների իրավունքներին ու պաշտպանությանը կոչված մարմինները սոցապ նախարարության հրավերին պատասխանում են կիսադատարկ դահլիճով:

Ի դեպ, նմանատիպ մի սեմինար էլ վերջերս կազմակերպել էր հասարակական կազմակերպություններից մեկը: Ներկաները նույն փութաջանությամբ խոսում էին համայնքային կենտրոնների ներդրման մասին: Ստացվեց այնպես, որ ՀԿ-ներն ու սոցապը նույն երգն են երգում, բայց իրար գոնե լսել այնքան էլ չեն շտապում:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4