Առաջին անգամ հրապարակվեցին գործարար միջավայրի, տնտեսական ակտիվության եւ սպառողների վստահության ինդեքսները
Երեկ Հայաստանի Կենտրոնական բանկն առաջին անգամ հրապարակեց բաղադրյալ տնտեսական ինդեքսներ: Հրապարակելով դրանք, Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը նշեց, որ գնաճի նպատակադրմանը զուգահեռ Կենտրոնական բանկը հասարակությանը տրամադրելու է նոր գործիքներ, որոնցով պետք է պատկերացում կազմեն տնտեսության վիճակի մասին: Ի տարբերություն վիճակագրական ծառայության, որն ամփոփում եւ հրապարակում է տվյալները, պետք է լինեն այլ ծառայություններ, որոնք ամփոփում եւ կանխատեսումներ են անում առաջիկայի համար: Ինդեքսները արտացոլում են հասարակության այդ սպասումները եւ գնահատականները: Գործարար միջավայրի, տնտեսական ակտիվության եւ սպառողների վստահության ինդեքսները հաշվարկվում են հարցումների արդյունքների հիման վրա:
Գործարար միջավայրի ինդեքսը հաշվարկում է ռիսկերի եւ ընդհանուր տնտեսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ կազմակերպությունների գնահատականների միջինացման միջոցով: Ինդեքսները տատանվում են 0-ից մինչեւ 100 միջակայքում: եթե ձգտում է 100-ի, ապա այստեղ ակտիվություն է նկատվում, եթե 0-ի` նվազում, 50-ի միջակայքում կայուն է: Այս ինդեքսն, ըստ Տիգրան Սարգսյանի, ունի դրական միտում եւ գտնվում է միջին մակարդակում: 2-րդ եռամսյակում այն կազմել է 53,9, 3-րդ եռամսյակումՙ 52,2, 4-րդ եռամսյակումՙ 54,1:
Տնտեսական ակտիվության ինդեքսը որոշվում է թողարկման ծավալների, արտադրության պատվերների եւ պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների միջինացման միջոցով: Այստեղ հետեւյալ ցուցանիշներն են արձանագրվելՙ 2-րդ եռամսյակումՙ 72,2, 3-րդ եռամսյակումՙ 71, 4-րդ եռամսյակումՙ 53,6: Վերջին ցուցանիշի առնչությամբ մեր տված հարցին, թե ո՞րն է նվազման պատճառը, ԿԲ նախագահը պատասխանեց, որ դա սեզոնայնության հետեւանք է: Եթե վիճծառայությունը տնտեսական աճի ցուցանիշները ամփոփում է, սպասելով 4-րդ եռամսյակի արդյունքներին, մինչդեռ տնտեսական ակտիվության ինդեքսը սովորաբար 1-ին եւ 4-րդ եռամսյակների համար արձանագրում է նվազում: Դա պայմանավորված է այդ ժամանակահատվածում տնտեսական աճի մեջ կարեւոր տեղ ունեցող շինարարության ու գյուղատնտեսության ծավալների նվազմամբ: Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս ինդեքսը ցույց է տալիս սպասումների ներկա վիճակը եւ կանխատեսումներն առաջիկայի համար:
Ինչպե՞ս են ընտրվել կազմակերպությունները, մեր մյուս հարցին ԿԲ նախագահը պատասխանեց, որ դրանք ընտրվել են մեր տնտեսության կառուցվածքին համապատասխան: Սկզբնական շրջանում ընտրված են եղել 400 ձեռնարկություններ, հիմա արդեն դրանց թիվը հասել է 534-ի: Երկարաժամկետ հատվածում ձեռնարկությունների այդ հարաբերակցությունը պետք է պահպանվի, որպեսզի համեմատության հնարավորություն լինի:
Եվ վերջապես երրորդՙ սպառողների վստահության ինդեքսը ցույց է տալիս տնային տնտեսության եկամուտների, կենցաղային ծախսերի եւ զբաղվածության փոփոխությունները: Ուսումնասիրվել են 800 տնային տնտեսություններ: 2-րդ, 3-րդ եւ 4-րդ եռամսյակներում ինդեքսները կազմել են համապատասխանաբար 51,3, 50,9 եւ 51,5: ԿԲ նախագահը հայտարարեց, որ այսուհետեւ եւս եռամսյակը մեկ հրապարակվելու են այդ ինդեքսները, որոնք ցույց են տալու, թե տնտեսության մեջ ինչ ջերմաստիճան է ստեղծվել:
Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ ուսումնասիրությունները չեն իրականացնում անկախ կառույցները, Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ կան երկրներ, որտեղ այս հարցով զբաղվում են առանձին ինստիտուտներ: ԿԲ-ն շահագրգռված չէ, որ լինեն ոչ ճիշտ տեղեկություններ, ավելին, շահագրգռված է, որ դրանք լինեն ճիշտ, քանի որ գնաճի նպատակադրման քաղաքականության անցնելուց հետո այդ ինդեքսները պետք է նպաստեն իրական պատկերը ունենալուն:
Ինչ վերաբերում է գնաճի նպատակադրման քաղաքականությանը, ապա ԿԲ նախագահը հայտնեց, որ դրա նպատակն է միջնաժամկետ հատվածում, տվյալ դեպքում 3 տարում, գնաճի նպատակային ցուցանիշ համարել 3 տոկոսը: Եռամսյակը մեկ հայտարարվելու է գնաճի այդ նպատակային ցուցանիշը եւ ասվելու է, որ եթե դա կազմի ավելի մեծ թիվ, ինչ միջոցներ են կիրառվելու, որպեսզի այն զսպվի: Սա, ըստ Տիգրան Սարգսյանի, նշանակում է, որ ԿԲ-ի գործունեությունը դառնում է ավելի թափանցիկ եւ վերահսկելի:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ