«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2005-12-20 | #233, 2005-12-21 | #234, 2005-12-22


ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ ՌԱԶՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՆԴՐԴՎԵԼԻ Է ԵՎ ՉԻ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ՀԱՑԱԴՈՒԼԸ

«Ռազմիկ Սարգսյանի առողջությունը շարունակում է վտանգված մնալ` «Սարգսյանի առողջական վիճակը բավարար է» արդարադատության նախարարության կարգախոսի ներքո: Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում, ուր այժմ գտնվում է 130 օրից ավելի հացադուլի մեջ գտնվող Ռազմիկ Սարգսյանը (խմբ.), խախտվում է նրա բուժօգնություն ստանալու իրավունքը», ասվում է քաղաքացի Լալա Ասլիկյանից ստացված հաղորդագրության մեջ: Տկն Ասլիկյանը, հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչները, Ռազմիկ Սարգսյանի փաստաբաններն ու հարազատները դեկտեմբերի 19-ին այցելել են Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում գտնվող հացադուլավորին, որը բողոքել է սուր ցավերից, նշել հետանցքի շրջանում արյունահոսության առկայությունը: «Զինվորի պաշտպանության կոմիտե» (ԶՊԿ) մայրերի նախաձեռնող խմբի նախագահ Գոհար Արմենակյանը «Ազգին» հայտնեց, որ իրենց այցի նպատակն է եղել տղային համոզել դուրս գալ հացադուլից, բուժվել եւ մասնակցել դատավարությանը` ապացուցելու համար իր անմեղությունը:

Հիշեցնենք, որ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանը եւ Մուսա Սերոբյանը մեղադրվում են զինծառայողներ Մովսես Մկրտումյանի եւ Ռոման Եղիազարյանի սպանության մեջ, որի համար Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը նրանց դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Իրենց անմեղությունն ապացուցելու համար 3 երիտասարդներն էլ հացադուլ են հայտարարել, որից ամենաերկարը Ռազմիկ Սարգսյանի ժամկետն է` 130 օրից ավելի: Այժմ գործը քննվում է քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում, սակայն դեկտեմբերի 2-ին դատական նիստն անորոշ ժամանակով հետաձգվել է: Թե ինչպիսի մթնոլորտում են անցել վերաքննիչ դատարանում գործով ընթացող դատավարությունները, «Ազգը» ներկայացրել է: Նշենք, որ դեկտեմբերի 2-ին դատական նիստի անորոշ ժամանակով հետաձգումը կապված էր հացադուլի հետեւանքով Ռազմիկ Սարգսյանի առողջական խնդիրների հետ. հիշյալ դատական նիստի օրը մայրն ու որդին ուշաթափվել էին: Եվ թեպետ դատարան եկած շտապօգնության բժիշկն ասել էր, որ Ռազմիկը շտապ հիվանդանոցային բուժման կարիք ունի, այնուամենայնիվ ամբաստանյալին հանգիստ խղճով կրկին ուղեկցել էին մեկուսարան: Գրեթե նույն կարծիքն էին հայտնել նաեւ թե՛ նոյեմբերի 25-ին, թե՛ դեկտեմբերի 7-ին մեկուսարան այցելած 4 անկախ բժիշկները: Ի դեպ, հաղորդագրության համաձայն, դեկտեմբերի 7-ին ՀԿ-ների եւ լրագրողների ներկայությամբ երիտասարդին «ակնթարթային արագությամբ» զննել է նաեւ մեկուսարանի կողմից ներկայացած, բժշկական համալսարանի պրոֆեսոր Նազարեթյանը` տղայի վիճակը գնահատելով բավարար:

Մեզ հետ զրույցում Գոհար Արմենակյանը նշեց, որ դեկտեմբերի 19-ի այցի օրը իրենք համարյա կարողացել էին համոզել Ռազմիկին դուրս գալ հացադուլից, տեղափոխվել հիվանդանոց, բուժվել եւ մասնակցել դատավարությանը: Տիկնոջ խոսքերով, Ռազմիկի դատապաշտպաններն արդեն պայմանավորվածություն էին ձեռք բերել Ախտորոշման կենտրոնի հետ` հիշյալ կողմի գումարներով անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցկացնելու համար: ԶՊԿ նախագահ Գոհար Արմենակյանի խոսքերով, դրանից հետո իրենք խոսել են կալանավայրերի վարչության պետ Սամվել Հովհաննիսյանի հետ, որը սկզբում հիմք ընդունելով պրոֆեսոր Նազարեթյանի կարծիքը` ասել է. «Ես համոզված չեմ, որ Ռազմիկ Սարգսյանը մաքուր հացադուլավոր է»: «Ի՞նչ է նշանակում մաքուր հացադուլավոր չէ, եւ եթե ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ է տղան գտնվում հացադուլավորների խցում», հարց-զայրույթով վրա բերեց տկն Արմենակյանը: Տիկինը նշեց, որ հետո պրն Հովհաննիսյանը համաձայնել է երիտասարդի բուժմանը, բայց մեկուսարանի բուժմասում: Այս կապակցությամբ հաղորդագրության մեջ Լալա Ասլիկյանը նշում է. «Ռազմիկ Սարգսյանն արդեն գտնվել է այդ բուժմասում, որի ղեկավարը նշել է, թե Ռազմիկի վիճակը «շատ լավ է եւ շատ լավ էլ ուտում է»: Բացի այդ, քաղաքացին գրում է, որ ՀԿ-ներն ու փաստաբանները մտահոգված են մեկուսարանում ցուցաբերվող բուժօգնության անվերահսկելիությամբ: Տկն Արմենակյանի խոսքերով, Ռազմիկն էլ իմանալով, որ կրկին հիմնարկի բուժմասում պետք է բուժվի, նորից հացադուլից դուրս չի գալիս: «Այսօր մենք պատրաստվում ենք նորից հանդիպել մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ` հստակ իմանալու, թե ով պետք է այս երկրում պաշտպանի մեր իրավունքները` ի դեմս Ռազմիկ Սարգսյանի», հավելեց ԶՊԿ նախագահը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4