Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնությունում շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել «Բանանցի» նախկին հարձակվող, ՀՀ հավաքականի անդամ Արա Հակոբյանը: Նա այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ստալում», իսկ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են Դոնեցկի «Մետալուրգին»: Առաջնության 19-րդ տուրում «Վոլինի» հետ արտագնա խաղում Արա Հակոբյանի մոտ 40 մետրից խփած միակ գնդակը հաղթանակ պարգեւեց «Ստալին»: Արան խփեց Ուկրաինայի առաջնությունում իր 10-րդ գնդակը եւ այժմ լավագույն ռմբարկուների եռյակում էՙ ընդամենը 2 գոլով զիջելով առաջատարին:
Արա Հակոբյանը «Ստալի» հարձակման առաջատարն է, վայելում է թիմի երկրպագուների սերը: Ուկրաինայի առաջնությունում ներկայումս ընդմիջում է հայտարարված: Առաջնությունը կվերսկսվի փետրվարին, իսկ այդ ընթացքում բացվել է տրանսֆերային պատուհանը: Բնականաբար, Արա Հակոբյանի խաղը գրավել էր Դոնեցկի «Մետալուրգի» մարզիչների ուշադրությունը, որոնք ցանկանում էին հայ ֆուտբոլիստին կրկին թիմ հրավիրել: Սակայն օրերս «Ստալի» եւ «Մետալուրգի» ղեկավարների հանդիպման ընթացքում որոշվել է, որ Արա Հակոբյանը կշարունակի խաղալ Ալչեւսկում: Ինչ խոսք, այդ որոշումը ֆուտբոլիստի օգտին է, ով արդեն սերտ կապեր է հաստատել «Ստալի» իր խաղընկերների հետ, լավ համագործակցում է նրանց հետՙ հաջողությամբ եզրափակելով թիմի գրոհները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ