«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2005-12-21 | #234, 2005-12-22 | #235, 2005-12-23


2006 Թ. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԿԱԶՄԻ 39,1 ՄԼՐԴ ԴՐԱՄ

Բայց հարց է, թե բյուջեի ավելացումը որքանով կնպաստի կոռուպցիայի նվազմանը

«Կոռուպցիոն ռիսկեր առողջապահության ոլորտում, իհարկե, կան, բայց կարծում եմ, որ բյուջեի բարձրացմամբ այդ ռիսկերը կնվազեն», 2006 թ. առողջապահության բյուջեն ներկայացնելիս ասաց առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը: Որ առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկեր կան, իհարկե, մեղմ է ասված` սկսած նրանից, որ, օրինակ, շտապօգնության ծառայությունը անվճար է, բայց յուրաքանչյուր կանչի ժամանակ քաղաքացուց գոնե 8 հազար դրամ ուզում են: Լրագրողներից մեկի հարցը, թե դա անօրինականություն է` նախարարը չժխտեց: Հավատանք, որ իսկապես առողջապահության` սոցիալական ուղղվածություն ունեցող բյուջեի տարեցտարի ավելացումը կնպաստի կոռուպցիայի ահռելի նվազմանը հիշյալ ոլորտում:

Եկող տարվա առողջապահության բյուջեն, որը կկազմի 39,1 մլրդ դրամ, 2005 թ. համեմատ ավելացել է 7 մլրդ դրամով: Ըստ այդմ նախատեսվում է առանձնակի ուշադրություն դարձնել ամբուլատոր-պոլիկլինիկական բուժմանը, որը բնակչության բոլոր խավերի համար պետք է լինի անվճար` բացառությամբ ստոմատոլոգիական բուժման: Բուժօգնության այս տարբերակը ֆինանսավորվելու է բնակչության «մեկ շնչի հաշվով» սկզբունքով: Կբարձրանան տեղամասային թերապեւտների, մանկաբույժների եւ ընտանեկան բժիշկների (58,4 հազար դրամ), նեղ մասնագետների (մինչեւ 50 հազար դրամ), սանիտարական բժիշկների (45 հազար դրամ) աշխատավարձերը: Նախարարի ներկայացմամբ, եկող տարում կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռքբերման համար նախատեսվում է շուրջ 1,1 մլրդ դրամ, իսկ բժշկական սարքավորումների համար` 995,2 մլն դրամ: Առաջին անգամ բյուջեով գումար է նախատեսվել բուժհաստատությունների հիմնանորոգման համար` 343 մլն դրամ: Դժվարամատչելի հետազոտությունների համար հատկացումներն ավելացել են շուրջ երեք անգամ (3 հարյուր մլն դրամ), իսկ ծխախոտի դեմ պայքարի նոր ծրագրի համար կնախատեսվի 100 մլն դրամ: Նախարարը նշեց, որ մեթոդական ցուցումների մշակումից հետո առավել մանրամասն կտրվեն պետպատվերի շրջանակներում իրականացվելիք բժշկական օգնության եւ կազմակերպման վերաբերյալ տեղեկությունները: Ի դեպ, նախարարի խոսքերով, բյուջեի 50 տոկոսը կտրամադրվի մայրաքաղաքին:

2005 թ. ձեռքբերումների շարքում նախարար Դավիդյանը նշեց, որ վերանորոգվել են տասնյակ բուժհաստատություններ, իրականացվել եւ իրականացվում են մի շարք միջազգային ծրագրեր, եւ որ ամենակարեւորն է` ԱԺ-ում ընթերցվել է դեղորայքի եւ ընդունվել է առողջապահության մասին օրենքը:

Ինչ վերաբերում է հանրապետությունում տարածված եւ բոլորիս խիստ հուզող գրիպին, ապա նախարարի խոսքերով, նախօրեի դրությամբ իրենց տվյալներով գրանցված է եղել վարակիչ հիվանդությունների 6700 դեպք, հանրապետությունում համաճարակային վիճակ չկա: Նախարարը նշեց, որ ուրբաթ օրը իրենք 200 մլն դրամի պատվաստանյութ են ձեռք բերել եւ եկող շաբաթվանից կտրվի հատկապես ռիսկային խմբերին:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4