«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2005-12-21 | #234, 2005-12-22 | #235, 2005-12-23


ԸՆԹԵՐՑԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԵԼՔԻՆ

«Հանրապետությունում տարեկան հրատարակվում են առասպելական թվով գրքեր` մոտ 1500 անուն, որը 400-ով ավելի է, քան խորհրդային տարիների հրատարակությունները: Ունենք շուրջ 80 հրատարակչություններ, որոնցից 40-ը ակտիվ գործունեություն են ծավալում, գրանցված են նաեւ հրատարակչական գործի կազմակերպման մոտ 200 կազմակերպություններ», Ազգային գրադարանում գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված վերջին միջոցառման ժամանակ ասաց գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Հայ առաջին տպագիր գրքից մինչեւ մեր օրերի հրատարակչությունների («Ամարաս», «Տիգրան Մեծ», «Նաիրի», «Զանգակ 97» եւ այլն) ներկայացրած գրքերի ցուցահանդեսը նպատակ ուներ ընդգծելու, որ Մաշտոցի որոնումներով սկսված գործն այսօր էլ բարգավաճում է, եւ հայ գրքի հաղթարշավը շարունակվում է: Գրահրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Վահան Խաչատրյանի ներկայացմամբ, 1500 անուն գրքերից մոտ 10 տոկոսը` 150 անուն գիրք հրատարակվում է պետպատվերի շրջանակներում, մյուս մասը հրատարակչություններն են տպագրում: Թեեւ բավական մեծ թիվ է կազմում 1500 անուն գրքերի տարեկան տպագրումը, սակայն հարկ է նկատել, որ դրանց տպաքանակը միջինը 500-1000 է: Ասոցիացիայի նախագահը նշեց, որ այսօր թեպետ շատ հրատարակչություններ աշխատում են պատվերով` ընդ որում շատերը դրսից, սակայն նրանցից շատերը մեծ ռիսկի են դիմում. այսինքն` սկսել են ինքնուրույն նախաձեռնել որոշ գրքերի տպագրություն, իջեցնել շուկա եւ ներդրված գումարը հետ բերել: Հրատարակչությունների շնորհակալ, բայց ոչ այնքան շահավետ գործունեության մասին նշեցին նաեւ մյուս ներկաները:

«Եռակողմ` Ազգային գրադարանի, գրողների միության եւ գրահրատարակիչների կազմակերպած ցուցահանդեսի ժամանակ ներկայացված են ոչ միայն մեզ մոտ, այլեւ աշխարհասփյուռ տպագրական օջախներում տպագրված հրատարակություններ, որոնք ինչ-որ կերպ ներկայացնում են հայ գրքի անցած ճանապարհը», ասաց գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը: Գրահրատարակչական արտադրանքի նշված ցուցադրության առիթով գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ թեեւ այսօր մենք ընթերցասիրության, գրահրատարակչության ճգնաժամ ունենք, բայց այնուամենայնիվ մեր ժողովրդի գենետիկ ֆոնդում կա գրի, գրքի եւ գրչության նկատմամբ պաշտամունք, որն ինչ-որ տեղ կապված է մեր ժողովրդի անցած ճանապարհի հետ: Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանն էլ Մաշտոցի խորհրդանիշով անցած տարում կարեւորեց մեր ձեռքբերումները: Նրա խոսքերով, նախ այս տարում հրատարակվել են մի շարք արժեքավոր հրատարակություններ` Կորյունի «Վարք Մաշտոցի» աշխատությունը 5 լեզուներով, մի շարք միջազգային գիտաժողովներին նվիրված նյութերի ժողովածուներ: Պրն Արեւշատյանը հպարտությամբ խոսեց օրերս Վիեննայում կայացած միջազգային գիտաժողովի մասին: Նա նշեց, որ գիտաժողովի ժամանակ ռուս գիտնական Սերգեյ Մուրավյովն ապացուցեց, որ հայոց, վրաց եւ աղվանաց գրերի գործի կազմակերպողն ու ստեղծողը Մաշտոցն է: «Նա դա ապացուցեց գիտական, պատմական փաստերով, գրերի գծագրական կապերի միջոցով` ասելով, որ դրանք բոլորը մեկ հոգու ձեռագիր են», հավելեց Սեն Արեւշատյանը:

Ցուցահանդեսի ավարտին Մատենադարանի տնօրենը գրադարանին նվիրեց Ավստրիայի Գրաց քաղաքում հրատարակված Էջմիածնի ավետարանի ֆաքսիմիլային տարբերակը: «Այն տպագրվել է 4-5 տարի առաջ` 250 տպաքանակով, որոնցից 50-ըՙ փղոսկրյա, 200-ը կաշվե կազմերով են: Դրանք համարակալված են, Հայաստանում դրանցից 8 օրինակ կա», ներկայացրեց պրն Արեւշատյանը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4