«Բնապահպան լրագրողներին օգտագործում են հարց խճճելու համար». գործ խառնող են, պետք է վերահսկել դրանց
«Գիտություն եւ տեխնիկա» ամսագրի գլխավոր խմբագիր Հայկ Խաչատրյանի հրավիրած մամուլի ասուլիսին սեղանների վրա աման լվալու «Ռաքշայի» փոշի էր: Սեւանի պրոբլեմների վտանգավորությունը պարզաբանելու այսպիսի յուրահատուկ եղանակ էր ընտրել պարոն Խաչատրյանը: «Ռաքշայի» տուփը մատնացույց անելով նա ասաց, որ դրա բաղադրության մեջ ցիանիտի թթուների թույներ են:
Ասուլիսի գաղափարը ծնվել էր Սեւանի ավազանի Սոթք բնակավայրում ոսկու արդյունահանման նոր ֆաբրիկա կառուցելու հնդկական ծրագրին նվիրված քննարկման ժամանակ: Թե ինչ կապ ունի «Ռաքշան» Սոթքի հետ, Հայկ Խաչատրյանն այսպես բացատրեց: Ոսկու վերամշակման ժամանակ օգտագործվում է «Ռաքշայի» բաղադրության մեջ առկա նույն ցիանիտը: Հենց ցիանիտի հանգամանքն է շահարկվում ոսկու հանքավայրի նախագիծը տապալելու համար: Մինչդեռ այդ նյութն առկա է կենցաղային օգտագործման սովորական աման լվալու հեղուկի մեջ, որ բոլորիս նման օգտագործում է նաեւ Սեւանի ավազանի ափամերձ շրջանի բնակչությունը: Քանի որ Սեւանի կոյուղատարն արդեն տարիներ չի աշխատում, «Ռաքշայի» ցիանիտն էլ անարգել լցվում է Սեւան եւ վնասում նրան:
Սոթքին նվիրված քննարկումից հետո նա ծանոթացել է էլեկտրոնային մամուլին եւ նոր եզրակացություն արել, որ այս ասպարեզի լրագրողներին եւ հասարակական կազմակերպություններին հատուկ օգտագործում են Սոթքի խնդիրները խճճելու համար: «Կան հարցեր, որոնք ազգային, պետական նշանակություն ունեն, ուղղակի սենսացիաների հետեւից չպետք է ընկնել: Այդ հարցերից մեկը ոսկու նոր ֆաբրիկայի նախագիծն է»:
Անսպասելի էկոդաշտում հայտնված կենսաբանական գիտությունների հարգարժան թեկնածուն քննադատեց նաեւ մեր էկոլոգներին, որոնք խառնում են էկոլոգիա եւ բնապահպանություն հասկացությունները: «Էկոլոգիան եւ էկոնոմիկան նույն արմատից են, ասում է նա, նշանակում են տնարարություն, տնտեսության, արտադրության զարգացում: Եթե էկոլոգիան ճիշտ աշխատի, բնապահպանների կարիք չի լինի, քանի որ շրջակա միջավայրն էլ չի վնասվի: Իսկ Հայաստանում բնապահպանները մտածում են միայն օդի մաքրության մասին»:
Իր խոստովանությամբ, Հայկ Խաչատրյանը վերջին 4-5 տարում երբեւէ չի զբաղվել բնապահպանությամբ, ոչ էլ լավատեղյակ էր այս թեմայով լրագրողական հրապարակումներին: Այնուամենայնիվ, պարոն Խաչատրյանի մեջ բնապահպան լրագրողներին ճիշտ ուղու բերելու անսպասելի ցանկություն էր առաջացել, որն ի վերջո հանգել էր բնապահպան լրագրողների ակումբ կամ խորհուրդ ստեղծելու գաղափարին: Ակումբի կամ խորհրդի անդամները պարբերաբար պիտի հանդիպեն եւ արծարծվող թեմաները քննարկեն, նաեւ ստուգեն դրանց հավաստիության աստիճանը:
Լրագրողի հարցին, թե դատելով այն իրողությունից, որ Սոթքի մասին քննարկումից հետո պարոն Խաչատրյանը հեռացել է ոսկու արդյունահանման ձեռնարկության ղեկավարներից մեկին պատկանող ջիպով, կարելի՞ է ենթադրել նրանց եւ Հայկ Խաչատրյանի ջերմ հարաբերություններ, նա պատասխանեց. «Ես շատ վաղուց ճանաչում եմ իրենց, բայց քանի որ տրանսպորտային միջոց չունեի, ինձ կարող էր տանել ամեն ոք, այդ թվում ե՛ւ իրենցից, ե՛ւ բնապահպանության նախարարությունից, ե՛ւ Հակոբ Սանասարյանը...»:
Մենք նրան հիշեցրինք, որ Հակոբ Սանասարյանին նույն այդ ձեռնարկության ղեկավարը նույն օրը կոպտորեն արգելել է նույնիսկ մասնակցել քննարկմանը:
Սոթքի շուրջը կրքերը կրկին շիկանում են:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ