Դա յուրատեսակ մարտահրավեր է Հայոց ցեղասպանության թուրքական պաշտոնական թեզին
Դեկտեմբերի 13-ին «Ազգն» անդրադառնալով իրավագիտության դոկտոր, պրոֆ. Յուրի Բարսեղովի «Հայոց ցեղասպանությունը. Թուրքիայի պատասխանատվությունն ու միջազգային հանրության պարտավորությունները» վերնագրով Մոսկվայում հրատարակված երկհատոր աշխատությանը, մասնակիորեն անդրադարձել էր նաեւ Թուրքական պատմական ընկերության գործունեությանը: Նշվել է, որ դրա հիմքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցումն է, դեռեւս նախորդ վարչապետ Բյուլենթ Էջեւիթի օրոք «հայերի ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի» կարգադրություն ստացած այս ընկերությունը հրատարակում է «թուրքերի նկատմամբ հայերի իրագործած եղեռնի» թեմայով տարբեր գրքեր:
Պայքարի հարցում ընկերությանն աջակցում են Էրզրումի համալսարանի գլխավորությամբ բարձրագույն ուսումնական մի շարք հաստատություններ եւ հատկապես «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի ֆեդերացիան»ՙ ASEF-ը: Եթե ընկերությունը գրքեր է հրատարակում եւ Էրզրումի համալսարանի «թուրքերի զանգվածային գերեզմաններ» է հայտնաբերում, ապա մյուսները ֆեդերացիայի գլխավորությամբ կազմակերպում են պետական թեզին համապատասխանող այսպես կոչված գիտաժողովներ:
Երբ թուրքական պետական թեզի անվերջ «հիմնավորումը» հանգեցնում է ժխտողականության դիրքերի սպառմանը, միանգամայն անխուսափելի է դառնում հակաթեզերի առաջադրումը, ընդ որում հենց երկրի գիտական հասարակական շրջանակներում: Այսպիսով թեզի հետ վիճարկվում է նաեւ դրա «հիմնավորմանը» լծված հաստատությունների գործունեությունը:
Վիճարկման առումով ուշագրավ էր այս տարվա սեպտեմբերին Ստամբուլի «Բիլգի» համալսարանում «Օսմանյան հայերը կայսրության անկման շրջանում» թեմայով հրավիրված աղմկահարույց գիտաժողովը: «Ազգը» ժամանակին արձագանքել էր դրա աշխատանքներինՙ նշելով, որ գիտաժողովի շուրջը ծավալվող բանավեճերը նպաստել են մի շարք թուրք հեղինակների պաշտոնական թեզին հակասող հոդվածների հրապարակմանը:
Չպետք է սակայն մոռանալ, որ մինչ գիտաժողովը, որի հրավիրմանն է վերագրվում Հայկական հարցի վրա դրված տաբուի վերացումը Թուրքիայում, առանձին թուրք գործիչներ իրենց անձնուրաց գործունեությամբ ստեղծել էին պետական թեզի վիճարկման անհրաժեշտ բոլոր նախադրյալները: Միաժամանակ նրանք հրատարակել էին Հայոց ցեղասպանության մասին ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում լույս տեսած աշխատություններըՙ թերեւս դրանով էլ նպաստելով հասարակության իրազեկմանը: Այդ գործիչների մեջ առանձնակի տեղ ունի հայտնի իրավապաշտպան, հրապարակախոս եւ հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն: Շնորհիվ նրա ջանքերի միայն 2005 թ. «Բելգե» հրատարակչությունը Ստամբուլում թուրքերեն հրատարակեց բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանությունը եւ պատմական հիշողությունն» ու «Հայոց ցեղասպանությունը թուրքական աղբյուրներում» վերնագրով դոկտ., պրոֆ. Վահագն Տատրյանի հոդվածների ժողովածուի երկրորդ հատորը, որի առաջին հատորը հրատարակվել էր 2004 թ.-ին:
Ի դեպ, 2005 թ.-ին հետեւելով Զարաքոլուի «Բելգե» հրատարակչության օրինակին, «Փենջերե» հրատարակչությունն էլ Ստամբուլում թարգմանաբար հրատարակել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտ., պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց ցեղասպանություն. Հայասպանություն: Պատճառները, նպատակները, հետեւանքները» աշխատությունը, որի բնօրինակը 2002 թ. լույս էր տեսել Երեւանում:
Վահագն Տատրյանի ժողովածուն կազմել է ինքըՙ Ռագըփ Զարաքոլուն: Դա ունի նախաբան, վերջաբան եւ հավելված: 384 էջանոց աշխատությունն ամփոփել է սփյուռքահայ գիտնականի տարբեր ժամանակներում հրապարակված 7 հոդվածները: Դրանք առնչվում են Հայոց ցեղասպանության թուրքական աղբյուրներին, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերին բնաջնջելու որոշումը հաստատող օսմանյան փաստաթղթերին, դրանց խեղաթյուրման թուրք գիտնականների փորձերին, թուրքական ժխտողականությանը, հայերի ու հրեաների ցեղասպանությունների համեմատական նմանություններին եւ տարբերություններին, ցեղասպանությանը զոհ դարձած հայ երեխաներին, երիտթուրքերի գաղտնի խորհրդակցությանը, որտեղ ընդունվել էր հայերին բնաջնջելու մասին անգլիական աղբյուրներում «10 պատվիրան» կոչվող որոշումը, որը պարունակում էր որոշման իրականացումն ապահովող 10 հրահանգներ պետական իշխանության մարմիններին:
Հոդվածների ընտրությունը որեւէ կասկած չի թողնում ընթերցողին, որ Հայոց ցեղասպանությունը եղել է պետականորեն ծրագրված, իսկ հաջորդականությունը հստակ պատկերացում է տալիս բնաջնջման հայ ժողովրդի համար կործանարար հետեւանքների մասին: Սա յուրատեսակ մարտահրավեր է թուրքական պաշտոնական թեզին, եւ դա նետում է հենց Ռագըփ Զարաքոլուն, որովհետեւ ինքն է ընտրել պրոֆ. Տատրյանի հոդվածներն ու որոշել դրանց տեղադրման հաջորդականությունը ժողովածուում:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ