Այս տարի լրանում է գիտնական, բեւեռախույզ, մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի Հայաստան այցելության 80 տարին, որի առիթով երեկ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) Նանսենյան հիմնադրամը կազմակերպել էր գիտաժողով: Սարդարապատի անապատում գաղթականների համար կենսապայմաններ ստեղծելու առաքելությամբ 1925 թ. Հայաստան եկած Նանսենը հիացած էր մեր ժողովրդի ազնիվ ու բարոյական կերպարով: Հայ ժողովրդի հանդեպ Նանսենի մարդասիրական լայն գործունեության շնորհիվ չմեռավ հազարավոր ռազմագերիների, սովի ճիրաններում հայտնվածների, գաղթական ու անօթեւան մարդկանց ապրելու հույսը: Բավական է նշել միայն, որ նանսենյան անձնագրերով Եղեռնից մազապուրծ 3 հարյուր 20 հազար հայեր իրենց ծխացող վերքերով կարողացել են նոր օջախներ ստեղծել:
Հայոց եղեռնի, Հայ դատի կրքոտ պաշտպանի մասին Նանսենյան հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը նշում է, որ այսօր էլ նրա գրքերի շնորհիվ աշխարհն ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը: ՖրիտյոՖ Նանսենի մարդասիրական նշանակալի գործունեությունը բարձր գնահատեցին գիտաժողովի մյուս մասնակիցները, որոնք կարեւորեցին Նանսենի գաղափարների շարունակությունը նաեւ այսօր: Պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, որ 2 տարի առաջ պարգեւատրվել է «Նանսենյան հուշամեդալով», ասաց. «Շատ հաճելի է այսօր նման միջոցառումներ կազմակերպել, քանի որ երախտապարտ հայ ժողովուրդը կարողանում է գնահատել Նանսենի մեծ հումանիզմը. նա ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի համար մեծ մարդասեր էր»:
Նանսենյան գաղափարների ուսումնասիրման եւ պահպանման համար Հայաստանում գործում է Նանսենյան հիմնադրամը: ԳԱԱ փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանի խոսքերով, հիմնադրամի գործունեությունն ունի բարոյական նշանակություն եւ շարունակությունն է Նանսենի անմնացորդ նվիրման: Իր գործունեության ընթացքում հասարակական, քաղաքական, մարդասիրական սկզբունքների հաստատման եւ Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար հիմնադրամը Նանսենի անվան ոսկյա հուշամեդալով է պարգեւատրել ավելի քան 100 հոգու: Երեկ գիտության եւ արվեստի եւս 8 գործիչներ պարգեւատրվեցին այդ հուշամեդալներով:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ