7 մեդալներ հումք մթերող եւ վերամշակող ձեռնարկություններին
Արդեն 2 տասնամյակի կենսագրությամբ Ձորաղբյուրի պահածոների գործարանի «Արտաշես» ՍՊԸ-ն տարեկան 1,5 մլն դոլարի արտադրանք է արտահանում ԱՄՆ: Տեսականին հայկական ձմեռային խոհանոցի, ավելի ճիշտՙ ավանդական մառանի շուրջ 3 տասնյակ անուն բաղադրիչներն են` մուրաբաներ, ջեմեր, հյութեր, սմբուկի խավիար, որոնք մեծ պահանջարկ ունեն եւ 100 տոկոսով իրացվում են այստեղ: Այս ձեռնարկությունը տարածաշրջանում միակն է, որ որակի միջազգային բոլոր տեսակի ստանդարտները հաղթահարելով, վերջերս արժանացավ նաեւ Հիգիենայի միջազգային մրցանակի: Ձեռնարկության տնօրեն Արտաշես Գասպարյանն ասում է, որ հաջորդ տարի նախատեսում է նաեւ արտադրանքի 20 տոկոս աճ: Կառավարությունն իբրեւ օժանդակություն այս տարի 5 հա հող հատկացրեց ընկերությանը, եւ արդեն 1000 պտղատու ծառ են հասցրել տնկել:
Երեկ «Կոնգրես» հյուրանոցում «Արտաշես» ՍՊԸ-ն միակը չէր, որ իբրեւ լավագույն ձեռնարկություն ներկայացել էր ՀՀ գյուղնախարարության եւ ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից աջակցվող Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի մրցանակաբաշխությանը: «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալի արժանացան «Երեւանի կոնյակի գործարան», «ՄԱՊ», «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ները, «Աշոցքի պանրագործարան» ՍՊԸ-ն, «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն, «Եվրոթերմ» ՓԲԸ-ն: Այս բոլոր ձեռնարկությունների արտադրանքը մեծ պահանջարկ ունի ոչ միայն ներքին շուկայում, այլեւ միանգամայն մրցունակ է միջազգայինում: «Եվրոթերմ» ձեռնարկությունն անցած տարվա հազարի փոխարեն այս տարի 5 հազար տոննայից ավելի մթերում կատարեց: «Կիլիկիա» գարեջրի գործարանը 3 անգամ մեծացրեց արտադրության ծավալները:
Անցնող տարին առանձնացավ պտղի ու բանջարեղենի աննախադեպ առատությամբ, այնպես որ հատկապես ծիրանի, դեղձի ու խաղողի այգետերերը բերքն իրացնելու լուրջ դժվարությունների առաջ կանգնեցին: Տեղական շուկայում արդեն կայացած ձեռնարկությունները կարողացան խնդիրն առանց բարդությունների լուծել նույնիսկ հանրապետության ամենահեռավոր մարզերում ու գյուղերում: «Նրանք ճիշտ աշխատեցին գյուղացու հետ, ժամանակին, առանց ձգձգումների կատարեցին վճարումները, ինչը տարիներ առաջ մշտական բողոքի առարկա էր: Այս ձեռնարկությունները կարողացան ընդլայնել իրենց շուկան եւ արտադրության ծավալները», մրցանակները հանձնելիս ասաց գյուղնախարար Դավիթ Լոքյանը:
Որոշակի հաջողություններ են արձանագրել նաեւ կաթ ու միս արտադրող գործարանները: Վաճառքի պրոբլեմը վաղուց անհետացել է, գնորդը կա: Այսօր արդեն քննարկումների թեմա է դարձել գնային քաղաքականությունը:
1000-3000 դոլարի չեկեր հանձնվեցին նաեւ 1 տասնյակից ավելի ձեռնարկությունների` որոշակի տեխնոլոգիաների ու սարքավորումների ձեռքբերման համար:
Ամերիկյան 200 դոլարի սահմաններում դրամական պարգեւներ ստացան մթերող ձեռնարկությունների հետ առավել ակտիվ աշխատած ու բարձրորակ հումք ներկայացրած գյուղացիներն ու գյուղացիական տնտեսությունները:
Իհարկե, մթերողներին ու վերամշակողներին խրախուսելու համար ամեն տարի կազմակերպվող այս միջոցառումը, հենց նախարարի խոստովանությամբ, դեռեւս չի հենվում հստակ չափորոշիչների վրա: Առանձին ձեռնարկությունների համար, օրինակ, կոնկրետ թվեր ու ցուցանիշներ չնշվեցին: Հնարավոր է նաեւ, որ մրցանակաբաշխությունից դուրս մնաց ոչ պակաս արժանավոր որեւէ արտադրություն: Նախարարը սակայն հույս ունի, որ հաջորդ մրցանակաբաշխությունն այդ տեսանկյունից ավելի հստակված կլինի:
Հիմնադրամներ գյուղատնտեսության համար` 2006 թվականին
Ֆինանսների նախարարության կազմում ստեղծված Գյուղական ֆինանսավորման կառույցը 2006 թվականի հունվարի 1-ից ցածր տոկոսադրույքներով վարկեր կտրամադրի ձեռնարկություններին: Նպատակը վերամշակման ոլորտի խնդիրների մեղմացումն է լինելու:
Ի լրումն «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով եւս 8,5 մլն դոլար վարկային գումար կտրամադրվի գյուղատնտեսությանը: «Հնարավոր է, որ այս գումարի մի որոշակի մասը եւս տրամադրվի Գյուղական ֆինանսավորման կառույցին: Մենք ամեն ինչ անելու ենք, որ 2006 թվականին Հայաստանում սկսեն գործել գյուղատնտեսությունը ֆինանսավորող հիմնադրամներ, եւ ֆինանսավորեն այնպիսի մոդելով, ինչպիսին արդեն 100 տարի գործում է ԱՄՆ-ում: Այսինքնՙ կազմավորվի գյուղատնտեսության ոլորտը ֆինանսավորող բանկային համակարգ:
Ես հույս ունեմ, որ արդեն հուլիսին մենք կզգանք նաեւ ամերիկյան բանկային համակարգի ներկայությունը Հայաստանում», հանրապետության հումք մթերող ու վերամշակող ձեռնարկությունների ու ֆերմերների հետ հանդիպմանն ասաց գյուղնախարար Դավիթ Լոքյանը:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ