«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2005-12-23 | #236, 2005-12-24 | #237, 2005-12-27


ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ՆՅՈՒԹԵՐՆ ԱՌԱՏ ԷԻՆ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԲԵՐՔԻ ՊԵՍ

Հայ ժողովրդի հոգեւոր ու նյութական մշակույթի ուսումնասիրություններով զբաղվող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի համար անցնող տարին հարուստ էր Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի մարզերում կատարված հնագիտական պեղումներով հայտնաբերված պալեոլիթ-նեոլիթ-վաղ բրոնզ շրջափուլի, ուրարտական մշակույթի, ճարտարապետության, հելլենիստական շրջանի պաշտամունքային կառույցների, շինարվեստի բացառիկ նյութերով: Պեղումների մեծ մասը կատարվել է արտասահմանյան մի շարք երկրների գիտական կենտրոնների հետ համագործակցությամբ, պետական աջակցությամբ օգոստոսից պեղվել են միայն Հայաստանի նախկին մայրաքաղաքներ Արտաշատը, Արմավիրը, Դվինը, որոնք ֆինանսական սղության պատճառով երկար տարիներ անտարբերության էին մատնված: «Ավելի քան 15 տարի Հայաստանի մայրաքաղաքներում պեղումներ չէին կատարվել, հուշարձանները մնացել էին բացարձակ բարձիթողի վիճակում: Երկրի վարչապետի աջակցությամբ այս տարի ի վերջո հնարավորություն ստացանք այդ գործը վերսկսելու, եւ Արմավիրում հայտնաբերվեց ուրարտական շրջանի ուշագրավ մի տաճար: Արտասահմանյան արշավախմբերի հետ կատարված պեղումներից ամենանշանակալին Սիսիանում, Ներքին Գոդեձորում հայտնաբերված 5-4-րդ հազարամյակների բնակավայրն էր, որտեղ անսպասելի բացահայտվեց Միջագետքին բնորոշ ուբեյդյան գունազարդ խեցեղեն: Կատարյալ տեսքով պահպանված մեծ քանակությամբ խեցեղենը վկայում է 6-7 հազար տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական տեղաշարժերի ու զարգացումների մասին: Սա, կարելի է ասել, այս տարվա ամենամեծ անակնկալն էր: Ուշագրավ էին նաեւ Արարատյան դաշտի Առատաշեն եւ Ակնաշեն գյուղերում հայտնաբերված նեոլիթյան շրջանի մ.թ.ա. 7- 6 հազարամյակների վաղ երկրագործական մշակութային համալիրի նյութերի հետազոտման արդյունքները. եվրոպական տարբեր լաբորատորիաներում կատարված անալիզներով հաստատվել են քարի գործիքների հումքի աղբյուրները, իսկ ռադիոածխածնային անալիզներովՙ հնավայրի ստորին շերտերը թվագրվել են մ.թ.ա. VI հազարամյակի առաջին կեսով: Այս հուշարձանների պեղումները ուրախալի են այն իմաստով, որ առաջին անգամ են կատարվում Հայկական լեռնաշխարհի այս հատվածում, Արեւմտյան Հայաստանում թուրքական արշավախմբերը եվրոպացիների հետ արդեն մի քանի տասնյակ նման հուշարձաններ են պեղել եւ հիանալի արդյունքներ ստացել: Թվում էր, թե այդ մշակույթի գոյությունը կապված էր Միջագետքին ավելի մոտ լինելով, սակայն պարզվում է, որ Արարատյան դաշտավայրը նույնպես հետ չի մնացել այդ զարգացած մշակույթից», ասում է ինստիտուտի տնօրեն Արամ Քալանթարյանը:

Ֆրանսիացի ու բրիտանացի հնագետների հետ պեղել են Իջեւանի Հովք գյուղի տարածքում հայտնաբերված քարայրները, իսկ հայ-ամերիկյան արշավախմբի Գեղարոտ գյուղի հեթանոսական տաճարում հայտնաբերած նյութերը վկայում են, որ այն գոյություն է ունեցել մ.թ.ա. 15-14 դարերից եւ մեծ հետաքրքրություն է ներկայացնում հայ հեթանոսական պաշտամունքի ուսումնասիրության առումով: Դժվար են ընթացել հատկապես Արաքսի ափի տաճարի պեղումները, քանի որ ամբողջ տարածքը գտնվել է ջրի բերած քարերի ու հողակույտերի տակ ու ծանրացրել հնագետների գործը: Անհատ հովանավորների օժանդակությամբ ինստիտուտի հնագետներն աշխատել են նաեւ Արցախում, մասնավորապես Շուշիում:

«Հայ բանահյուսության տեսական եւ տեքստաբանական արդի խնդիրների ուսումնասիրության» ծրագրով հետազոտվել են հայ առասպելաբանության առաջավորասիական եւ հինարեւելյան արմատները, հայ ծիսաերգային բանահյուսության խոսքային մոտիվների գործառույթները, Արեւելքի պատմավիպական կերպարների արտացոլումները հայ վիպական ավանդության մեջ, Թիֆլիսի հայ բանագիտական դպրոցի առանձին փուլեր: Հայտնաբերվել են «Սասնա ծռեր» հերոսավեպի պատումների արխիվային նոր տարբերակներ, ուսումնասիրվել են հայկական իրապատում եւ երգիծապատում հեքիաթները, հրատարակության է պատրաստվել «Հայ ժողովրդական հեքիաթների» 16-րդ հատորը: «Կատարված աշխատանքներն ամփոփելիս ինձ ամենից շատ զարմացնում է մեր գիտաշխատողների նվիրվածությունն իրենց գործին, թաքցնելու բան չէ, թե նրանք ինչ չնչին աշխատավարձ են ստանում: Ցավոք, աշխատավարձի ֆոնդն ավելացնելու մասին դեռեւս ոչ մի խոսակցություն չկա, դրա փոխարեն աշխույժ բանավեճեր են լսվում գիտության ոլորտում բարեփոխումներ կատարելու մասին: Որպես գիտության ոլորտի երկարամյա աշխատող կարծում եմ, որ բարեփոխումներ անելը նշանակում է Հայաստանում ամբողջապես թաղել գիտությունը: Անընդհատ խոսվում է օպտիմալացման, ինստիտուտների միացման ու նման այլ հարցերի մասին: Այդ մոտեցմամբ կքանդվեն տարիներով ստեղծված կառույցները ու դրանց վերականգնումն այլեւս անհնարին կլինի: Որքան էլ նշվում է, թե հայագիտական օջախները մտահոգվելու կարիք չունեն, սակայն դա մեզ չի հանգստացնում, քանի որ ծրագրվում է ակադեմիայի նախագահությունը վերացնել ու դրա փոխարեն հասարակական կազմակերպություն ստեղծել: Սա, ըստ իս, ճիշտ մոտեցում չէ ներկա փուլում, երբ Ադրբեջանի նախագահն ու կառավարությունը հակառակ քաղաքականությունն են տանումՙ էլ ավելի ամրապնդելով իրենց ակադեմիայի դիրքերը: Արցախում հայերի 19-րդ դարի 70-ական թվականներին հայտնվելու վերաբերյալ Ալիեւի վերջին հայտարարությունները սոսկ խոսքեր չեն, քանի որ դրանք ապացուցելու եւ քարոզելու համար նա հսկայական ֆինանսական միջոցներ է հատկացնում: Իսկ մենք մեր ակադեմիային հասարակական կազմակերպության կարգավիճակ տալովՙ խեղճացնում եւ ծնկի ենք բերում հումանիտար գիտություններով զբաղվող ինստիտուտներին: Էլ ինչպե՞ս ենք նրանց քարոզչության դեմն առնելու ու ակադեմիական մակարդակով հակահարված տալու: Կասկած չունեմ, որ դա շատ վատ հետեւանքների կհանգեցնի, իրականում պետք է ուժեղացնել ակադեմիան, նկատի ունենալով այն զորեղ հանգամանքը, որ ակադեմիա ունեցող բոլոր երկրներում դրանք համարվում են գիտության գծով պետության գլխավոր մարմինը», ասում է Արամ Քալանթարյանը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4