Տարեվերջյան ավանդույթի համաձայն Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեկ ամփոփեց անցնող 2005 թվականը: Հեռացող տարվանից քաղաքապետը գոհ է, իր բնորոշմամբ` «մեծ ծրագրերի տարի էր», շատ բան հաջողեց իրականացնել: Դրանց շարքում նա թվարկեց տասնամյակներ լուծում չստացած այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են վթարային շենքերը, ինքնակամ կառույցները, Կոնդը, արտաքին լուսավորությունը, ոռոգումը: «Խճճված հարցերը Երեւանում, դժբախտաբար, շատ են: Տասնամյակներ դրանք չեն լուծվել, փոխանցվել են մի իշխանությունից մյուսը: Մենք փորձում ենք կամաց-կամաց, ծրագրված լուծում տալ դրանց»:
Երեւանը վերջնականապես կլուսավորվի միայն 2007 թվականին: 2006-ին ծրագրվում է 5 անգամ ավելի շատ դրամ (մոտ 500 մլն) ծախսել այս նպատակով, քան 2005-ին:
Առայժմ լուսավորվել են միայն 67 փողոցներ:
2005-ին վերակառուցվել եւ կառուցվել է 40 հազար 206 խմ երկարությամբ ոռոգման ցանց, որից 13 հզ. 272-ը` Ծիծեռնակաբերդի զբոսայգում: Ոռոգման ցանցի ամբողջական վերականգնումը, նոր խոստման համաձայն, կավարտվի գալիք տարում:
Ընդհանուր առմամբ քաղաքապետարանի կատարած աշխատանքների վրա ծախսվել է 21 մլրդ դրամ:
2 օրից... եւ 2006-ին
Իբրեւ տարեմուտի նվեր քաղաքապետն ավետիս տվեց չորրորդ կարգի վթարայնությամբ շենքերում բնակվող 42 ընտանիքների, որ 2 օրից շահագործման կհանձնվի նրանց համար նախատեսված առաջին բնակելի շենքը, եւ Ամանորը նրանք կարող են դիմավորել ամուր բնակարաններում: Սկսվել է այդպիսի մի բնակելիի շինարարություն նույնպես:
Վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման համար 2006 թվականին նախատեսվում է եւս 3 բնակելի կառուցել:
Ասենք, որ 2005-ին ամբողջապես ամրացվեց 3-րդ աստիճանի վթարայնությամբ 12 շենք:
2 օրից կավարտվեն նաեւ պանթեոնի նորացման աշխատանքները: Մասնավոր բարեգործական ներդրումներով եկող տարվա առաջին կիսամյակում այստեղ նաեւ մատուռ կկառուցվի:
Հրազդանի կիրճի վերականգնման, վերանորոգման աշխատանքներն են ավարտվել, 2 օրից շահագործման կհանձնվի նաեւ Կիեւյանից մինչեւ Դավիթաշեն ընկած հատվածը` հենապատերով, ասֆալտապատ: 2006-ին նախատեսվում է վերականգնել Դավիթաշենի կամրջից մինչեւ Արաբկիր ընկած հատվածը եւս:
«Լինսի» հիմնադրամի միջոցներով 2006 թվականին կսկսվի Հերացի-Սարալանջ-Ավետիսյան փողոցների շինարարությունը: Այս ճանապարհի վերակառուցումը նախատեսված է ավարտել 2 տարում:
2006-ին կշարունակվի դեռեւս չիրացված տարածքների իրացումը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից եւ քաղաքապետարանի դիմացի տարածքների համար արդեն մրցույթ է հայտարարվել: Եթե հաջողվի, գալիք տարի վերջապես կիրացվի նաեւ «Ֆիրդուսնոցը»:
2005-ին էր, որ հանրապետության նախագահի հովանավորության շնորհիվ վերջապես ճանաչվեց Կոնդ թաղամասի 1000 բնակիչներից 416-ի սեփականության իրավունքը գույքի եւ հողի նկատմամբ: «2006 թվականին իրացման տարածքներում մենք աշխատանքները պարտավոր ենք կազմակերպել այնպես, որպեսզի բողոքողների ու դժգոհողների թիվը քիչ լինի: Վճռականություն կա հաշվի առնելու բոլոր քաղաքացիների խնդիրները եւ հոգսերը: Մենք լավ գիտակցում ենք, որ գործ ունենք մարդկանց հետ, ովքեր տասնյակ տարիներ ապրել են այդ տարածքներում, եւ այս հարցում քաղաքային իշխանությունները պիտի ավելի ուշադիր լինեն»:
Ինչ չհաջողվեց կատարել
Քաղաքապետի խոստովանությամբ 2 գլխավոր ուղղություններով` քաղաքի մաքրության եւ տրանսպորտային փոխադրումների բարելավման առումով 2005-ի փոփոխությունները նվազագույն էին: Սակայն հույսեր կան, որ 2006 թվականի երկրորդ կիսամյակից արդեն ասիական հետամնաց երկրներին հատուկ պատկերները մասամբ կվերանան Երեւանի փողոցներից: Երեւանի քաղաքային խորհրդի նիստում համայնքների ղեկավարներին հանձնարարվել է անպայման ձեռք բերել աղբատար մեքենաներ: Նախնական պայմանագիր է ստորագրվել նաեւ մոսկովյան համապատասխան ընկերության հետ ե՛ւ այս կտրվածքով, ե՛ւ աղբավերամշակման գործարան կառուցելու: Այդ գործարանի կառուցումը ծրագրվում է սկսել եւ ավարտել մինչեւ 2008 թվականի վերջը:
Վերջում քաղաքապետը շնորհավորեց լրագրողներին շան տարվա առիթով, տեղեկացնելով, որ ինքը ծնվել է Շան համաստեղության տակ:
Այս շաբաթ 50 ավտոբուս կմտնի Երեւան
2005-ը ներքաղաքային փոխադրումների վիճակը չբարելավվեց: Քաղաքապետն ասում է, որ մի քանի օրից Երեւանում կլինեն 50 ավտոբուսներ եւս, այդպիսով կամբողջանա անցած տարեվերջին իր խոստացած 100 ավտոբուսների լրիվ քանակը: Նախորդ տարվան հավատարիմ Երվանդ Զախարյանը եւս 100-150 նոր ավտոբուսներ ներկրելու խոստում տվեց: Այդպես ամեն տարի, մինչեւ դրանց թիվը հասնի 400-ի:
Ասենք, որ քաղաքապետարանը ավտոբուսների հարցով բանակցում է հոլանդական ընկերությունների հետ:
Ինչ վերաբերում է երթուղիների մենատեր միկրոավտոբուսներին, ապա ըստ քաղաքապետիՙ դրանք աստիճանաբար պիտի զիջեն դիրքերը:
Արդեն իսկ գերհագեցած փողոցներում 50 նոր փոխադրամիջոցների հայտնվելը, անկասկած, կսաստկացնի քաոսը ե՛ւ կանգառներում, ե՛ւ երթեւեկելի հատվածներում: Միկրոավտոբուսների եւ հատկապես տաքսիների աշխատանքը կանոնակարգելու ժամանակը մի բան էլ ուշացել է, եւ հույս էլ չկա, որ կլուծվի խոստումնառատ նոր տարում:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ