Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի 60-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում նախագահ Իլհամ Ալիեւն ադրբեջանցի պատմաբաններին կարգադրել էր ապացուցել, որ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիները բնիկ են, դրա համար խոստացել ֆինանսական լուրջ հատկացումներ, իսկ հայերին համարել էր եկվորներ, որոնք իբր այնտեղ են հաստատվել 19-րդ դարի 70-ական թվականներից, ցեղասպանության ենթարկելով ադրբեջանցիներին:
Ալիեւի հակագիտականությունն ու հակահայ խեղաթյուրումները խրախուսող ձեռնարկումների առնչությամբ դեկտեմբերի 27-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում հրավիրվեց Հայաստանի գիտնականների կլոր սեղան, որը վարում էր քաղաքական մեկնաբան Արամ Սաֆարյանը:
Առաջինը ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Հայկ Քոթանջյանը: Նա, դատապարտելով Ալիեւի վերոհիշյալ ձեռնարկումները, դրանց առնչությամբ առաջարկեց դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին, համանախագահներին, ինչպես նաեւ ՀՀ նախագահին եւ անվտանգության խորհրդի քարտուղարին: Քոթանջյանին լրացրեց ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտ Վլադիմիր Բարխուդարյանըՙ Հայաստանի ղեկավարության ուշադրությունը հայագիտության վրա հրավիրելու, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի պատմությունը գրելու եւ աշխատությունն անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ ռուսերեն հրատարակելու առաջարկներով:
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանը նշեց, որ որեւէ արտառոց բան չի պատահել, մենք հաղթանակած ժողովուրդ ենք, պետք է հանդես գանք հաղթողի արժանապատվությամբ: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Արամ Քալանթարյանը ընդգծեց ազատագրված տարածքների հայկական պատկանելության հարցը բարձրացնելու անհրաժեշտությունը, իսկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Հայկ Ավետիսյանը Հայաստանի իշխանություններից պահանջեց պետական մոտեցում ցուցաբերել հայագիտության նկատմամբ:
Արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանն ասաց, որ հարցն ունի գիտական եւ քարոզչական կողմ, մենք պիտի քննարկենք հարցի հենց քարոզչական կողմը, Ալիեւի պատվերը կհանգեցնի Ադրբեջանում ցածր մակարդակի աշխատությունների հրապարակմանը, որոնց աշխարհում ոչ մի գիտական հիմնարկ հաշվի չի առնելու: Նա միաժամանակ շեշտեց Հայաստանում ազգային քարոզչության կոնցեպցիայի բացակայությունը:
Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի բաժնի վարիչ Գրիգոր Գրիգորյանն ու ավագ գիտաշխատող Համլետ Պետրոսյանն անդրադարձան Շուշիում եւ ազատագրված տարածքներում կատարվող պեղումներինՙ նշելով, որ դրանց առնչությամբ Ադրբեջանն աղմուկ է բարձրացնում, դիմում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ընդհուպ ՀՀ արտգործնախարարություն, իսկ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն անտարբերություն են ցուցաբերում:
Վերջում մասնակիցները քննարկեցին Հայաստանի գիտնականների հայտարարությունը:
Հ. ՉԱՔՐՅԱՆ