Կրթության եւ գիտության համակարգում որպես առանձին ստորաբաժանում գործող լեզվի պետական տեսչությունը 2005 թ. մրցույթ էր հայտարարել հեռուստա եւ ռադիոընկերությունների շրջանում` որոշելու մայրենի լեզուն առավել անաղարտ պահողներին: Լեզվի տեսչության պետի խոսքերով, մամուլը չեն կարողացել ընդգրկել, որովհետեւ ի վիճակի չեն եղել համակողմանի ուսումնասիրել բոլոր թերթերն ու ամսագրերը: Երեկ ժուռնալիստների տանը կայացավ «Անաղարտ եթեր-2005» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ տեսչությունը հետեւյալ անվանակարգերում մրցանակներ հանձնեց հետեւյալ լրատվամիջոցներին. «Անաղարտ եթեր»` Հանրային ռադիոյին, «Անաղարտ ծրագիր»` Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրին, «Լավագույն լեզվամակարդակով հաղորդաշար»` «Արմենիա» հեռուստաընկերության «Դարը» հաղորդաշարին, «Լավագույն լեզվամակարդակով հաղորդավար»` «Հայլուր» ծրագրի հաղորդավար Արտակ Հերիքյանին, «Իմացաբանական հաղորդումներն առավել մաքուր հայերենով ներկայացնելու համար»` «Շանթ»-ի «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» ինտելեկտուալ խաղին, «Գործուն լեզվաքարոզչությամբ հեռուստաընկերություն»` «Ավետիս» հեռուստաընկերությանը` լեզվական խախտումների մասին հաղորդման համար: Տեսչությունը հետմահու մրցանակ էր սահմանել նաեւ իր ելույթները Ազգային ժողովում մաքուր հայերենով ներկայացնելու համար պատգամավոր Արտակ Առաքելյանին:
Բացի այս հիմնական անվանակարգերից, լրագրողական գործունեության ընթացքում լեզվի պահպանման եւ տարածման համար պատվոգրեր հանձնվեցին հեռուստառադիոընկերությունների եւս 11 լրագրողների: Թեքեյան մշակութային միության մրցանակակիր Երջանիկ Գեւորգյանի խոսքերով, մրցանակները սահմանվել են` հաշվի առնելով հետեւյալ չափանիշները` հաղորդումները եթերում են եղել ամբողջ տարվա ընթացքում, հնարավորինս բարձր մակարդակով է ներկայացվել մայրենին, նյութի մատուցման ձեւը, ճաշակը, հուզականությունը, վերնագրերը: Մրցանակակրի խոսքերով, մրցույթից իրենց համար շահեկանորեն դուրս են մնացել Fm-ները, քանի որ նրանց եթերաժամի «ջախջախիչ» մասը համերգներ եւ գովազդներ են, իսկ հաղորդումներն էլ բակային լեզվով են: Այս ֆոնի վրա նա մասնակիորեն առանձնացրեց «Արձագանք» ռադիոկայանին:
Ինչ վերաբերում է հեռուստառադիոընկերությունների եթերների կամ գովազդային վահանակների եւ առհասարակ լեզվի պահպանման ուղղությամբ արված աշխատանքներին, լեզվի տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը նշեց, որ իրենք մեծ աշխատանք են անում, իրականացնում են ԶԼՄ-ների լեզվական անաղարտության քաղաքականություն, սակայն դա չի կարող բավարարել ոչ իրենց, ոչ քաղաքացիներին: Այդ են վկայում բնակիչների հազարավոր ահազանգերը, ամեն քայլափոխի հանդիպող տառասխալներով լի գովազդային վահանակները:
Տեսչության պետը նշեց, որ գրեթե բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցներում հանդիպում են հիմնական սխալի` օտար խոսքը չի թարգմանվում ո՛չ լուսագրերով, ո՛չ բանավոր ձեւով, գովազդի լեզուն վատն է: Կա նաեւ հակասություն գովազդի օրենքում. «Գովազդի լեզուն հայերենն է» հոդվածի պահանջին հակասում է օրենքի «Մակնիշները չեն թարգմանվում» կետը: Պրն Միրզոյանը հույս հայտնեց, որ սա կլինի իրենց կազմակերպած վերջին մրցույթը եւ եկող տարում բոլոր լրատվամիջոցները այնքան լավ կաշխատեն, որ ընտրելու խնդիր չի լինի. «Ի՞նչ է, մեր լեզուն մեզնի՞ց ենք փրկում»: Իհարկե, ցավալի է, որ մայրենին պահպանելու համար հատուկ միջոցառումներ են պետք:
Լավրենտի Միրզոյանի խոսքերով, ուսումնասիրությունների ընթացքում իրենք գրանցել են լեզվի շուրջ 300 խախտում, գրանցվել են 5 մլն 5 հարյուր հազար դրամի տույժեր: Տեսչության պետը այս հարցում գոհ էր առաջին ատյանի դատարաններից, քանի որ տեսչությունը նրանց յուրաքանչյուր օր նշված խախտումներով գործեր է ուղարկում: Թեպետ լինում են նաեւ «ծիծաղելի» որոշումներ, հայցերը կարող են մերժվել անհեթեթ պատճառաբանություններով: Նրա խոսքերով, մարզերում անցնող տարում մարզպետարաններին կից ստեղծվել են լեզվի խմբեր: Նախատեսվում են նաեւ բուժհիմնարկներում տեղեկագրերի հայերեն լրացման համար հատուկ դասընթացներ բժիշկների համար:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ