Սախարովի անվան հայկական իրավապաշտպան կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղը մարզի այն եզակի հասարակական կազմակերպություններից է, ում աշխատանքը հասարակությանն իրոք տեսանելի է: Ավելին, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության իր բուն առաքելությանն ուղղված գործունեությունից բացի այս կազմակերպությունը նաեւ ուսումնամեթոդական ու աջակից կենտրոն է դարձել նոր ստեղծվող եւ զարգացող այլ ՀԿ-ների համար, նպաստելով նրանց կայացմանը, մեր երկրում քաղաքացիական հասարակության ձեւավորմանը: Նշված եւ այլ ուղղություններով 2005 թվականին իրականացված աշխատանքը ներկայացվեց մասնաճյուղի տնօրեն Սեյրան Մարտիրոսյանի հրավիրած տարեվերջյան մամուլի ասուլիսում:
Այս կառույցի աշխատանքում առաջինը, ինչպես ասացինք, իրավապաշտպան գործունեությունն է եւ իրավաբանական աջակցությունը քաղաքացիներին ու կազմակերպություններին: Անցնող տարվա ընթացքում կազմակերպությունը տարբեր եղանակներով անվճար իրավաբանական խորհրդատվություն է մատուցել ընդհանուր առմամբ ավելի քան 1,7 հազար քաղաքացիների եւ իրավաբանական անձանց, մասնակցել է 74 դատական գործերի քննությանը: Փաստաբանական աջակցություն է ցուցաբերվել տարբեր դատական ատյանների ուղղված 35 դիմումների ու հայցադիմումների կազմմանը: ՀՀ նախագահին, Ազգային ժողով, պետական կառավարման տարբեր օղակներ հասցեագրվել են տարբեր հարցերով 54 դիմումներ, հայտարարություններ, հարցումներ, միջնորդագրեր, որոնց ստացվել է 28 պատասխան: Լուրջ ուշադրություն է նվիրվել քաղաքացիների իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված լուսավորչական գործունեությանը: Այս ուղղությամբ կատարված աշխատանքը ներառում է ՀՀ օրենսդրությունը եւ միջազգային իրավունքի նորմերը լուսաբանող հուշաթերթերի մշակումը, բազմացումը եւ տարածումը, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ուսուցման մեթոդական ձեռնարկների, ուղեցույցների պատրաստումը, դասընթացների, սեմինար քննարկումների անցկացումը, հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումների կազմակերպումը, դպրոցականների, մանկավարժների, բուհերի ուսանողների, ՀԿ ներկայացուցիչների ուսուցումը եւ այլն: Կարեւորվել է մասնակցությունը օրինաստեղծման գործընթացներինՙ այս կամ այն դեպքերում մոնիտորինգի իրականացման, դիտողություններ եւ առաջարկություններ ներկայացնելու, հանրային քարոզչության իրականացման միջոցով:
Հաջողությամբ շարունակում է գործել Քաղաքացիական հասարակության դպրոցը երեք ուսումնական հոսքերով, որտեղ տարվա ընթացքում ուսուցում են անցել ՀԿ, ԶԼՄ, տեղական ու տարածքային կառավարման կառույցների 96 ներկայացուցիչներ: Գործում են ռեսուրս-կենտրոնը, իրավական եւ քաղաքացիական կրթության գրադարանը: «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից նաեւ ենթադրամաշնորհներ են տրամադրվել 16 ՀԿ-ների այնպիսի ծրագրերի համար, որոնք ուղղված են եղել համայնքների հասարակական, սոցիալական, մշակութային զարգացմանն աջակցության, դրանց հասարակական վերահսկողության կազմակերպման եւ այլ խնդիրների լուծմանը:
Գ. Մ.