«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2005-12-24 | #237, 2005-12-27 | #238, 2005-12-28


ԻՆՉՊԻՍԻՆ ԷՐ ԱՆՑՆՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԻՆ

2005 թ. Հայաստանի տնտեսության համար կարելի է հաջողված համարել: Եթե համառոտ արտահայտվենք, ապա կարելի է ասել, որ տնտեսական զարգացման տեմպերը բավականին հուսադրող են, բայց դրա արտացոլումը հասարակության կյանքում դեռեւս զիջում է տնտեսական զարգացման տեմպերին: Որո՞նք են արձանագրված հաջողությունները եւ ի՞նչն է խանգարում երկրի տնտեսական առաջընթացին:

Աննախադեպ աճ եւ... ստվեր շինարարությունում

Անցնող տարվա ընթացքում ամենալուրջ աճ արձանագրած ճյուղը շինարարությունն է: Հատկապես մայրաքաղաք Երեւանում այն ընթանում է մեծ թափով: Ընդ որում, այստեղ էական դեր են խաղում ոչ միայն կառուցապատման ծրագրերը, այլեւ անհատական բնակարանաշինությունը: Շինարարության ոլորտում արձանագրված աճն այս տարի կազմել է մոտ 30 տոկոս, ինչը աննախադեպ է: Սակայն սրա հետ մեկտեղ պետք է հիշատակել առաջացող խնդիրները: Շատ հաճախ նորակառույց շինությունները խաթարում են մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը, չեն համապատասխանում քաղաքաշինական նորմերին եւ հետագայում լուրջ խնդիրներ են առաջացնելու: Հարկ է նաեւ ընդգծել, որ սա գերշահութաբեր ոլորտ է, մինչդեռ հարկային եւ սոցիալական վճարների գանձումը գտնվում է անմխիթար վիճակում: Այսինքն, ստվերի մեծ ծավալներ կան այստեղ:

Դրամը շարունակեց արժեւորվել

2005 թ.-ին շարունակվեց ազգային արժույթի ամրապնդումը: Վեճերը, թե դա տեղի է ունենում ներքին, թե՞ արտաքին գործոնների հետեւանքով, շարունակվեցին ամբողջ տարվա ընթացքում: Թերեւս ճշմարտությունը գտնվում է այս երկու մոտեցումների միջեւ: Այսինքն, երկու գործոններն էլ ունեցան իրենց ազդեցությունը: Ամերիկյան դոլարի արժեզրկումն ամբողջ աշխարհում նպաստում էր ազգային արժույթների արժեւորմանը: Բացի Հայաստանից, այս գործընթացը արդեն երկու տարի սկսվել եւ շարունակվում է տնտեսական աճ արձանագրող Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ մի շարք այլ երկրներում: Դրամի ամրապնդման նաեւ ներքին պատճառներով պայմանավորված լինելու բազմաթիվ ապացույցներից առանձնացնենք միայն երկուսը: Առաջինը, որ մեր երկրի համախառն ներքին արդյունքը 6 տարի առաջվա համեմատ կրկնապատկվել է, ինչը չի կարող իր ազդեցությունը չթողնել ազգային արժույթի վրա, եւ երկրորդ, գրեթե երկու տարի այդ գործընթացը շարունակվում է, ինչն այդքան երկար արհեստականորեն պահպանել հնարավոր չէ:

Նոր բջջային օպերատորի մուտքը շուկա

Անշուշտ տարվա նշանակալի իրադարձությունների թվում պետք է դասել բջջային կապի նոր օպերատորի մուտքը շուկա: VIVACell անվանումով գործող «Ղ-Տելեկոմ» ընկերության գործունեությունն անմիջապես իր դրական ազդեցությունը գործեց շուկայի վրա: Վերացան «Արմենտելի» իզի քարտերի հետ կապված տարատեսակ դժգոհություններն ու դրանց սպեկուլյատիվ վաճառքը, նվազեցին մատուցվող ծառայությունների գները, շուկայում գործող երկու ընկերություններն էլ սկսեցին տարբեր գրավիչ առաջարկություններով հանդես գալ իրենց բաժանորդներին շահագրգռելու նպատակով: Հայաստանը դարձավ երեւի ամենաբջջայնացված երկիրը, քանի որ յուրաքանչյուր հայի համար առնվազն անպատվություն է չունենալ բջջային հեռախոս: Կարելի է չունենալ լավ հագուստ, կոշիկ կամ չսնվել լավագույն սննդամթերքներով, բայց ոչ երբեք մնալ առանց հեռախոսի: Պատահական չէ, որ, ըստ «Վիվասելի» տվյալների, իրենք շատ կարճ ժամանակահատվածում միանգամից 100 հազար բաժանորդներ ձեռք բերեցին:

Էներգետիկ անկախությանն ուղղված քայլեր, որոնց, ցավոք, կարող է հակակշռել գազի գների բարձրացումը

Այս ոլորտում տեղի ունեցածը ավելին էր, քան նախորդ տարիներին: Սկսվեց Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը, որի մասին խոսվում էր արդեն 10-15 տարի, բայց գործնական շարունակություն չէր ունենում, քանի որ դրան դեմ էին երկու գերտերություններըՙ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը: 2005 թ.-ին սկսվեցին նաեւ Հրազդանի եւ Երեւանի ջերմաէլեկտրակայանների արդիականացման ծրագրերը, կառուցվեց առաջին հողմակայանը Պուշկինի լեռնանցքում: Վերջինիս շնորհիվ էլեկտրականությամբ կապահովվեն Ստեփանավան քաղաքն ու հարակից գյուղերը: Սակայն ինչպես այս ոլորտի, այնպես էլ երկրի տնտեսության համար լուրջ բացասական հետեւանքներ կարող է ունենալ գազի գների բարձրացումը, որը կարծես թե անխուսափելի է: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Ռուսաստանը առանձնակի մոտեցում չցուցաբերեց այս հարցում իր ռազմավարական դաշնակից Հայաստանի նկատմամբ, ինչն էլ իր բացասական հետեւանքները կունենա եթե ոչ Հայաստանի պետական քաղաքականության, ապա հասարակական կարծիքի վրա: «Գազպրոմի» այս որոշման պատճառով, եթե այն մեղմելուն ուղղված քայլեր չլինեն, Հայաստանի ձեռնարկությունների արտադրանքի ինքնարժեքը կբարձրանա, ինչը կնվազեցնի նրա մրցունակությունը հատկապես արտաքին շուկայում:

Արդյունաբերությունը զարգանում է անհամաչափ

Եթե սննդի եւ գյուղմթերքների վերամշակման արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը, հանքարդյունաբերությունը, ակնագործությունն ու ոսկերչությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները ավելի կամ պակաս հաջողությամբ շարունակել են աճ արձանագրել, ապա նույնը չի կարելի ասել, օրինակ, թեթեւ արդյունաբերության մասին: Հիմնականում կանանց աշխատանքով ապահովող այս ճյուղի ամեն պահի ձեռնունայն մնալու վտանգը միշտ էլ առկա է: Ի տարբերություն Հայաստանի արդյունաբերության մյուս ճյուղերի, որոնք կարողացան կողմնորոշվել նոր պայմաններում եւ համընդհանուր փլուզումից մի քանի տարի հետո աստիճանաբար վերակազմակերպել արտադրությունը, այս ճյուղի ձեռնարկությունները չնչին գներով ձեռք բերած տնօրենները եւ մյուս ղեկավար աշխատողները նախընտրեցին մաս-մաս վաճառել հաստոցները եւ ստացած գումարը փոխանակ ներդնելու նոր, ժամանակակից պահանջներին համապատասխանող արտադրություն հիմնելու համար, օգտագործեցին անձնական նպատակներով: Իսկ հիմնականում արտերկրի պատվերներով աշխատող ընկերությունները դրանց բացակայության դեպքում անմիջապես հայտնվեցին ձեռնունայն վիճակում: Ի դեպ, 90-ականներին առավել հաջողությամբ թալանված մեքենաշինության եւ հաստոցաշինության մոտ 150 ձեռնարկությունների վիճակը ընդհանրապես մնաց անփոփոխ:

Արդյունաբերության ոլորտում նշանակալից իրադարձություններից արժե հիշատակել «Արմենալի» վերազինումն ու տարեվերջյան գործարկումը:

Ջրային տնտեսություն եւ գյուղատնտեսություն

Դեռեւս 2004 թ.-ին «Հայջրմուղկոյուղու» կառավարումը ստանձնած ֆրանսիական «Սաուրին» այս տարի ավելացավ ֆրանսիական եւս մեկ կազմակերպությունՙ «Ժեներալ դեզ Օ»-ն, որը 10 տարով ստանձնեց Երեւանի ջրմուղ-կոյուղու կառավարումը: Ընկերությունն այդ ընթացքում պետք է իրականացնի մոտ 30 մլն դոլարանոց ներդրումային ծրագիր, նրա շահույթը կախված կլինի այն բանից, թե որքանով հաջող է իրականացվում համակարգի կառավարումը, սահմանափակվում կորուստները եւ հավաքվում վարձավճարները:

Ոռոգման ջրի համակարգի բարեփոխումները շարունակվեցին: Ջրօգտագործողների ընկերությունների կայացման գործընթացն արձանագրեց առաջին նկատելի հաջողություններըՙ հաջողվեց ոռոգման սեզոնի ընթացքում բավարարել գյուղացիների պահանջին համապատասխան ջրի մատակարարումը եւ նախորդ տարիների համեմատ առնվազն 2-3 անգամ բարձր գումարներ գանձել դրա դիմաց:

Ոռոգման համակարգի համար խիստ կարեւոր նշանակություն ունեցող ինքնահոս համակարգերի, ջրամբարների անվտանգության ամրապնդման ծրագրերը շարունակվեցին: Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագրերին եկող տարվանից հավանաբար կմիանա «Հազարամյակի մարտահրավերների» ծրագիրը, ինչը էապես կնվազեցնի ոռոգման համակարգի էներգատարությունը եւ կբարձրացնի նրա արդյունավետությունը:

Վերոնշյալից դատելով, պատահական չէ, որ գյուղատնտեսությունն այս տարի շինարարությունից հետո ամենաբարձր աճ արձանագրած ճյուղն է: Սակայն դրանով հանդերձ, գյուղատնտեսության ցուցանիշներին հարկ է մոտենալ վերապահումներով, քանի որ այստեղ, ըստ էության, գոյություն չունի քիչ թե շատ ճշգրիտ հաշվառում: Ցուցանիշները արձանագրվում են մարզպետարանների տրամադրած տվյալների համաձայն, որոնք շատ հաճախ, կախված այն հանգամանքից, թե ինչի համար են դրանք պահանջվում, հակասում են միմյանց:

Արհեստական մենաշնորհները տնտեսության աքիլլեսյան գարշապար

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ մեր երկրի տնտեսության համար ամենալուրջ խնդիրը ոչ միայն գազի սակագների սպասվող բարձրացումն է, այլեւ արհեստական մենաշնորհներն ու հակամրցակցային համաձայնությունները: Ամբողջական ոլորտներ շարունակվում են մնալ այս կամ այն օլիգարխի, խոշոր գործարարների տիրույթում: Բավական է միայն թվարկել դրանց մի մասըՙ շաքարավազի, հացահատիկի, բրնձի, ձավարային այլ կուլտուրաների ներմուծում, ցեմենտի, գաջի, թռչնի մսի, ձվի արտադրություն, ներհանրապետական եւ ներմայրաքաղաքային տրանսպորտային երթուղիների շահագործում եւ այլն: Բավական է թույլ տալ առողջ մրցակցություն այս եւ մեր չհիշատակած այլ ոլորտներում, գործարար մթնոլորտի բարելավման դրական արդյունքները իրենց երկար սպասել չեն տա:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4