«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2005-12-27 | #238, 2005-12-28 | #1, 2006-01-10


ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԴԻՄԵԼ Է ՅՈՒՆԵՍԿՕ-ԻՆ

Նախիջեւանի միջնադարյան հայկական գերեզմանոցի խաչքարերը սրբապղծելու եւ ոչնչացնելու ադրբեջանցի զինվորների արարքը խիստ անհանգստացրել է նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանին, որն իր մտահոգությունն ու հուզումն է արտահայտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնի ընդհանուր տեսուչ Կոիչինո Մացուրային ուղարկած նամակում: Ըստ պատրիարքարանից ստացված հաղորդագրության, պատրիարքն այդ ավերածությունն անվանել է մշակութային ցեղասպանություն ու խնդրել կասեցնել հայ քրիստոնեական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու ադրբեջանցիների չարակամ փորձերը: «Այդ խաչքարերը հայ քրիստոնեական քանդակարվեստի յուրահատուկ ստեղծագործություններ են եւ ունեն պատմական ու կրոնական կարեւոր նշանակություն», ասված է նամակում: Պատրիարքը հույս է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն միջազգային ազդեցություն կգործի Ադրբեջանի կառավարության վրա, որպեսզի վերջինս կատարի կրոնական ու մշակութային հուշարձանները պահպանելու իր պարտավորությունները:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4