«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2005-12-27 | #238, 2005-12-28 | #1, 2006-01-10


ԻՆՉ ՉԼԻՆԻ ԱՅՍ ՏԱՐՈՒՄ

Կենաց անանձնական

Ամանորյա կենացներում հնչում էին բոլոր այն ցանկությունները, որոնք հարկ է, որ իրականություն դառնան այս տարի: Կարգը խախտենք եւ ցանկանանք այն, ինչն ուզելն արդեն անիրատեսական է, բայց ի՞նչ իմանաս...

Ուրեմն թող.

Չլինի ոչինչ, որ կխաթարի հայերիս հանդարտ, ծույլ, «ժողովրդավարական եւ եվրոպամետ» ընթացքը:

Թռչնագրիպը չանցնի Արաքսն ու չմտնի երկիր:

Մեր կյանքը «չհարստանա» զանազան մանրումեծ աստվածներով եւ աստվածիկներով, «բարեգործներով» եւ տեղական նշանակության կուռքերով, որոնք պարզապես ուզում են փոխարինել պետությանն ու պետական կառույցներին. Աստված (միակը) ազատի փանջունիներից, «տերն ապրած կենա»-ներից եւ մեզ հիմարի տեղ դնող թագավորիկներից:

Կուսակցական պոպուլիզմը չանցնի ամեն սահման ու կուլ չտա մեզ` կեղտոտ եւ մաքուր սպիտակեղենը խառնելով իրար:

Չստեղծվեն հինգմարդանոց թայֆա-կուսակցություններ` ընտրողին «հարիֆացնելու» եւ պարունակությունը նոր պարկ տեղափոխելու զորաշարժերով` էս ժողովուրդը մեղք է կրկին խաբվելու համար:

Ընդդիմությունը չշարունակի հանրաքվեի թմբուկը խփել (գնացքն արդեն անցել է հարկավոր կայարանը), այլ խելքը գլուխը հավաքի եւ խելամիտ բան հակադրի իշխող եղբայրությանը` տիեզերակարգը կանգուն է հակակշիռ օրենքներով:

Իշխանությունը թոզ չփչի մարդկանց աչքերին եւ սոցիալական խնդիրների իրական լուծում գտնի, քանզի հայ մարդը եւս իրավունք ունի իր հիմնական կարիքները հոգացող կենսաթոշակ եւ նվազագույն աշխատավարձ ունենալու:

Մեր փողատերերը, պաշտոնյաների հարաճուն օժանդակությամբ, չշարունակեն Երեւանի երեսից իսպառ վերացնել բոլոր ծառերը` իրենց քարե անճաշակության հուշարձանները կանգնեցնելով:

Հայաստանում տեղական ինքնակառավարում անվան տակ չշարունակվի նախնադարյան համայնական կարգերի հաստատումը` «սա ինձ, էն մեկը` քեզ» սկզբունքով:

Բուզանդի փողոցի վերջին մոհիկանները չշարունակեն նստացույց ու հացադուլ` նրանց խելամիտ լուծում առաջարկվի:

Շատ լավ փաստաբան Վահե Գրիգորյանը չշարունակի իր ամիսները գլորել մեկուսարանում, այլ դուրս գա եւ զանազան կիսագրագետների փոխարեն զբաղեցնի իր արժանի տեղը մեր երկրի կայացման գործում:

Մարդիկ չշարունակեն հայհոյել ավտոտեսուչներին, բայց ձեռքը տանել սեփական գրպանը` հագուրդ տալով «գայըշնիկային» պահանջատիրությանը:

Մեր նախարարներն ու պաշտոնյաները չշարունակեն խոսել պետության կայացումից, բայց գործեն միայն ի շահ իրենց ընտանիքի եւ շրջապատի կայացման:

Լարիսա Ալավերդյանի տեղը չզբաղեցնի մի բոցավառ պոպուլիստ:

Մրցանակ շնորհող եւ դրամաշնորհ հատկացնող կազմակերպությունները չշարունակեն իրենք իրենց մրցանակ եւ «գրանտ» շնորհել` էշի տեղ դնելով հասարակությանը, եթե այդպիսին գոյություն ունի:

Կավատի եւ մսագործի արտաքինով կիսագրագետ մարդիկ հեռուստաէկրաններից չշարունակեն տառասխալներով եւ մտքի սխալներով «դասեր վարել», «կլիպեր առաջարկել», «տեսնցվել» եւ «կրեմով քսնցվել», «ուիքենդ» եւ «սյուռպռիզ» անել` ժողովրդի ուսյալ հատվածին թունավորելով:

Գրողները եւ արվեստագետները վիզ չծռեն պաշտոնյաների առաջ, այլ դառնան երկրի խիղճը` վերեւներին ստիպելով ճանաչել իրենց տեղն այս երկրի եւ ժողովրդի ծառայի դերում:

Արցախի հարցը չմտնի փակուղի` հերթական «դրական առաջընթացը» գրանցելով:

Վաճառողները չխաբեն, դատավորները քաղաքական գործեր «չթխեն» եւ կաշառք չվերցնեն, ուսանողները մի ձեթով ստուգարք չստանան, երեսուն արծաթն իր սեւ գործը չանի, մարդիկ չկորցնեն խիղճն ու ամոթը, մամուլը չդառնա պատվեր կատարող եւ լրագրողը` առուվաճառքի առարկա, ուսուցիչներն առիթ-անառիթ դպրոցում դրամահավաք չանեն, երիտասարդ մարդիկ չլքեն երկիրը, կեղծիքն ու սուտը չկպչեն մեզնից եւ մեզ հետ ճամփա չգնան, Աստված չզրկի հայերիս խելքից, ողջամտությունից, նախասկզբնական ծանրակշռությունից` «լավ» հարեւանի, վատ բարեկամի, տեղական փրկիչների, ծպեղների, փուչիկների եւ օդամղիչների ջգրու: Ամեն:

Հ.Գ. Իհարկե, հասկանում եմ, որ հարկավոր է իրատեսական կենացներ առաջարկել, բայց կենացը հենց այն բանով է կենաց, որ բարի ցանկություն է միայն եւ համարյա չի իրականանում: Ո՛ղջ եղեք եւ բարի նոր տարի:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4