«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2005-12-27 | #238, 2005-12-28 | #1, 2006-01-10


ՄՐՑԱՇՐՋԱՆ-2005-Ի ՀԱՂԹԱԿԱՆ ԱԿՆԹԱՐԹՆԵՐԸ

Թող 2006 թ. նորանոր նվաճումների տարի լինի

Իր իրավունքների մեջ է մտել մրցաշրջան-2006-ը, որը հարուստ է մարզական իրադարձություններով: Անշուշտ մարզական նոր տարվա գլխավոր իրադարձություններն են փետրվարին Թուրինում կայանալիք ձմեռային 20-րդ օլիմպիական խաղերը եւ հունիսին Գերմանիայում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի 18-րդ առաջնությունը: Նոր մրցաշրջանի մեկնարկին եկեք մի հետադարձ հայացք նետենք նախորդ տարվան, որը հագեցած էր նաեւ Հայաստանի մարզիկների համար, որոնք մի շարք մարզաձեւերից մասնակցեցին աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին, միջազգային խոշոր մրցաշարերին: Մրցաշրջան-2005-ն ուրախության եւ հպարտության քիչ պահեր չպարգեւեց հայ մարզասերներին: Եղան ակնառու հաջողություններ, եղան նաեւ ձախողումներ, ինչն անխուսափելի է սպորտում: Ընդհանուր առմամբ մեր մարզիկները միջազգային տարբեր մրցասպարեզներից տուն են վերադարձել 89 մեդալով: Հանրագումարի բերելով մրցաշրջանի արդյունքները, եկեք վերհիշենք հայ մարզիկների հաղթական ակնթարթները:

Հայկական շախմատի փառահեղ նվաճումները

Վերջին տարիներին հայ շախմատիստներն իրենց անզուգական խաղով ու բարձր նվաճումներով ապացուցում են, որ իրոք Հայաստանն աշխարհի ամենահզոր շախմատային պետությունների շարքին է դասվում: Ավարտվող տարին էլ «բերքառատ» էր հայ շախմատիստների համար: Եվ բնավ էլ պատահական չէ, որ արդեն 3-րդ տարին է, ինչ տարվա լավագույն մարզիկ է ճանաչվում շախմատիստը:

Ինչ խոսք, Լեւոն Արոնյանի կողմից շախմատի աշխարհի գավաթի նվաճումն ավարտվող մրցաշրջանում հայ մարզիկների շրջանում ամենանշանակալից հաջողությունն էր: Խանտի Մանսիյսկում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Արոնյանն իրեն պարզապես գերազանց դրսեւորեցՙ փայլուն մրցելույթներով արժանի նվաճման հասնելով: Կատակ բան չէ 128 մասնակիցների միջեւ նոկաուտ համակարգով անցկացված մրցաշարում, երբ ցանկացած աննշան վրիպում կարող էր ճակատագրական դառնալ ու շախմատիստին դուրս մղել հետագա պայքարից, հաջողությամբ հաղթահարել բոլոր 7 փուլերի արգելքներըՙ մնալով անպարտելի ու ճանաչվել ուժեղագույնը: Լեւոնն իրեն լավագույն կողմերով դրսեւորեցՙ 18 պարտիաներից 10-ն ավարտելով հաղթանակով, 8-ում խաղաղ դաշն կնքելով:

Աշխարհի գավաթակրի կոչմանը նախորդել էին հաջող մրցելույթներ Եվրոպայի անհատական առաջնությունում, որտեղ Լեւոնը դարձել էր բրոնզե մրցանակակիր: Մեծ էր Արոնյանի ներդրումը նաեւ Տոմսկի համանուն թիմի հաջողությունում, որը նախ նվաճեց ՌԴ ակումբային առաջնության չեմպիոնի տիտղոսը, ապա եւ Եվրոպայի չեմպիոնների գավաթը: Արոնյանը հաջող հանդես եկավ նաեւ Ստեփանակերտի ու Մայնցի միջազգային մրցաշարերումՙ դառնալով հաղթող:

Հաջող էր նաեւ շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի ելույթը, որը 3-րդ անգամ անընդմեջ աշխարհի թիմային առաջնության բրոնզե մրցանակակիր դարձավ: Մեր հավաքականի կազմում հաջողությանը նպաստեցին Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանը, Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանն ու Աշոտ Անաստասյանը: Եվ պատահական չէ, որ մարզական լրագրողները միաձայն Լեւոն Արոնյանին ճանաչեցին 2005 թ. Հայաստանի լավագույն մարզիկ, իսկ տարվա լավագույն թիմի մրցանակին արժանացրին շախմատի հանրապետության տղամարդկանց հավաքականին:

Մեդալների ավարը հարուստ չէր

Օլիմպիական մարզաձեւերից մեծահասակների մրցումներում հայ մարզիկների մեդալների ավարն այնքան էլ հարուստ չէր: Նրանցից եւ ոչ մեկին այս անգամ չհաջողվեց աշխարհի չեմպիոն հռչակվել: Անշուշտ հիշատակության է արժանի բռնցքամարտիկ Արտակ Մալումյանը, որն աշխարհի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր: Սամբոյի աշխարհի առաջնությունից արծաթե մեդալներով տուն վերադարձան Լաերտ Ավագյանն ու Աշոտ Դանիելյանը, իսկ ազատ ոճի ըմբիշ Մարտին Բերբերյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Եվրոպայի առաջնություններում մեր մարզիկների ելույթներն ավելի հաջող էին: Հրազդանցի ձյուդոյիստ Արմեն Նազարյանը գերազանց մրցելույթներ ունեցավ Եվրոպայի առաջնությունում: Հաղթելով իր բոլոր մրցակիցներին, Նազարյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Գովեստի է արժանի նաեւ հունահռոմեական ոճի ընբիշ Մովսես Կարապետյանը: Նա եւս վստահ անցկացրեց գոտեմարտերը Եվրոպայի առաջնությունում եւ կանգնեց պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին: Նրա թիմակից Ռոման Ամոյանը տուն վերադարձավ արծաթե մեդալով:

Վերջին տարիներին մարզասերներին ավելի շատ հիասթափեցնում, քան ուրախացնում են հենակետային մարզաձեւերից մեկիՙ ծանրամարտի ներկայացուցիչները: Աշխարհի առաջնությունում մեր ծանրորդները կրկին մնացին առանց մեդալների: Ճիշտ է, մինչ այդ Արսեն Մելիքյանն ու Աշոտ Դանիելյանը բրոնզե մեդալների էին արժանացել Եվրոպայի առաջնությունում:

Տարին հաջող էր մեր ամենափորձառու հրաձիգ, Աթենքի օլիմպիական խաղերի մասնակից Նորայր Բախտամյանի համար: Նա Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ նվաճեց: Մրցաշրջանը հաջող էր ձմեռային մարզաձեւիՙ գեղասահքի ներկայացուցիչների հանար: Անաստասիա Գրեբյոնկինա- Վազգեն Ազրոյան պարային զույգը հաջող մրցելույթների շնորհիվ հաջորդ տարվա փետրվարին Թուրինում կայանալիք ձմեռային օլիմպիադայի ուղեգիր նվաճեցին: Ճապոնիայում կայացած գեղասահքի Գրան պրիի խաղարկությունում մեր մարզիկներն արժանացան բրոնզե պարգեւների:

Հայ մարզասերներին ուրախության եւ բերկրանքի պահեր պարգեւեցին ներկայում արտերկրներում բնակվող մեր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները: Վախթանգ Դարչինյանն ու Արթուր Աբրահամը մեկ անգամ եւս հաստատեցին իրենց բարձր կարգըՙ շարունակելով կաշվե ձեռնոցի հայ վարպետների լավագույն ավանդույթները: Ավստրալիայում բնակվող Վախթանգ Դարչինյանը հաջողությամբ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը, իսկ Արթուր Աբրահամն առաջին անգամ նվաճեց միջին քաշում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Պարզերես արեցին միայն պատանիները

Մրցաշրջան-2005-ն առանձնակի ուրախություն չպատճառեց հայ ֆուտբոլասերներին: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցափուլում Հայաստանի ազգային հավաքականն անփառունակ ելույթներ ունեցավՙ խմբում գրավելով նախավերջին տեղը: Ընտրական մրցաշարի մեկնարկը ձախողած Բեռնար Կազոնիին փոխարինած Հենկ Վիսմանին էլ չհաջողվեց շտկել դրությունը եւ որոշակիորեն փոխել հավաքականի «դեմքը»: Ոչնչով աչքի չընկավ նաեւ երիտասարդական հավաքականը, որը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում եզրափակեց խմբի մրցաշարային աղյուսակը:

Միակ ուրախությունը ֆուտբոլասերներին պարգեւեց մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը: Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ մեր պատանի ֆուտբոլիստները գերազանց մրցելույթներ ունեցան Եվրոպայի առաջնության ընտրական երկու մրցափուլերում եւ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ իրավունք ստացան մասնակցելու եզրափակիչ փուլին: Թեեւ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում չհաջողվեց մրցանակակիր դառնալ, սակայն ընդհանուր առմամբ արդյունքները պետք է գոհացուցիչ համարել: Ցավոք, հաջողությունը կրկնել չհաջողվեց: Մեր մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականները Եվրոպայի հաջորդ առաջնության ընտրական մրցաշարի առաջին իսկ փուլից դուրս մնացին պայքարից:

Մեր ակումբների մրցելույթներն էլ միջազգային մրցասպարեզում հաջող չէին: Թերեւս կարելի է նշել «Բանանցին», որն առաջին անգամ հաղթահարեց ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության նախնական փուլը: Ինչ վերաբերում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությանը, ապա դրա նկատմամբ ֆուտբոլասերների հետաքրքրասիրությունը հետզհետե մարում է: Թիմերի ոչ կայուն ֆինանսական վիճակը, ցածր խաղամակարդակը, ֆուտբոլիստների վարպետության պակասն առայժմ հնարավորություն չեն տալիս բարձր մակարդակի խաղ ցուցադրել, ինչը մարզադաշտ կձգի ֆուտբոլասերներին: Ավարտված առաջնությունում, իհարկե եղան առանձին հանդիպումներ, որոնք աչքի ընկան պայքարի լարվածությամբ: Վարպետ խաղով էլ առանձնացան որոշ ֆուտբոլիստներ: Սակայն դա շատ քիչ է հայկական ֆուտբոլում առաջընթաց գրանցելու համար:

Ավարտելով անցնող տարվա մարզական արդյունքների ամփոփումը, «Ազգի» մարզական բաժինը մաղթում է, որ մրցաշրջան-2006-ը հայ մարզիկների համար նորանոր նվաճումների, ավելի ծանրակշիռ հաղթանակների տարի դառնա:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4