«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2005-12-27 | #238, 2005-12-28 | #1, 2006-01-10


ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱԺԻՆԸ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՄԵՋ ԿՆՎԱԶԻ ԱՌՆՎԱԶՆ 20 ՏՈԿՈՍՈՎ

Ինչ տվեց անցած տարին ոռոգման եւ խմելու ջրի համակարգերին

Ոռոգման համակարգի խնդիրներին անցած տարվա ընթացքում բազմիցս ենք անդրադարձել: Այս ոլորտում իրականացված ծրագրերն ամփոփելու եւ կատարվածի մանրամասներին տեղեկանալու նպատակով հարցազրույցի հրավիրեցինք Համաշխարհային բանկի ջրային տնտեսության բարեփոխումների եւ զարգացման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանին:

Մարմարիկի ջրամբարը կվերականգնվի փլուզվելուց 30 տարի անց

Ջրամբարների անվտանգության ծրագիրն, ըստ էության, մոտեցել է ավարտին: Այս ծրագրով տնտեսվել է մոտ 10 մլն դոլար, որի շնորհիվ կվերականգնվի Մարմարիկի ջրամբարը: Ադիբեկ Ղազարյանը հիշեցրեց, որ ջրամբարը փլուզվել է 30 տարի առաջ, եւ այս տարիներին միջոցներ չէին գտնվում վերականգնելու համար: Ջրամբարի կառուցման նախագծային աշխատանքներն ավարտվել են, շինարարության մրցույթ է հայտարարվել: Նրա կառուցումով ջրամբարների ծրագիրը կավարտվի:

Եղեգնաձորի ջրատարի շնորհիվ տարեկան կխնայվի մոտ 2 մլն դոլար

Համաշխարհային բանկի կողմից ոռոգման համակարգերի զարգացմանը տրամադրված վարկային ծրագրի ընդհանուր արժեքը 30 մլն դոլար է, որը պետք է ավարտվի 2007 թ.-ին: Այս ծրագիրն, ըստ գրասենյակի տնօրենի, ամենալուրջն ու բարդն է: Երբ 2001 թ. ավարտվեց ոռոգման համակարգերի անվտանգության ծրագիրը, դրա շարունակման հարցն առաջացավ: Այն ժամանակ, փաստորեն, վերականգնվել էին համակարգի վթարային մասերը, բայց ընդհանուր վիճակն անմխիթար էր մնացել: Համակարգի ամբողջական վերականգնման համար, համաձայն մասնագետների գնահատականների, մոտ 800 մլն դոլար էր անհրաժեշտ: Այստեղ կարեւորվում էր ջրի ինքնարժեքի իջեցման գաղափարը, նպատակ ունենալով գյուղացուն հնարավորինս էժան, որակով եւ անհրաժեշտ քանակի ջուր մատակարարելը: Այս ծրագրի արժեքը 115 մլն դոլար էր, բայց նման մեծ չափաքանակներ Հայաստանի նման փոքր երկրին ՀԲ-ն մեկ ծրագրի համար, ըստ Ադիբեկ Ղազարյանի, չէր հատկացնի: Այդուհանդերձ, 30 մլն դոլար հատկացվեց:

Ծրագրի հիմնական ուղղություններից առաջինը ինքնահոս նոր ջրատարներ կառուցելն է, որը կբերի պոմպակայանները շահագործումից հանելու եւ լուրջ էներգախնայողության: Այս ծրագրում տնտեսապես հիմնավորվածը եւ ամենալուրջ կառույցը գրասենյակի տնօրենը համարեց Եղեգնաձորի ինքնահոս ջրատարը: Անցած տարի սկսվել է դրա կառուցումը: Շինարարության ավարտից հետո ոռոգվելու է մոտ 5000 հա հող, խնայվելու է մոտ 2 մլն դոլար: Այդ տարածքը ոռոգելու համար Խորհրդային Միության ժամանակ տարեկան ծախսվում էր 37 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա: Եղեգնաձորի ջրատարի կառուցումը կարժենա մոտ 11 մլն դոլար: Դա շահավետ է ոչ միայն տնտեսված էլեկտրաէներգիայի առումով, այլեւ այդ խնայողության հաշվին 5 տարվա ընթացքում կծածկվի կառուցման ծախսը: Պետք է հաշվի առնել, որ ավելանալու է նաեւ ոռոգվող հողերի տարածքը: Ներկայիս 1400 հա-ի փոխարեն ոռոգվելու է 5000 հա: Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ մինչ 2007 թ.-ի ոռոգման սեզոնը սկսվելը ջրատար կկառուցվի: Ծրագրով նախատեսված այս եւ մի շարք նման ինքնահոս ջրատարների կառուցումից հետո ոռոգման ջրի ինքնարժեքի մեջ էլեկտրաէներգիայի բաժինը 65 տոկոսից կնվազի առնվազն 20 կամ ավելի տոկոսով:

Համակարգերը պետք է կառավարեն իրենքՙ ջրօգտագործողները

Սա ծրագրի երկրորդ հիմնական ուղղությունն է եւ բաղադրիչը: Նպատակը պետական ձեռնարկություններից ազատվելն է, քանի որ նրանք այլեւս չէին կարողանում կառավարել համակարգը: Դրանց փոխարեն ստեղծվել են ջրօգտագործողների 54 ընկերություններ (ՋՕԸ): Հայաստանն այստեղ կիրառել է բազմաթիվ երկրների (Իսպանիա, Մեքսիկա, Չինաստան եւ այլն) հաջողված փորձը: Հայաստանում ՋՕԸ-ների ստեղծումն, ըստ գրասենյակի տնօրենի, արդեն արդյունք է տալիս: Մատակարարված ջրի դիմաց գումարների հավաքումը մոտեցել է 3 մլրդ դրամի, իսկ մինչ ընկերությունների ստեղծումը առավելագույնը հավաքվում էր 1-1,4 մլրդ դրամ: Գումարները վճարվում են «Հայփոստի» բաժանմունքներում, որին նույնպես գյուղացիներն աստիճանաբար սովորում են:

Լուրջ անելիքներ կան ոռոգվող հողերի հաշվառման հարցում: Երբ ՋՕԸ-ները սկսեցին գործել, ներկայացվեց, որ ոռոգվող հողերի տարածքը 110 հազար հա է: Այն դեպքում, երբ խորհրդային տարիներին ոռոգվող հողերի տարածքը կազմում էր 220 հազար հա-ից ոչ պակաս: Այսինքն` 110 հազար հա-ի բացահայտման խնդիր կա, որից մոտ 20 հազար հա-ն արդեն դուրս են բերվել ստվերից եւ դրանց սեփականատերերը ընկերությունների հետ կնքել են պայմանագրեր:

ՋՕԸ-ների կայացման համար ներդրումներ պետք է կատարվեն, քանի որ պետական ձեռնարկություններից նրանք շատ քիչ բան են ստացել: Անհրաժեշտ մեքենաներ, մեխանիզմներ, համակարգչային տեխնիկա ստանալու, գրասենյակներ բացելու ուղղությամբ ՀԲ աջակցությամբ աշխատանքներ են տարվում: Ադիբեկ Ղազարյանն այն կարծիքին է, որ եւս 2-3 տարի եւ այստեղ շատ ավելի լուրջ հաջողությունների մասին խոսելու առիթ կլինի: Նա այն կարծիքը հայտնեց, որ 2005 թ.-ը նույնպես բարեփոխումների համար հաջողակ տարի էր: Անցած տարի լուրջ աշխատանքներ կատարվեցին եւ մատնանշվեցին հետագա ուղղությունները:

Ճիշտ կառավարման միջոցով

Ջրային տնտեսության բարեփոխումների եւ զարգացման գրասենյակը հանդես է գալիս որպես «Հայջրմուղկոյուղու» ցանցի խմելու ջրի մատակարարման բարելավման ծրագրի վերահսկող: Մեկ տարի է, ինչ ֆրանսիական «Սաուր» ընկերությունը տնօրինում է այս համակարգը: Լինելով մասնագիտացված եւ այս ոլորտի կառավարման միջազգային հեղինակություն ունեցող ընկերություն, «Սաուրը» միանգամից առաջարկել է կառավարման նոր կառուցվածք եւ 36 մասնաճյուղի փոխարեն ստեղծել 4-ը: Բացի վերոնշյալից, ընկերությունը կազմել է ապօրինի միացումների կրճատման, ճիշտ շահագործման, էլեկտրաէներգիայի կրճատման, ներդրումային եւ այլ ծրագրեր: Մասնավորապես անցած մեկ տարվա ընթացքում ընկերությունը կարողացել է միայն ճիշտ կառավարման միջոցով միջին հաշվով 3 ժամով ավելացնել ջրամատակարարման տեւողությունը: Նշելով, որ դա համամասնորեն չի կատարվել, Ադիբեկ Ղազարյանը հիշատակեց Էջմիածնի օրինակը, որտեղ առանց որեւէ ծախսի, ճիշտ կառավարման շնորհիվ ջրամատակարարումն ավելացել է 5-6 ժամով: Այստեղ նույնպես գրասենյակի տնօրենը հավատացած է, որ ծրագիրը հաջողություն կունենա:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4