Օրերս Վրաստանում մի քանի տասնյակ ընտանի թռչունների մահը տարբեր հարցականների առիթ դարձավ, ընդհուպ թռչնագրիպի ախտորոշմամբ: Ըստ Վրաստանի գյուղատնտեսության նախարար Միխայիլ Սվիմոնիշվիլու, լաբորատոր հետազոտությամբ պարզվել է, որ թռչունները սատկել են ոչ թե թռչնագրիպից, այլ Նյուքասլյան հիվանդությունից: Նախարարը վստահեցրել է, որ Վրաստանում ներկա դրությամբ թռչնագրիպի սպառնալիք չկա:
Թռչնագրիպ չկա, բայց Վրաստանի իշխանությունները նախազգուշական միջոցներ են ձեռնարկում այսպես կոչված թռչնագրիպի տարածման դեմ այն բանից հետո, երբ Թուրքիայում այդ հիվանդությունից մարդկանց մահվան դեպքեր եղան: Վրացական իշխանությունները հայտարարել են, որ ձեռք կբերեն «Տամիֆլու» դեղամիջոցի լրացուցիչ պաշարներ: Իսկ Թուրքիայի հետ սահմանում ուժեղացվել են անվտանգության միջոցները: Բացի այդ, Վրաստանն արգելել է թռչնամսի ներկրումը Թուրքիայից, Ռումինիայից, Բուլղարիայից եւ Ռուսաստանից:
Ա. Հ.