Ամեն տարի Հայաստանի Հանրապետության անկախության տոնի օրերին խորհում ենք, թե ի՞նչ ստացանք մեր անկախությամբ, ինչի՞ հասանք, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք եւ ինչպիսի՞ կորուստներ արձանագրեցինք: Ու քանի մեր անկախության տարեթվերը կլորանում են, այնքան պակասում է ամենահիմնականը` հավատը ապագայի նկատմամբ:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էլ ցույց տվեց, որ քաղաքական աճպարարության կատարելագործումը Հայաստանում ավելի արագ է զարգանում, քան որեւէ այլ ոլորտ:
Ընդդիմադիր դաշտի կեցվածքն ու գործելաոճն էլ ավելի հիասթափեցրին ինչ-որ փոփոխությունների սպասող ժողովրդին: Իշխանություններն էլ օգտվեցին ընդդիմադիրների տակտիկական սխալներից եւ արեցին այն, ինչ կարող էին: Նախագահը շնորհակալություն հայտնեց ժողովրդինՙ կողմ քվեարկելու համար, ընդդիմությունն էլ շնորհակալություն հայտնեց այդ նույն ժողովրդինՙ բոյկոտելու համար: Միջազգային հանրությունն էլ լղոզված գնահատականներ տվեց, քանի որ այդ պահին ավելի գնահատվեցին փոփոխությունները, քան գունավոր եւ անգույն հեղափոխությունները: Ու շրջագիծը այսպիսով փակվեց:
Զարմանալին այս ամենի մեջ նախկին իշխանավորների ակտիվությունն է` ՀՀՇ-ականների, որոնք ոչ միայն սերմանեցին կեղծիքներով ընտրություններ անցկացնելու ավանդույթը, այլեւ արմատավորեցին այն իբրեւ իշխանության պահպանման միակ միջոց: Ողջ քաղաքական դաշտը տարիներ շարունակ սնվեց ու մեծացավ ընտրություն կեղծելու գաղափարախոսությամբ` դա տարածելով նաեւ ժողովրդի ամենալայն զանգվածների մեջ: Ընտրակաշառքը դարձավ իշխանության գալու հիմնական գործիք, ընտրակեղծիքը` հիմնական միջոց: Իշխանական նոր սերունդը, որ նախկին իշխանության օրգանական շարունակությունն էր, բնականաբար չէր կարող չօգտագործել 8 տարիների ուսումնառության դասերը:
Խոսել վեհ գաղափարների, իշխանության հաղթանակի կամ ընդդիմության պարտության մասին, ուղղակի ծիծաղելի է: Հայաստանը վաղուց հատել է այն սահմանագիծը, երբ պետք էր կտրուկ շրջադարձ կատարել եւ դուրս գալ աճպարարությունների շրջապտույտից: Արդեն ոչ գնացքից թռչելը կօգնի, ոչ էլ նույնիսկ երկրի առաջին դեմքի փոփոխությունը: Քաղաքական դաշտն այնպիսի հիվանդության մեջ է, որ տասնամյակներ են անհրաժեշտ խելքի բերելու համար: Իսկ ժամանակը թռչում է: Ու քանի դեռ մեր ժողովրդի ստվար զանգվածի մեջ արմատավորված է տեղայնական բաժանման հոգեբանությունը` ղարաբաղցի, սփյուռքահայ, ապարանցի, երեւանցի կամ գյումրեցի, քանի դեռ միասնականության գաղափարը սավառնում է որպես սոսկ օդում պտտվող հայրենասիրական կոչ, քանի դեռ հայկական իրականությունը ղեկավարում են թաղային հեղինակությունները, կաշառքն ու ամենաթողությունը, քանի դեռ հասարակ մարդու եւ նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանի անձը պաշտպանված չէ պետական չինովնիկների ոտնձգություններից, մեր երկիրը առաջ գնալ չի կարող:
Մեզ համար զարգացման չափանիշ պետք է լինեն ոչ թե մեր հարեւանները, այլ այն երկրները, որոնք կարողացել են հաղթահարել հետկոմունիստական հիվանդությունները եւ թեւակոխել են բոլորովին նոր իրավակարգ: Հասարակությունը պետք է պատրաստ լինի այդ ցատկը կատարելուն: Դրա համար նախեւառաջ պետք է համազգային տեղեկատվական-կրթական լուրջ աշխատանք, ինչը իսպառ բացակայում է: Իսկ նիրհի ու անտարբերության, վախի պայմաններում ոչ մի փոփոխություն չի լինի, որքան էլ գեղեցիկ գաղափարներով սահմանադրություններ ընդունվեն, որքան էլ մեր պարտավորություններն այս կամ այն միջազգային կառույցի առջեւ կատարենք: Կարեւորն այն է, որ մարդիկ պետական շահը չշփոթեն անձնական շահի հետ, եւ հասարակ մարդուն իր տունը կառուցելու, իր այգին մշակելու եւ իր իրավունքները պաշտպանելու պահին չխանգարեն:
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, «Օրեր» ամսագրի խմբագիր, Պրահա (Խմբագրական «Օրերի» 2005 թ. վերջինՙ դեկտեմբերի համարի)