Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ ՀՀ նախագահի հունվարի 4-ի հրամանագրով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կառավարումն իրականացվելու է ստեղծվելիք ժամանակավոր հանձնաժողովով: Այդպիսով, փաստորեն, հունվարի 5-ից կասեցված է մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, կազմալուծված` նրա աշխատակազմի աշխատանքը: Ըստ կասեցված պաշտպանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի երեկ տարածած հաղորդագրության` «Հունվարի 5-ից սկսած ամեն օր խախտվում է ՀՀ սահմանադրության 18-րդ հոդվածը, համաձայն որի յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով ստանալու մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը»: Արդեն նախկին պաշտպանն անհիմն է համարում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կառավարումն իրականացնելու համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը:
Այսօր Լարիսա Ալավերդյանն Աբովյան-3 հասցեում մամլո ասուլիս է հրավիրել եւ հավանաբար, վերը նշվածից բացի, այլ դժգոհություններ եւս կհաղորդի լրագրողներին: Անդրադարձ կարվի նաեւ 2005 թվականի ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտումների մասին տարեկան զեկույցի նախապատրաստմանը եւ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը:
Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ «Ազգային միաբանություն» կուսակցությունը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրելու է «Գերագույն խորհուրդ» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուբեն Թորոսյանին, իսկ «Արդարություն» դաշինքըՙ Վիկտոր Դալլաքյանի շուրթերով ավելի վաղ արդեն հասարակությանը հայտնի էր դարձրել, որ իրենք պաշտպանելու են հենց Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը: Ինչպես տեսնում եք, այդ հարցում եւս ընդդիմության թեւերի կարծիքները բաժանվում են: Շրջանառվում են նաեւ Շավարշ Քոչարյանի, Պարույր Հայրիկյանի, Խոսրով Հարությունյանի, Ռաֆիկ Մխիթարյանի անունները:
Մ. Խ.