«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2005-12-28 | #1, 2006-01-10 | #2, 2006-01-11


«ԲԱՂԴԱԴՈՒՄ ՀԱՑ ՈՒ ԽՈՒՐՄԱ ՈՒՏԵԼՈՎ ԱԼ ԿԱՊՐԻՍ, ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՇԱՏ ՍՈՒՂ Է»

Երկու ամիս առաջ Իրաքից Հայաստան տեղափոխված Կարապետյանների ընտանիքն առաջին անգամ Ամանորը նշում էր հայրենիքում: Ընտանիքի մայրը, տիկին Շուշիկը պատմում է, որ Բաղդադում հայերը հավաքվում էին ակումբում ու Նոր տարին դիմավորում երգով, պարով, խաղով: «Պատերազմեն առաջ շատ ուրախ էր, իսկ պատերազմեն վերջը հավաքույթներ չեղան, ծանոթներն ու բարեկամները տուներուն մեջ կհավաքվեին ու միասին կտոնեին Նոր տարին: Աս առաջին տարին է, որ եկանք Հայաստան: Այնտեղ մենք շատ չոր ճաշեր կպատրաստեինք, ավելի շատ միրգ եւ անուշեղեն կառնեինք, չիր ու չամիչով ճոխ սեղան կպատրաստեինք: Մսեղեն շատ քիչ կդնեինք, իսկ առաջինը անուշապուր կուտեինք, որ ամբողջ տարին անուշ անցներ: Երեխաներին Կաղանդ պապա կընեինք, նվերներ կբաժնեինք, ուրախ կանցկացնեինք: Չենք գիտեր, հոս ինչպես կնշեն Նոր տարին», պատմում էր նա նոր տարվա նախօրեին:

Այս ընտանիքը Հայաստան է եկել Լոս Անջելեսի «Իրաքահայերի օգնության հիմնադրամի» աջակցությամբ, որն իր վրա է վերցրել նրանց տան վարձի ծախսերը: Տիկին Շուշանիկն ապրում է կրտսեր դստեր, հարսի եւ երեք թոռների հետ: Որդին այժմ Հորդանանում է, նրան այնտեղ է պահում Հայաստանում աշխատանք գտնելու դժվարությունը: Ընտանիքի անդամներից ոչ ոք չի աշխատում: Ավագ թոռն այս տարի չկարողացավ ընդունվել համալսարան, քանի որ ընդունելության քննությունների ժամկետն արդեն անցել էր, հիմա աշխատանք է փնտրում, բայց առայժմ ոչինչ չի գտել: Լավ է, որ նրանց կողքին է արդեն չորս տարի Հայաստանում ապրող ավագ դուստրը: «Համեստ սեղան մը կդնենք ու միասին կուրախանանք, կարեւորը մարդու սիրտը ուրախ ըլլա, անպայման չէ սեղանը ճոխ լեցնել: Հարկավ, այստեղ չպիտի կարողանան իրենց ուզածը գնել, որովհետեւ շուկան շատ սուղ էՙ միրգը, մսեղենը, ամեն ինչ: Իրենք իրենց հետ բերած գումարը կծախսեն ու չեն գիտեր 1 տարի անց ինչ պիտի ընեն, պիտի կրնա՞ն մնալ, թե չէ», ասում է դուստրը: Նրանց համար ներկա պահին ամենակարեւորը կյանքի ապահովության զգացումն է, ինչից զրկված էին Բաղդադում, ուր պատերազմից ի վեր ապրում էին մահվան վախը սրտներում: «Հայաստանի կյանքն աղվոր է, ապահովություն կա, մտքերնիս հանգիստ է, միայն ափսոս, որ սղություն է ու գործ չկա: Հոս մնաս նե, շատ լավ է, նայինք, թե ամուսինիս հարմար գործ կգտնա՞մ, կրնա՞մ ապրիլ, թե ոչ, չեմ գիտեր», նշում է ընտանիքի հարսըՙ Սեդա Կարապետյանը:

Երեւանյան գների թանկությամբ միայն չեն սահմանափակվում իրաքահայերի դժվարությունները, պակաս մտահոգիչ չէ լեզվի խնդիրը: Երեւանցիների բանավոր խոսքը դժվարամատչելի է հատկապես մեծահասակներին, այդ առումով դպրոցականներն ավելի արագ են իրենց հասակակիցներին ըմբռնում ու վարժվում նոր միջավայրին: Ընտանիքում կան 2 դպրոցականներ, նրանք սովորում են թիվ 63 դպրոցում: Պետրոսը 6-րդ դասարանում է սովորում եւ իր ասելով արդեն լավ հասկանում է ընկերների խոսքը. «Բան մը չկա, ամեն բան կհասկնամ, օրիորդները (ուսուցչուհիները) կօգնեն, հորքուրս կօգնե», ուրախ-ուրախ ասում է Պետրոսը: Իսկ որտե՞ղ է ավելի լավ, Բաղդադի դպրոցում, թե՞ Երեւանի. «Եթե դաս չսովորես, այնտեղ օրիորդները կծեծեն, այստեղՙ ոչ: Այստեղ բոլոր ընկերներս հայ են, վախ չկա, կռվում ենք, խաղում»:

Ու որքան էլ ապահով է կյանքը Հայաստանում, նրանք կարոտով են հիշում մինչպատերազմյան Իրաքի լի ու ճոխ կյանքը. «Բաղդադում հաց ու խուրմա ուտելով ալ կապրիս, հոս ամեն ինչ շատ սուղ է», ափսոսանքով ասում է տիկին Շուշանիկը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4